Այն, որ ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետությունում իրավիճակը կսրվի` դժվար չէր կանխատեսել: Անցյալ շաբաթ այստեղ տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ, ինչպես ցույց է տալիս վրաց-աբխազական հետպատերազմական հարաբերությունների փորձը, ընտրություններից առաջ եւ հետո հակամարտության գոտում իրավիճակը դառնում է գրեթե անվերահսկելի:
Ահա հիմա էլ լույս երկուշաբթի գիշերը հանրապետությունում անհանգիստ վիճակ էր: Ըստ վրացական աղբյուրների` Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան են թռել երկու ուղղաթիռ: Նրանք 40 րոպե կրակել են Կոդորի կիրճի գյուղերի ուղղությամբ` Աբխազիայի միակ շրջանի, որը գտնվում է Վրաստանի վերահսկողության տակ: Բոլորովին վերջերս Վրաստանի իշխանություններն այնտեղ հակաքրեական գործողություններ էին իրականացրել եւ դուրս մղել նախագահ Էմզար Կվիցիանիի լիազոր ներկայացուցչին, որը հրաժարվել էր նրանց ենթարկվել: Այն, որ Կոդորի կիրճ են մտցվել ոստիկանական եւ ռազմական ուժեր, ահավոր դուր չէր գալիս Սուխումիին եւ Մոսկվային. լրացուցիչ ուժեր մտցնելով խախտվել էր հակամարտության գոտու ապառազմականացման մասին պայմանագիրը: Սակայն ակտիվ հակագործողություններից աբխազական կողմը հրաժարվեց` չցանկանալով ավելի սրել իրավիճակը:
Եվ հիմա Սուխումին հերքում է Թբիլիսիի մեղադրանքները, թե իբր ռմբակոծություն է եղել: Ինքնահռչակ հանրապետության նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարեց, թե հստակ տեղեկություններ չունի Կոդորի կիրճում կատարվածի մասին: «Միայն կարող եմ ասել, որ Աբխազիայի զինված ուժերը ոչ մի կրակոց չեն արձակել, եւ մեր ուղղաթիռները ոչ մի թռիչք չեն իրականացրել»,- ասաց նա: Նրա խոսքերով` Կոդորի կիրճ են ժամանելու միջազգային դիտորդներ եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, որոնք էլ կտան կատարվածի գնահատականը:
Կրակոցների մասին լուրերը հերքում է նաեւ ռուսական կողմը: «Տվյալ տարածաշրջանում ՌԴ Ռազմաօդային ուժերի ո՛չ ինքնաթիռները, ո՛չ ուղղաթիռներն այդ գիշեր ոչ մի թռիչք չեն իրականացրել»,- հայտարարեց ՌԴ ՌՕՈՒ գլխավոր հրամանատարի օգնական Ալեքսանդր Դրոբիշեւսկին:
Այս պատմությունը հիշեցնում է այն, ինչ մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել Պանկիսի կիրճում, որտեղ գտնվում էին Չեչնիայից փախստականները, իսկ նրանց հետ, ինչպես հետո պարզվեց, նաեւ՝ Ռուսլան Գիլաեւի զինյալները: Այն ժամանակ կիրճը պարբերաբար ռմբակոծվում էր «ՉԹՕ»-ների կողմից: ՌԴ ՊՆ ամենատարբեր աստիճան ունեցող պաշտոնյաները հերքում էին Թբիլիսիի կողմից հնչող բոլոր մեղադրանքները, Պանկիսի կիրճում ռմբակոծության հետքերը մնում էին, իսկ Վրաստանի Պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն, պատասխանելով ռուսական ուղղաթիռներն ու ինքնաթիռները խփելու եւ դրանք իբրեւ ապացույց ներկայացնելու առաջարկներին, շփոթահար ասում էր. «Հո պարսատիկով չե՞նք խփելու դրանք»:
Այժմ Թբիլիսիում ասում են, որ ռմբակոծությունների անհերքելի ապացույցներ ունեն. որոշ շինություններ տուժել են: Բայց հնարավո՞ր է արդյոք պատերի մեջ խրված բեկորներով ապացուցել, որ Ռուսաստանը կամ Աբխազիան մասնակից են այդ սադրանքին: Ամեն դեպքում բացարձակ վստահ կարելի է փաստել ռուս-վրացական հարաբերությունների նոր սրացումը: Եվ մի այսպիսի օրինաչափություն է նաեւ նկատվում. հենց որ ռուս-վրացական հարաբերությունները թեկուզ աննշան լավանում են, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին վերածվում է «նյուս-մեյքերի», որը «լույս աշխարհ է հանում» Մոսկվայի բացասական գործողությունների մասին տեղեկությունները: Այս անգամ էլ նա առաջիններից մեկն էր, որ հայտնեց Կոդորի կիրճը ռմբակոծած ռուսական ուղղաթիռների մասին: «Բարեբախտաբար զոհեր չեն եղել»,- ասաց նա:
Պարզվեց, որ զոհեր, այնուամենայնիվ, եղել են: Կոդորի կիրճի ուղղությամբ ուղարկվել է Վրաստանի ՌՕՈՒ ուղղաթիռը, որը, սակայն, նպատակակետին չի հասել` վայր ընկնելով հայտնի Բազալտի լճի մոտակայքում: «Վթարի պատճառը ենթադրաբար եղանակային դժվարին պայմաններն են եղել»,- լրագրողներին հայտարարեց ՊՆ փոխնախարար Լեւան Նիկոլեիշվիլին: Նրա խոսքերով` Վրաստանի զինված ուժերը բերված են զորանոցային դրության: