Նախընտրական պայքարի ամենամոդայիկ թեմաների շուրջ

14/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Ակնհայտ է, որ մեր պետության եւ ժողովրդի հետագա ճակատագրերում այս տարվա խորհրդարանական ընտրություններն ավելի մեծ նշանակություն են ունենալու, քան նույնիսկ հաջորդ տարվա նախագահական ընտրությունները, հատկապես նոր սահմանադրության գործառնության շրջանակներում:

Ուստի առավել մեծ ուշադրություն պահանջող խորհրդարանական ընտրությունները ենթադրում են նաեւ նախընտրական ծրագրերի եւ դրանցից բխող հետագա գործողությունների նկատմամբ խիստ պատասխանատու մոտեցում՝ ինչպես քաղաքական գործիչների եւ կուսակցությունների, այնպես էլ մնացած քաղաքացիների կողմից: Ավելին` ընտրողի վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ նա է, ի վերջո, ձեւավորում խորհրդարանը: Ընտրվելու հայտ կարող է ներկայացնել, մեղմ ասած, ով ասես, բայց մենք իրավունք չունենք ընտրելու «ում ասես»:

Հարկ է նկատել, որ ընտրությունների կազմակերպման մեծ փորձ ունեցող երկրներում վաղուց հայտնի է, որ ընտրում են ոչ թե կոնկրետ անձին կամ կուսակցությանը, այլ այդ անձի կամ կուսակցության գաղափարական հենքը, որն էլ հետագայում դառնալու է համազգային զարգացման ծրագիր եւ հեռանկար: Այսինքն, ընտրողը պետք է հստակ գիտակցի, որ ինքն է անհատապես պատասխանատու իր ընտրության եւ, հետեւաբար, երկրի ապագայի ընտրության համար, եւ պահանջի, որ քաղաքական ուժերի ծրագրերը լինեն գաղափարապես ավելի հիմավորված, ինչը հնարավորություն կտա ընտրել ոչ թե մարդկանցից ամենամտերմին, այլ գաղափարներից ամենաարդարն ու հեռանկարայինը:

Այսինքն, պետք է փոխել հարցադրումը` ոչ թե «ո՞ւմ» ընտրենք, այլ «ի՞նչ» ենք ընտրում` ժառանգական պաշտոնյա՞, հարեւան-բարեկա՞մ, հին ընկերությո՞ւն, թե՞, վերջապես, իրավական եւ բարեկեցիկ կյանք: Ընտրողն իրավունք չունի չհարցնելու ինքն իրեն, թե ինչպես է այդ ընտրությունն անդրադառնալու բոլորի կացությանը: Ընտրությունների տրամաբանությունից է բխում, որ ինքը` ընտրողը, նախընտրական ժամանակահատվածում պետք է ուշադիր լինի կուսակցությունների եւ անհատների նախեւառաջ գաղափարաբանական շեշտադրումներին: Ընտրողը պետք է կարողանա տեսնել, թե որքան է այս կամ այն թեկնածուի հայտնվելն օրենսդիր մարմնում համատեղելի երկրի ապագան կերտելու պատասխանատու աշխատանքի հետ, թե որքան են համընկնում նրա խոսքերն ու գործերը:

Սակայն այս ամենի մասին հասարակությունը կարող է դատել առավելապես նախընտրական ելույթներից, բանավեճերից եւ հարցազրույցներից, որոնցում, ուշադիր լինելու դեպքում, կարելի է արձանագրել հետեւյալ հիմնական միտումները.

1. Դեմոկրատական չափանիշներին համապատասխան ընտրություններ.

Մերօրյա իրողությունն այն է, որ բոլոր քաղաքական ուժերը բարձրաձայնում են խորհրդարանական ընտրությունները եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտության մասին: Իսկ պատմական իրողությունն այն է, որ Հայաստանի նման նորանկախ պետություններում ժողովրդավարության հաստատման ամենահավանական եւ ամենակարճ տարբերակը հակաժողովրդավարական է, այն է` հեղափոխություն, ի տարբերություն եվրոպական երկրների, որոնք ժողովրդավարությանը հասել են հարյուրամյակներ տեւած փորձությունների (այդ թվում նաեւ` հեղափոխությունների) արդյունքում: Ի ուրախություն հայերիս, հեղափոխության կոչեր, կարծես թե, վերջին շրջանում չեն հնչում:

Մի տեսակ պարադոքսալ իրավիճակ է ստացվում. մենք ազգովի ուզում ենք դեմոկրատական հասարակարգ, որին հասնելու ամենակարճ ճանապարհը հեղափոխությունն է, բայց չենք գնում դրան, որովհետեւ հեղափոխությունը հակադեմոկրատական երեւույթ է: Հարց է առաջանում. ո՞ւմ համար են այս ընտրությունները` հայերի՞ս, որ իրավունք ունենք ընտրելու մեր ապագան այս երկրում եւ պարտավոր ենք դա անել ամենայն պատասխանատվությամբ, իշխանությունների՞, որոնց համար ընտրությունները լոկ վերարտադրվելու եղանակ են, թե՞ եվրոպական դիտորդական առաքելությունների, որոնք իրենց, այլ ոչ թե մեր կենսագրության մեջ կգրանցեն «արդար» ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մասին եւս մի կետ: Սկզբունքային հարց է, որի ամենաճիշտ պատասխանը կտա, թերեւս, ժամանակը…

2. Փոխադարձ մեղադրանքներ եւ դժգոհություններ.

Քաղաքական գործընթացների այսպիսի միտումը «գրանցվել է» Հայաստանում դեռ տասնամյակներ առաջ եւ շռայլորեն օգտագործվում է՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից: Ընդ որում, մեղադրում են իրար հիմնականում (բայց ոչ միշտ) ոչ այնքան գործնական-գաղափարական, որքան անձնային մակարդակում՝ դա համարելով ժամանակակից հայ քաղաքական գործչի «ամենապատվաբեր» կարողությունը: Նման հնարքից օգտվող եւ սեփական քաղաքական վարկանիշն ուրիշներին փնովելու հաշվին բարձրացնող բոլոր ուժերը պետք է լավ գիտակցեն, որ դրանով նրանք ձեւավորում են հասարակության մի հատվածի քաղաքական «ճաշակն ու մակարդակը», որը վաղը` հաջորդ ընտրություններին, բացասաբար է անդրադառնալու հենց իրենց` այդ քաղաքական ուժերի վրա, որովհետեւ անպայմանորեն կգտնվի իրենցից «ավելի լավ» քննադատող ու բողոքող մեկը: Իսկ ի՞նչ անի հասարակությունը, որին բոլոր լրատվամիջոցներից պարտադրվում է քաղաքական կյանքի նման մակարդակը: Անտեսի՞ ընտրությունները… Թողնի գնա՞… Ոմանք այդպես էլ անում են:

3. Ինքնարդարացում.

Նորից արդարանում են եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության ներկայացուցիչները, այս անգամ արդեն ոչ թե անձնային, այլ գործնական բնագավառում, բայց երկուսն էլ` չարված գործերի համար: Անվիճելի է, որ հատկապես վերջին տարիներին մեծածավալ աշխատանք է իրականացվում սոցիալական կյանքի գրեթե բոլոր մակարդակներում, բայց այդ աշխատանքն արվում է այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ ընտրության ժամանակ արդարանալու անհրաժեշտություն է առաջանում: «Այն ժամանակ ընտրվեցինք` չարեցինք, բայց եթե այս անգամ էլ ընտրեք, անպայման կանենք», լուրջ դեմքերով ասում են քաղաքական որոշ ուժեր, եւ նրանք, ովքեր լուրջ են ընկալում այս խոսքերը, ընտրում են, արդեն որերորդ անգամ…

4. Նպատակն արդարացնում է միջոցները.

Քաղաքագիտական մտքի պատմությունից հայտնի այս դրույթի ամենաաղավաղված դրսեւորումներին մենք ականատես ենք լինելու ավելի հաճախ ընտրությունների օրվան մոտենալու հետ, երբ գնալով կմարեն գաղափարական վեճերը՝ իրենց տեղը զիջելով անձնական հաշվեհարդարներին, եւ երբ բնակչությունը կզգա, թե որքան է ընտրվողը հեռանում իր ընտրողից, եթե սկսում է առաջնորդվել ոչ թե հանրային շահով, այլ անձնային նկատառումներով: Ցավոք, ընտրությունների փորձն է վկայում, որ այս անգամ էլ ականատեսն ենք լինելու կուսակցական դավաճանությունների, քաղաքական վճարովի ելույթների, անիրական խոստումների եւ նույնիսկ պարտադրանքի: Մի զարմացեք, չէ՞ որ Հայաստանում պատգամավոր դառնալն արդարացված է բոլոր` օրինական եւ ոչ օրինական, բարոյական եւ ոչ բարոյական, տեսանելի եւ անտեսանելի եւ այլ միջոցներով: Սակայն լավ կլիներ, որ ժողովուրդն էլ դավաներ «Նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսը եւ նպատակ դներ իր առջեւ՝ այս անգամ ընտրել իր կամքին եւ խղճին համապատասխան՝ դրա համար կիրառելով նույնպես բոլոր միջոցները:

Ակնհայտ է, որ միայն ազգային մակարդակում գաղափարական հասունությունը կարող է ստեղծել հիմքեր քաղաքական մշակույթի եւ ընտրական ավանդույթների ձեւավորման համար, իսկ մերօրյա գործընթացները եւ դրանց վերը նշված միտումները զուրկ են ազգային-քաղաքական եւ հասարակական-գաղափարական բովանդակությունից, հակառակը` հղի են ընտրություններով պայմանավորված բարոյահոգեբանական կարգի նոր ճգնաժամերով եւ ազգային-պետական թերարժեքության բարդույթի խորացումով:

Այն, որ որեւէ ընտրություն, որը կատարվում է պետական մակարդակում եւ ունի համազգային նշանակություն, նախեւառաջ գաղափարական հիմնավորում եւ ազդեցություն ունի, երեւում է հետեւյալ օրինակների վրա: Սահմանադրական հանրաքվեն, որն էլի ընտրություն է, իր հիմքում ունի գլոբալացման դարաշրջանում մեր տեղն ու դերը որոշելու անհրաժեշտության մասին գաղափարական հիմնավորումը: Նախագահական ընտրությունների գաղափարական ենթատեքստն այն է, որ այս դեպքում ընտրվում է պետության եւ ժողովրդի առաջնորդը, նա, ով վայելում է մեծամասնության վստահությունը: Տեղական ինքնակառավարման մարմիններ ընտրելիս մենք առաջնորդվում ենք առավելապես անձնային կարգի գաղափարներով` «այս մեկին մենք ճանաչում ենք, նա ազնիվ է, ունի լավ զավակներ, աշխատասեր է», եւ այլն: Բայց մշտապես առաջնորդվում ենք որոշակի գաղափարներով, որոնք վճռական նշանակություն ունեն:

Իսկ խորհրդարանական ընտրությունների «գաղափարն» այն է, որ այս դեպքում մենք ընտրում ենք այն ուղին, որով զարգանալու է (կամ չի զարգանալու) մեր պետությունը, հետեւաբար եւ՝ մենք: Խորհրդարանի կազմ ընտրելիս զարգացման բազում հնարավորություններից ընտրում ես մեկը` քո երկրի եւ ժողովրդի ներկա վիճակին, հոգեբանական խառնվածքին, ցանկություններին եւ հնարավորություններին ամենահամապատասխանը: Եվ այդ ընտրությունը պետք է պայմանավորված լինի նույնքան պետական եւ ազգային կարգի գաղափարներով: Մարդկանց գաղափարական հասունությունը կարող է պայմանավորված լինել շատ տարբեր հանգամանքներով` ընտանիքով, դաստիարակությամբ, կրթությամբ, աշխատանքի բնույթով եւ այլն: Կյանքի ընթացքում, բնականաբար, մարդիկ նախապատվությունը տալիս են այս կամ այն գաղափարներին, որոնք նրանց մոտ ժամանակի ընթացքում դառնում են գաղափարախոսություն: Եվ նույնքան բնական է, որ կյանքի տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր իրավիճակներում մարդիկ կարողանում են ընտրել եւ իրականացնել այս կամ այն գաղափարը (միտքը, պատկերացումը, սկզբունքը)` որպես իրավիճակին ամենահամապատասխանը:

Ուստի ենթադրվում է, որ ընտրելու իրավունք ստացած մարդիկ պետք է կարողանան կողմնորոշվել եւ ընտրել պետության եւ ազգի համար բարենպաստ գաղափարներ իրականացնողներին, իսկ հակառակ դեպքում` մենք ենք մեղավոր, ոչ թե գաղափարները…