Էստի համեցե՜ք…

14/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Մարտի 3-ին ավարտվեց ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Համամասնական ընտրակարգով պատգամավորական 90 տեղերի մրցապայքարին մասնակցելու հայտ ներկայացրեցին 28 քաղաքական ուժեր՝ 27 կուսակցություններ եւ 1 դաշինք: Ըստ այդմ` ԶԼՄ-ների քննարկման հիմնական թեման այդ ցուցակներն էին եւ նրանցում ներկայացված անձինք: Բնականաբար, մենք չենք կարող զերծ մնալ երկրի համար հիրավի այս «արդիական», «միակ» եւ «վճռորոշ» թեմային անդրադառնալուց:

Այսօր մենք կփորձենք վերլուծել Հայաստանի Հանրապետական եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունների համամասնական ցուցակները:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)

Շատերն էին կարծում, որ այս կուսակցության համամասնական ցուցակը կա՛մ պարզապես չի հերիքելու կուսակցությունում ներգրավված հայտնի ու ազդեցիկ անհատների ներառման համար, կա՛մ էլ ամենաքիչն այն լինելու է 200-250 հոգանոց ցուցակ: Սակայն, ըստ կուսակցության ղեկավարների, կուսակցությունը ցուցակների կազմման գործում ապավինել է մի շարք սկզբունքների, դրանով իսկ, «հաջողությամբ լուծելով» եւ՛ կանխատեսելի նեղացողներին տրվելիք պատասխանի, եւ՛ ցուցակի ծավալների հարցերը. ընդհանուր առմամբ 112 հոգի: Ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում են կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանն ու կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Ցուցակում, օրենքի պահանջին համապատասխան, պահպանվել է կանանց ներգրավվածությունը՝ 17 հոգի կամ ուղիղ 15%-ը: Ի դեպ, վերջիններից 6-ը համայնքի ղեկավարներ են: Ցուցակում ներկայացված անձանց միջին տարիքը 46 է: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա ցուցակում ընդգրկված է մինչեւ 35 տարեկան 15 անձ: Այդ թվում` կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավարը: Ինչպես եւ խոստացվել էր, ցուցակում զգալիորեն պակասել է գործարարների թիվը: Ի դեպ, բացառությամբ կառավարության անդամ նախարարների, ցուցակում գործադիր իշխանությունից ոչ ոք չկա: Չկան ՀՀԿ անդամ Երեւանի քաղաքապետը, մարզպետներն ու փոխնախարարները: Ցուցակում չեն ընդգրկվել նաեւ շատ պատգամավորներ: Փոխարենը՝ 43-53 տեղերում են Երեւան քաղաքի համայնքի ղեկավարները, 66-97-րդ տեղերում՝ մեծամասնական բոլոր այն պատգամավորության թեկնածուները, որոնց առաջադրել եւ պաշտպանում է ՀՀԿ-ն: Ի տարբերություն նախորդ` 2003թ. համամասնական ցուցակի, այս անգամ մեծ տեղ է հատկացված հայրենակցական միություններին ու հասարակական կազմակերպություններին՝ «Երկրապահ կամավորականների միություն», «Արցախ» հայրենակցական միություն, «Աֆղանական պատերազմի վետերանների միավորում», «Վիրահայերի միություն», «Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպություն, «Ազգությունների» երիտասարդական ասոցիացիա, «Ոգու փորձություն կամավորականների միավորում», «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն, «Անկախության բանակ» հասարակական կազմակերպություն: Թերեւս, ամենամեծ անակնկալը Հանրապետականի ցուցակում «Հզոր Հայրենիք» եւ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունների ներկայացվածությունն է, համապատասխանաբար՝ 40-րդ եւ 41-րդ հորիզոնականներում: Ցուցակում զգալի թիվ են կազմում գիտական աստիճան ունեցողները՝ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները: Չեն անտեսվել նաեւ կուսակցության «հնաբնակները»:

Այսպիսով, դատելով ՀՀԿ ներկայացրած ցուցակից՝ կարելի է նկատել, որ չնայած կուսակցությունում հանրությանը հայտնի անհատների պակաս չկա, այնուամենայնիվ, փորձ է արվել հասարակությանը ներկայանալ ոչ թե բազմամարդ, այլ կոնկրետ թիմով: Այս պարագայում, թերեւս, միակ լրացումն ու պատկերի ամբողջացումը կլինի այն ծրագիրը, որ կներկայացնի կուսակցությունը. հաջորդ 5 տարիների անելիքները, այլ ոչ միայն կատարված աշխատանքների հաշվետվություն, ինչից շատ լավ տեղյակ է հասարակությունը:

Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)

Անցած 4 տարիների ընթացքում, փաստորեն, բոլորի համար պարզ դարձավ, որ 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ստեղծված «Արդարություն» դաշինքի միակ իրավահաջորդը ՀԺԿ-ն է: Իսկ դաշինքի մյուս անդամները պարզապես հաջողությամբ օգտագործեցին այդ պահին այս կուսակցության՝ իրականում Կարեն Դեմիրճյանին արտաքինից շատ նման՝ իր որդու հեղինակությունն ու իրենց համար պատգամավորական տեղեր ապահովեցին: Հետագայում վերջիններիս ոչ միայն չէր մտահոգում դաշինքի հեղինակությունն, այլեւ հակառակը, յուրաքանչյուրն ընձեռված հնարավորությունն օգտագործում էր սեփական հեղինակությունն ու կուսակցությունն ամրապնդելու, կայացնելու համար: Եվ պատահական չէ, որ այսօր, դասեր քաղելով ոչ հեռավոր անցյալից, ՀԺԿ-ն ընտրեց ընտրություններին միայնակ մասնակցելու ճանապարհը: Եթե 2003թ. «Արդարություն» դաշինքի ցուցակում ներգրավելու պայքարը ոչնչով չէր զիջում Հանրապետական կուսակցության ցուցակում ներգրավվելու պայքարից, ապա այսօր ՀԺԿ ցուցակը հիմնականում կազմված է կուսակցության անդամներից: Փաստորեն, առաջին անգամ ՀԺԿ-ին հնարավորություն է ընձեռվում չափելու սեփական ուժերը եւ ստանալու կուսակցության հեղինակության իրական պատկերը: Ցուցակն, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրան հաջորդում է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, «Արդարություն» դաշինքի անդամ Ալբերտ Բազեյանը: Շատերի համար սա միգուցե անակնկալ էր, սակայն հաշվի առնելով Ա. Բազեյանի՝ սկզբունքային քաղաքական գործչի համբավը, կարելի է եզրակացնել, որ նա որոշել է հավատարիմ մնալ «Արդարություն» դաշինքի որդեգրած սկզբունքին, միաժամանակ հստակ գնահատելով ընտրություններին միայնակ մասնակցելու սեփական հնարավորությունները: Ցուցակում օրենքով պահպանվել է կանանց ներգրավվածությունը: Դեռ ավելին, 69 հոգանոց ցուցակից 16 կին են կամ մոտ 23%-ը: Փոխարենը՝ բավական մեծ է ցուցակում ներկայացված անձանց միջին տարիքը՝ 53: Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա ցուցակում մինչեւ 35 տարեկան ընդամենը 2 հոգի կա: Ցուցակում գրեթե ամբողջությամբ ներառված է կուսակցության վարչությունը եւ վարչության քաղաքական խորհուրդը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի ՀԺԿ-ական 4 պատգամավորները: Ցուցակի հիմնական մասը քաղաքականության մեջ դեռեւս ոչ մի կերպ իրենց չդրսեւորած անհատներ են՝ գործարար, ուսուցիչ, թոշակառու, տարբեր հիմնարկների, ձեռնարկությունների եւ կազմակերպությունների աշխատողներ: Գուցե սա պայմանավորված է հենց կուսակցության ժողովրդական լինելով։

Հիմքում ունենալով Կարեն Դեմիրճյանի դեռեւս վառ հեղինակությունը, քիչ թե շատ սկզբունքային ընդդիմադիրի կերպարը՝ այսօր, սակայն, ՀԺԿ-ին դեռեւս պակասում է՝ ինչպես գործունեության, այնպես էլ երկրի զարգացման ոչ զգացմունքային, իրատես, 2003թ. նախընտրական ծրագրից էապես տարբերվող ու, որն ավելի կարեւոր է, նոր ծրագիր: Չէ՞ որ այս անգամ ընդդիմադիրները շատ են, ասելիքն էլ՝ հիմնականում նույնը: