«Էական դժգոհություններ չկան»

14/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

– Ի՞նչ սկզբունքով է կազմվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը:

– Ցուցակում ընդգրկված է 112 թեկնածու: Այն կազմելիս հաշվի ենք առել հետեւյալ սկզբունքը. առաջին տասնյակում ընդգրկվել են կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները` նախագահը, խորհրդի նախագահը, տեղակալները, խորհրդի անդամները: Երկրորդ տասնյակում երրորդ գումարման Ազգային ժողովի գործող պատգամավորներն են: Մյուս հատվածը ներկայացնում է նախարարական բլոկը, թեպետ, դեռեւս պարզ չէ՝ ընտրություններից հետո նրանք խորհրդարանո՞ւմ կաշխատեն, թե՞ կրկին գործադիրում: Մեր ցուցակում ընդգրկված են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի ղեկավարներ, երիտասարդներ: Ցուցակում տեղ են գտել նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողները: Բնականաբար, այս ցուցակում ընդգրկվածների մի մասն ընտրություններից հետո կաշխատի գործադիր մարմնում: Կուսակցության ներսում բազմաթիվ ակտիվիստներ ունենք, ովքեր հետագայում եւս կաշխատեն գործադիրում: Ցուցակում չեն ընդգրկվել փոխնախարարներ, մարզպետներ, որովհետեւ նրանք աշխատում են գործադիր մարմնում եւ իրավունք չունեն չարաշահելու իրենց պաշտոնը քարոզչության նպատակով, քանի որ այդ ընթացքում կարող է խաթարվել գործադիրի աշխատանքը:

– Ցուցակը կազմելիս որքանո՞վ է հաշվի առնվել գործչի ազդեցիկ լինելու գործոնը:

– ՀՀԿ ցուցակում չեն ընդգրկվել բազմաթիվ ազդեցիկ մարդիկ, օրինակ, նույն փոխնախարարներն ու մարզպետները: Եվ հետո, բնավ էլ պարտադիր չէ, որ ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներն էլ պատգամավոր դառնան: Օրինակ, Երեւանի քաղաքապետն էլ մեր ցուցակում ընդգրկված չէ: Մենք 1000-ից ավելի ակտիվիստներ ունենք եւ չենք կարող ցուցակն անվերջ երկարացնել:

– Ցուցակը կազմելիս հաշվի առե՞լ եք կուսակցական ակտիվիստների տեսակետները:

– Ցուցակն առաջարկվել եւ քննարկվել է գործադիր մարմնում, սակայն հաստատվել է խորհրդի նիստում: Մինչ ցուցակի հաստատումը մենք գրեթե բոլոր թեկնածուների հետ խոսել ենք: Իհարկե, ցանկացած մարդ իրեն ավելի նախապատվելի դիրքում է ցանկանում տեսնել, եւ կարող են ինչ-ինչ դժգոհություններ ծագել: Էական դժգոհություններ, կարծում եմ, չկան, որովհետեւ նախապես հաշվի են առնվել բոլորի կարծիքները եւ համաձայնեցվել են նրանց հետ:

– Երիտասարդների ներգրավվածությունը ցուցակում բավարա՞ր եք համարում:

– Մեր ցուցակում երիտասարդ քաղաքական գործիչներ կան, օրինակ՝ Արմեն Աշոտյանը, Կարեն Ավագյանը, Էդուարդ Շարմազանովն ու Խաչիկ Ասրյանը: Ճիշտ է, նրանց մի մասը ցուցակի 3-րդ կամ 4-րդ տասնյակում են, բայց հնարավորություն կա ընտրվելու, քանի որ առաջին տասնյակներում ընդգրկվածներից ոչ բոլորն են գնալու խորհրդարան: Նախորդ ընտրություններին էլ էինք երիտասարդների ներգրավել` Արմեն Աշոտյանին, Վազգեն Խաչիկյանին: Այս անգամ եւս մի քանի երիտասարդ կաշխատի խորհրդարանում, քանի որ կուսակցությունը պետք է նաեւ ապագայի համար կադրեր պատրաստի: Նրանց մի մասն էլ կգնա գործադիր:

– Ցուցակում կանանց ներգրավվածությունը նաեւ օրենքի պահանջ էր: Դուք օրենքո՞վ եք առաջնորդվել, թե՞ իսկապես կարեւորում եք կնոջ ներկայությունը խորհրդարանում:

– Երկու գործոններն էլ հաշվի ենք առել: Օրենքի պահանջը կատարել ենք, եւ կանայք ցուցակում 15 տոկոսի ներգրավվածություն ունեն: Նախորդ ընտրությունների ընթացքում օրենքի պահանջը չկար, սակայն ցուցակի 10 տոկոսը կանայք էին: Մենք կանանց տեսնում ենք եւ՛ որպես պատգամավորների, եւ՛ որպես տնային տնտեսուհիների: