Վերջին օրերի ընթացքում հայաստանյան ընտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալու երկար սպասված ընտրացուցակներին, որոնք շատերի համար հերթական հիասթափության առիթ հանդիսացան, ոմանց համար էլ` զգուշավոր լավատեսության:
Հիասթափություն այն պատճառով, որ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ այնպիսի «վառ» անհատականություններ, որոնք իրենց լեզվական, երբեմն նույնիսկ ինտելեկտուալ կարողություններով ու քաղաքացիական որակներով միայն «նախանձ» են առաջացնում: Անհատականություններ, որոնք, ասենք, «դպրոցական տարիքում դասարանի ավագ դառնալու» չիրականացած երազանքը փորձում են հաղթահարել պատգամավորական մանդատի հոգեթերապեւտիկ ներուժով: Անհատականություններ, որոնք խոսքի ազատության իրենց իրավունքից օգտվում են միայն ու միայն նախընտրական խոստումներ շռայլելու համար, իսկ ընտրվելուց հետո դրսեւորում են ինքնասահմանափակման գերագույն ակտ` ի դեմս պատգամավորական լռակյացության: Անհատականություններ, որոնք այնքան «սրտացավ» են ՀՀ պետական բյուջեն լրացուցիչ ծախսերով չծանրաբեռնելու հարցում, որ պատգամավորական խոսափողի աշխատանքային «երկարատեւությունը» գրեթե միշտ փորձել են ապահովել դրանից չօգտվելու ձեւով:
Ինչ վերաբերում է զգուշավոր լավատեսությանը, ապա դա պայմանավորված է ինչպես այն հույսով, որ հայաստանյան ընտրողն անցյալի փորձից որոշ դասեր կարող է քաղած լինել, այնպես էլ այն հավատով, որ պատգամավոր դառնալու բարոյական իրավունք նվաճած թեկնածուներն ընտրվելու պարագայում դրական լիցք կհաղորդեն հաջորդ խորհրդարանի աշխատանքներին:
Ընտրական հավակնություն ունեցող կուսակցությունները, ինչպես գիտենք, իրենց ընտրացուցակները կազմել են որոշակի չափանիշների հիման վրա: Սա, թերեւս, ոչ մեկի համար նորություն չէ, քանզի այդ մասին բազմիցս հայտարարվել է: Խնդիրն այն է, թե ինչ չափանիշներով են կազմվել այդ ցուցակները: Այս հարցում կարող ենք չափանիշների երկու տարբերակ առանձնացնել` ֆորմալ եւ ոչ ֆորմալ: Ֆորմալ կամ ձեւական չափանիշները պահպանել են հասարակությանը քիչ թե շատ հայտնի բոլոր կուսակցությունները, որոնք ապավինելով ժողովրդավարական զարգացումների տրամաբանությանը` իրենց ցուցակներում հատուկ ուշադրություն են դարձրել կանանց ընդգրկվածության, ինչպես նաեւ՝ գործունեության տարաբնույթ բնագավառներ (գործարար, գիտնական, պետական պաշտոնյա, քաղաքական գործիչ եւ այլն) ներկայացնելու գործոններին: Իհարկե, այսօրինակ մոտեցումները ոչ միայն արդարացված են, այլեւ` խրախուսելի, քանի որ ծրագրային լուրջ քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է միասնական եւ լուրջ պատրաստվածություն ունեցող թիմ:
Առաջին հայացքից թվում է, թե կուսակցական այս ձեռնարկումները լուրջ խթան կհանդիսանան Հայաստանում կուսակցական համակարգի կայացման, խորհրդարանի աշխատանքների բարելավման գործում: Սակայն, համոզված ենք, որ այդօրինակ լավատեսությունը ոչ միշտ է արդարացված: Բանն այն է, որ մի շարք կուսակցությունների կողմից ընտրացուցակներ կազմելու այս ձեւական չափանիշների հետեւում ընկած են նաեւ ոչ ձեւական չափանիշներ, որոնք իրական վտանգ են Հայաստանի ժողովրդավարական զարգացման, ԱԺ-ի բարեփոխման ճանապարհին: Եվ սա՝ առավել եւս այն դեպքում, երբ կուսակցությունը չունի գաղափարական դիմագիծ եւ զարգացման ծրագրեր, դրանք կյանքի կոչելու վճռականություն:
Այն, որ խորհրդարանում պետք է տեղ ունենան նաեւ կանայք` վիճարկման ենթակա չէ: Սակայն հարցն այն է, թե ինչպիսի կանայք: Այսինքն, եթե կանանց ներկայության ապահովումն է մեր գերխնդիրը, ապա պատգամավորական աթոռը կարող ենք «վստահել» նաեւ այնպիսի կանանց, որոնք զուտ կոճակ սեղմելու փոխարեն՝ առավել օգտակար կլինեին, ասենք, ընտանեկան հոգսերը թեթեւացնելու գործում: Այն, որ գործարարներն էլ կարող են պատգամավորական հավակնություններ ունենալ, եւս չենք վիճարկի: Սակայն, այս դեպքում էլ հարցն այն է, թե ինչպիսի գործարարների մասին է խոսքը: Հայաստանյան հասարակությունը լավ գիտի բազմաթիվ գործարարների անցյալը, նրանց «սրտացավությունն» առ ժողովրդի ծանր վիճակ` ի դեմս հարկային պարտավորությունների «օրինակելի» կատարման եւ այլն: Լավ գիտենք նաեւ այն իշխանավորներին, որոնք իրենց կարգավիճակին արժանացել են «խնամի-բարեկամական» կապերի հովանավոր «աստծո» ակտիվ միջամտության շնորհիվ: Լավ գիտենք քաղաքական այն գործիչներին, որոնք, բացի քննադատությունից, պոպուլիստական կամ դեմագոգիկ ելույթներից, քաղաքական կենսունակության այլ նախանշաններ չեն դրսեւորել: Լավ գիտենք այն «ժողովրդասերներին», որոնց «սերն» առ ժողովուրդ պայմանավորված է եղել միայն ու միայն ժողովրդի հավանությանն արժանանալու հեռանկարով:
Հայտնի է, որ ընտրարշավների ժամանակ կիրառվում են հաջողության տանող զանազան տեխնոլոգիաներ, որոնք սեփական ընտրազանգվածի ընդլայնման նպատակ են հետապնդում: Օրինակ, երիտասարդների համակրանքը շահելու համար հաճախ նրանց շահերից են խոսում, ընտրացուցակներում տեղեր հատկացնում, հաշմանդամների համակրանքին արժանանալու համար համամասնական ցուցակում հաշմանդամ ընդգրկելու խոստում են տալիս եւ այլն: Այս առումով մենք փոքր-ինչ շահեկան վիճակում ենք, քանզի հայ հասարակության ավանդական մի շարք արժեքներ որոշ կուսակցությունների «թույլ չեն տալիս», օրինակ, ընտրացուցակներում մարմնավաճառներ կամ համասեռամոլներ ընդգրկելու բացահայտ խոստումներ տալ: Այլապես, քվեապաշտության մոլուցքով տարված մի շարք կուսակցություններ չէին հրաժարվի մարմնավաճառների կամ համասեռամոլների այդօրինակ ծառայություններից օգտվելու նպատակահարմարությունից:
Հիշենք նաեւ հայտնի «ժողովրդական» գործիչներից մեկին, որն իր կուսակցության ընտրացուցակում երիտասարդ գործարարի ընդգրկումը հիմնականում պայմանավորեց «մեր ընկերոջ որդին է» դրույթով: Իհարկե, ընկերասեր լինելը գնահատելի որակ է, սակայն քաղաքական կյանքում երբեմն անհամատեղելի է ժողովրդասիրության հետ: Ընկերոջ, հարեւանի կամ բարեկամի որդիների համար ճանապարհ հարթելով չե՞նք արդյոք որոշակիորեն կասեցրել եւ կասեցնում մեր զարգացումը, երբ նրանց հանդեպ պարտքից դրդված` պատրաստ ենք իշխանության ղեկը վստահել քաղաքական եւ քաղաքացիական առումով «որակազուրկներին»: Հասկանալի է, որ ընկերասիրության «շեփորահարումն» իր արձագանքը կգտնի շատերի սրտում, սակայն դրանով պետություն չի կառուցվի:
Հարկ է նկատել, որ ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունների ներկայացուցչական կազմերը հիմնականում կառուցված են ֆորմալ եւ ոչ ֆորմալ չափանիշների հիման վրա: Այսինքն, որոշակի համամասնությամբ տեղեր են հատկացվել կանանց, երիտասարդներին, մտավորականներին եւ այլոց: Մինչդեռ, ցավալի է, որ այդ տեղերը լրացնելու են եկել նաեւ այնպիսիները, որոնց թեկնածությունը ֆինանսական եւ «թաղային» ռեսուրսների, խնամի-բարեկամական կապերի եւ այլ գործոնների ծնունդ են: Մինչդեռ, համոզված ենք, որ ընտրացուցակներում ընդգրկվելու համար ամենից առաջ պետք է հաշվի առնվեն թեկնածուի մասնագիտական, քաղաքացիական որակները, քաղաքական հասունությունն ու գաղափարականությունը, այլապես քաղաքացիական որակների առումով «կրթադաստիարակչական» միջամտության կարիք ունեցող եւ նորահաս սերնդին ապադաստիարակող խորհրդարանը կլինի մեր «վաստակը»: Իսկ սա մտահոգիչ է, քանի որ, ինչպես ասում են, «չափազանց վտանգավոր է, երբ դաստիարակողը կարիք ունի դաստիարակության»:
Ուստի կարելի է եզրակացնել, որ կուսակցություններն իրենց գործունեության մեջ ոչ միշտ են սկզբունքային, քանզի չեն առաջնորդվում արհեստավարժության եւ այլ կարեւոր գործոնների խրախուսման սկզբունքով: Այս առումով, իհարկե, կարելի է կոնկրետ կուսակցությունների անուններ նշել: Սակայն դա չենք անի՝ չցանկանալով ոմանց «անուշադրության» մատնել: