Հայաստանյան մամուլը եւ խորհրդարանական ընտրությունները

14/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք լուրջ փորձաքար են լինելու Հայաստանում ժողովրդավարական զարգացումներ ապահովելու գործում, մեր ազգաբնակչությանը «խոստանում» են ոչ միայն ներքաղաքական լարվածություն, այլեւ ստացված արդյունքների նկատմամբ թերահավատության կամ «մարտնչող» անհամաձայնության դրսեւորումներ: Ասվածը բնավ էլ չի նշանակում, թե մեր ընթերցողին կանխավ այն տեսակետն ենք «պարտադրում», թե ընտրությունները ցանկացած պարագայում գերհագեցած են լինելու այնպիսի կեղծիքներով, որոնք էապես ազդելու են ժողովրդի ձայնի լսելիության ու հասանելիության վրա:

Անհամաձայնությունները, համոզված ենք, լինելու են անկախ ընտրությունների արդյունքներից, քանզի նախընտրական շրջանում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ քաղաքական ուժեր սեփական պարտությունը փորձելու են բացատրել ոչ թե իրենցով, այլ սոսկ արտաքին գործոններով: Հարկ է նկատել, որ այսօրինակ ենթադրություններն ազատ մտքի ստեղծագործական ինքնադրսեւորման հետեւանք չեն, քանի որ վերջին ամիսներին տարբեր ամբիոններից պարբերաբար հնչում են ընտրությունների` որպես հերթական «թատերական» ներկայացման մասին տեսակետներ: Իսկ սա, բնականաբար, արդեն թույլ է տալիս կարծել, որ մայիսի 13-ից սկսած հայաստանյան մամուլում ու հեռուստատեսության շրջանակներում որոշակի տեղ կզբաղեցնեն «բողոքի գրքերում» տեղ չգտած հայտարարությունները զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ: Այս ամենի խոսուն վկայությունն է նաեւ այն իրողությունը, որ բազմաթիվ ուժերի կողմից այսօր հայաստանյան հասարակական կարծիքն ուղղորդվում է` նպատակ ունենալով ընտրությունների վերջնական արդյունքների նկատմամբ թերահավատության ձեւավորումը կամ խորացումը: Ընդ որում, դա առավելապես տարածված է միասնական հայտարարի եւ ընդհանուր «թշնամի-իշխանության» դեմ համատեղ պայքարի հարցում համաձայնության չեկած ընդդիմադիր ուժերի շրջանակներում: Իհարկե, սկզբունքորեն բացառված չէ, որ ընտրությունները կարող են այդօրինակ ընթացք ստանալ, սակայն իրենց ժողովրդավարական համարող ուժերը չպետք է մոռանան, որ «անմեղության կանխավարկածը» կիրառելի է նաեւ լավ թե վատ իշխանությունների պարագայում, որոնց «դիվապատումը» պետք է պայմանավորված լինի ոչ թե քաղաքական կանխատեսում-համոզմունքներով կամ հնարավոր պարտությունների պարագայում ինքնաքննադատությունից խուսափելու նկատառումներով, այլ` կայացած փաստերով:

Համոզված ենք, որ ընթերցողի համար անհետաքրքիր չի լինի լրացուցիչ ինֆորմացիան, որն իր դատին կներկայացնենք հայաստանյան առավել տարածված տպագիր մամուլում (ընդդիմադիր թե դիմադիր) ընտրական թեմատիկայով հրապարակումների ընդհանուր պատկերի վերհանման ձեւով: Ընդ որում, այդ հոդվածների բովանդակությանը գնահատականներ չենք տալու, քանզի խնդիր ունենք՝ ոչ թե համաձայնություն կամ անհամաձայնություն արտահայտելը, այլ` իրերի փաստական վիճակն արձանագրելը:

Նախորդ շաբաթվա ընթացքում դիտարկման են ենթարկվել «Իրավունք», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «168 Ժամ», «Հայոց Աշխարհ», «Ազգ», «Չորրորդ իշխանություն», «Փակագիծ», «Ժամանակ Երեւան», «Հայք», «Երկիր» թերթերը, որոնցում տեսակարար կշիռ էին կազմում ընտրացուցակների, դրանց ձեւավորման սկզբունքների հետ կապված հրապարակումները: Եվ սա միանգամայն հասկանալի է, քանզի ընտրական իրավունք ունեցողների համար կարեւոր է իմանալ ապագա խորհրդարանի հնարավոր պատկերը: Ավելին, տարբեր թերթերում ներկայացվել են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրված անձանց, խորհրդարանական մանդատների հավակնություններ ունեցող կուսակցությունների վերաբերյալ ոչ միայն ինֆորմատիվ, այլեւ հստակ քաղաքական դիրքորոշում արտահայտող հրապարակումներ, որոնցում նկատվում է հայաստանյան ԶԼՄ-ներին ոչ խորթ այն ախտանշական երեւույթը, երբ քաղաքական հակառակորդի դեմ պայքարի լավագույն տարբերակ է համարվում ոչ թե սեփական առավելությունների հիմնավորումը, այլ նրան արդարացիորեն կամ անարդար կերպով հասցեագրվող թերությունների բարձրաձայնումը: Ընդ որում, երբեմն նկատվում են քաղաքական հակառակորդների «սեւացման» վառ արտահայտված դեպքեր, որոնք, իրենց հերթին, հաճախ ուղեկցվում են «նորահայտ», ինչպես նաեւ՝ առօրյա խոսակցական լեզվում գործածության պակաս չզգացող, սակայն գրական լեզվի տեսանկյունից անընդունելի բառերով: Այս առումով «հաճելիորեն» առանձնանում է «Փակագիծը», որի մի շարք հրապարակումներին ծանոթանալու պարագայում ընթերցողը հանգիստ կարող է իր բառապաշարը հարստացնել կամ ամրապնդել «քցող», «չալաղաջաջարդ», «ախպեր-տղերք», «վերխուշկի» «դաբրոն», «շեստյորկա», «հաբռգածներ», «պրիոմներ», «ֆիշկա» եւ այլ բառերով:

Անցյալ շաբաթվա «Փակագծի» հրապարակումների զգալի մասը նվիրված է քաղաքական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ին: Անտեղյակ ընթերցողը ՀՀԿ-ին նվիրված շարքը կարող է հասկանալ այն իմաստով, թե գործ ունենք իշխանությունների կողմից խոսքի ազատության իրավունքից օգտվելու մենիշխանական հավակնությունների հերթական դրսեւորման հետ: Իրականում, սակայն, «Փակագիծը» ՀՀԿ-ին անդրադարձել է «ծայրահեղ» ընդդիմության դիրքերից` հոդվածների բովանդակությունը հայտնի հանրապետականների գործունեության եւ այլ օրինակների ներկայացմամբ «ուղղորդելով» ՀՀԿ վարկաբեկմանը կամ, միգուցե, թերությունների վերհանմանը: Կարող ենք փաստել, որ նախընտրական շրջանում, ի դեմս «Փակագծի», գործ ունենք ընդդիմադիր եւ ազատ «խոսափողի» հետ, որի օգնությամբ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու այլընտրանքային ինֆորմացիայի ու գնահատականների, որոնց հավաստիության ու անաչառության աստիճանի պարզաբանումը մնում է հասարակության «իրավասության» շրջանակներում:

Անցյալ շաբաթ «Առավոտը» եւս հատուկ ուշադրություն է դարձրել ընտրացուցակների թեմային, մեծամասնական ընտրակարգով առաջադրված որոշ անձանց ներկայացմանը: Հարկ է նկատել, որ ի տարբերություն «Փակագծի»` ընդդիմադիր «Առավոտն» աչքի չի ընկել իշխող քաղաքական ուժերից որեւէ մեկի հանդեպ «հատուկ» վերաբերմունքով: Ավելին, «Առավոտում» տեղ են գտել իշխանական եւ ընդդիմադիր ուժերի գործունեության, ինչպես նաեւ՝ մերօրյա քաղաքական կյանքում ընթացող քաղաքական գործընթացների ու դրանց հնարավոր զարգացումների մասին հրապարակումները, որոնք վկայում են այն մասին, որ «Առավոտը» չի խուսափել ընդդիմության շարքերում առկա թերությունները բարձրաձայնել, ինչպես նաեւ՝ զերծ է մնացել իշխանությունների մոլի քննադատությունից: Ապագա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ «Առավոտի» կանխատեսումն այն է, որ ամենաթեժ ու անզիջում պայքարն ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի» եւ «Հանրապետականի» միջեւ:

Ընդդիմադիր «Հայկական Ժամանակ» թերթն անցյալ շաբաթվա իր համարներում նախորդ թերթերի պես կենտրոնացել է ընտրությունների թեմայի վրա: Այստեղ եւս քննարկման նյութ են դարձել ընդդիմության անմիաբանության ետեւում ընկած պատճառների, ինչպես նաեւ՝ ապագա խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված հարցերը: Հարկ է նկատել, որ «Հայկական Ժամանակն» ի սկզբանե հանդես է գալիս այն դիրքորոշմամբ, որ առաջիկա ընտրությունների արդյունքները չեն կարող լեգիտիմ համարվել: Դրա պատճառը թերթը տեսնում է ոչ թե քվեաթերթիկների, այլ մարդկանց ուղեղների արդեն հինգ-վեց ամիս տեւող լցոնումների մեջ` վկայակոչելով իշխանական ուժերի կողմից ինքնագովազդի նպատակով հեռուստաեթերի «զավթման» եւ ընտրակաշառքի բաժանման երեւույթները: Սույն թերթն, ըստ էության, ոչ բացահայտ կերպով ընդունում է իշխանական ուժերի «հաղթանակն» առաջիկա ընտրություններում, որի անթույլատրելիությունը կամ վիճարկումը «հիմնավորում» է նրանց ներկայիս ոչ լեգիտիմ վարքով: Ասվածն ավելի պարզ կդառնա այն դեպքում, եթե հաշվի առնենք այն, որ ընդդիմության հաղթանակի պարագայում լեգիտիմության մասին թերթը ոչինչ չի ասում:

«Հայկական Ժամանակի» տեսակետին համահունչ մոտեցմամբ է հանդես եկել «Ա1+» էլեկտրոնային կայքը, ուր ներկայացվում են Երեւանի Մամուլի ակումբի իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Դրանց հիման վրա ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը եզրակացնում է, թե ընդդիմադիր երեք կուսակցություններ`«Հանրապետությունը», «Ժառանգությունը», «Նոր Ժամանակները», բոյկոտվում են հայաստանյան հեռուստաընկերությունների կողմից:

«Հայոց Աշխարհ» թերթը եւս անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների խնդրին` փորձելով կանխատեսումներ անել քաղաքական ուժերի հետագա դասավորվածության մասին: Հիմնական հավակնորդների ցանկը, թերթի կարծիքով, բաղկացած է 3 իշխանամետ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ) եւ 3 ընդդիմադիր (ՀԺԿ, «Ազգային Միաբանություն», ՕԵԿ) կուսակցություններից, որոնց շարքում հաղթողի հիմնական հավակնորդները երկուսն են՝ Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը»։ Վերջիններիս ներուժն այնքան մեծ է, որ միասին կարող են կայուն մեծամասնություն ձեւավորել ապագա Ազգային ժողովում։ Թերթը նաեւ գրում է, որ «գառաջադրումների ավարտը վկայում է այն մասին, թե առաջիկա ընտրապայքարի առանցքում ընկած են լինելու ոչ թե կուսակցությունների ծրագրային-գաղափարական սկզբունքները, այլ մի կողմից՝ հիմնական քաղաքական ուժերի պայքարն իշխանության բաժանման համար, եւ մյուս կողմից՝ արտաքին ծագում ունեցող «հինգերորդ զորասյուների» հետեւողական քայլերը՝ մայիսի 12-ի քվեարկությունը Հայաստանի վրա «ներազդելու» սովորական գործիքի վերածելու ուղղությամբ»։ Ուշագրավ է, որ թերթի հրապարակումներում չեն նկատվում քաղաքական հակառակորդների նկատմամբ քննադատական ագրեսիվության դրսեւորումներ:

«Իրավունք» թերթում հատուկ տեղ են զբաղեցնում նախընտրական զարգացումների, իշխանությունների եւ ընդդիմության գործելակերպի, ինչպես նաեւ՝ համամասնական ընտրակարգով կուսակցական ընտրացուցակների վերաբերյալ հրապարակումները: Աչքի չընկնելով արտաքին ագրեսիվությամբ` թերթը ցուցաբերում է քննադատական մոտեցում իշխող ուժերի գործելակերպի գնահատման հարցում: Թերթում նշվում է, որ «Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ցուցակներն ուսումնասիրելիս ակամայից հանգում ես այն եզրակացության, թե այդ կազմակերպությունները ոչ մի կերպ տրամադրված չեն արդար ընտրությունների անցկացման: ՀՀԿ-ի դեպքում ժողովրդականություն չվայելող քաղաքական եւ ադմինիստրատիվ, ինչպես նաեւ խոշոր ֆինանսական կարողություն ունեցող դեմքերի ընդգրկումը, իսկ ԲՀԿ-ի պարագայում բնակչության լայն խավերին ընդհանրապես անհայտ անձանց ներգրավմամբ խոսում է այն մասին, որ այդ երկու կուսակցությունները դարձյալ գնում են ընտրություններում ուժային եւ ֆինանսական ճնշում իրականացնելու տրորված ճանապարհով»: Իսկ այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցել առանձին, թերթի կարծիքով, իշխանություններին հնարավորություն տրվեց կրկին փաստելու, թե ընդդիմությունը վերջնականապես փոշիացել է:

«168 Ժամ» ընդդիմադիր թերթում հատուկ ուշադրության է արժանացել ընդդիմության շրջանակներում «ընդդիմադիր աշխատողների» թեման: Այստեղ ներկայացվում է «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Ա. Կարապետյանի տեսակետը խնդրո առարկա հարցի շուրջ, որը խոստացել է տալ կեղծ, ծախու ընդդիմադիրների անունները` համապատասխան հիմնավորումներով: Թերթի հրապարակումներում բացակայում են ագրեսիվության, ապակառուցողական քննադատության դրսեւորումները:

Անցյալ շաբաթվա թերթերում, բացի ներկայացված թեմատիկայով հրապարակումներից, առկա էին նաեւ այնպիսիները, որոնք գրեթե բոլոր թերթերի համար ընդհանուր էին: Այդպիսիք էին ԵԿՄ անդամների պաշտպանության մասին գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարության, ինչպես նաեւ՝ նորաստեղծ ՄԻԱԿ կուսակցության եւ դրա ընտրացուցակում Գարիկ Մարտիրոսյանի առաջադրման վերաբերյալ հոդվածները: