Շվեդահայ կինովավերագրող ու լրագրող Սյուզան Քարդալյանն աշխատում է տարին երկու անգամ Հայաստան այցելել: Նրա համար իր պատմական հայրենիքը շատ թանկ է։ «Ցավոք, իմ աշխատանքների փոքր մասն է միայն Հայաստանին վերաբերում»,- ասում է նա։
Հայաստանն ու նրա խնդիրները հազվադեպ են դառնում Ս. Քարդալյանի ֆիլմերի առանցքը, քանի որ իր խոստովանությամբ՝ նա «սիրահարված է կոնֆլիկտների», իսկ Հայաստանն այսօր կարծես թե կոնֆլիկտներից ու բախումներից հեռու է։ 1988թ. նկարահանած «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը սկանդինավյան ֆիլմերի փառատոնում արժանացել է բարձրագույն՝ «Ոսկե բզեզ» մրցանակի, իսկ հեղինակից հինգ տարվա ուսումնասիրություն ու աշխատանք է պահանջել։ Ֆիլմի թեման Հայոց եղեռնն է ու մարդու ինքնության խնդիրը։ Եղեռնից փրկված 99-ամյա Կարպիսը դարձել է Ս. Քարդալյանի «Ես ատում եմ շներին» ֆիլմի հերոսը։ Այդ վավերագրական ֆիլմը դիմակայության արվեստի մասին է եւ այն ջանքերի, որոնք պահանջվել են ամբողջ ընտանիքը կորցրած 9-ամյա տղայից՝ Ֆրանսիայում կյանքը կրկին վերսկսելու համար։ Կարպիսն ատում է շներին, եւ դա նրա թաքցված գաղտնիքներից մեկն ու այն գինն է, որը ստիպված է վճարել նոր կյանք սկսելու համար։
Ս. Քարդալյանն այժմ աշխատում է «Որտե՞ղ է իմ հաղթանակը»՝ Արցախյան պատերազմին նվիրված ֆիլմի վրա։ Նա ինքն իրեն շատ անհանգիստ մարդ է համարում. «Ես ինձ ոչ մի տեղ հարազատ ու հանգիստ չեմ զգում։ Ծնվել եմ Բեյրութում, ապրել եմ Ֆրանսիայում, հետո տեղափոխվել եմ սառնամանիքի մայրաքաղաք Ստոկհոլմ։ Ես չգիտեմ՝ որտեղի՞ց եմ եկել, ո՞վ են եղել իմ նախնիները»։ Լինելով միջազգային հարաբերությունների մասնագետ՝ նա հաճախ է հայտնվում թեժ կետերում ու ռեպորտաժներ ու ֆիլմեր նկարահանում խնդրահարույց տարածաշրջաններում։ Նրա ուշադրության կենտրոնում են հայտնվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Վիետնամական պատերազմը, Լաոսի ազգային փոքրամասնությունների խնդիրները, Հնդկաստանի կյանքը։ «Բոլոր իմ ֆիլմերը քաղաքական գունավորում ունեն, ես միշտ ցանկանում եմ, որ իմ ֆիլմերը բանավեճերի սկիզբ դնեն»,- ասում է նա։
Ս. Քարդալյանը բանավեճի թեմա է համարում տեռորիզմը, որից չափազանց վախենում է Եվրոպան, եւ որի վտանգով էլ աշխատում է ամեն բան արդարացնել ու բացատրել։ Նույնիսկ սեփական անգործությունն ու անզորությունը. «Տեռորիզմի իսկական հիստերիա է նկատվում։ Հասարակությունը դառնում է «կոճկված», լսող եւ քիչ ըմբոստ, ահ ու սարսափի մթնոլորտում է ապրում։ Եվ քայլ առ քայլ յուրացնում է ամերիկյան տերմինոլոգիան ու պատկերացումները։ Եվ սկսում է տարածվել մտածելու միայն մեկ եղանակ»։
Գլոբալիզմի դարաշրջանում շվեդահայ վավերագրողը մարդկային ինքնության ապացույցներ է որոնում, քանի որ համոզված է, որ միայն լուրեր հաղորդելով ու մամուլին հետեւելով, չի կարելի հասկանալ, թե ինչպե՞ս է գլոբալիզմն ազդում հասարակ մարդկանց վրա։
Նրա վերջին ֆիլմը շատ պրովոկացիոն ու երկակի իմաստ ունեցող «Bullshit»-ն է։ «Bullshit»-ը եւ՛ բնական, շինարարական ու կենցաղային գոմաղբն է, եւ՛ «գրողի ծոցն» ուղարկելու կոչ։ Այդ ֆիլմում հեղինակը փորձում է ցույց տալ, որ ժամանակակից երիտասարդությունը ապաքաղաքականացված չէ, ունի հետաքրքրությունների լայն ասպարեզ։ Եվ նրանք լավ հասկանում են միջազգային կառույցների իրական նպատակներն ու նրանց վտանգը հասարակ մարդկանց համար։ Ֆիլմի մեկնակետը եղել է աղքատ ու խնդիրներով լի Հնդկաստանը, որտեղ տարեկան հարյուր հազար մարդ է ինքնասպան լինում։ «Գլոբալիզմն արագացնում է փոփոխությունները գյուղացիների կյանքում, մարդիկ չեն դիմանում, սեփական հողը կորցնելով՝ կյանքն անիմաստ են համարում ու ինքնասպան են լինում»,- ասում է ֆիլմի հեղինակը։ Եվ համեմատելով Հայաստանն ու Հնդկաստանը, նա Հայաստանը «դրախտ» է համարում, իսկ մեր երկրում կատարվող բոլոր փոփոխությունները՝ բնական։ «Քաղաքական կյանքը բացառիկ ու հետաքրքիր երեւույթ է, եւ այժմ Հայաստանում նոր՝ բուրժուազիայի դասակարգ է ձեւավորվում։ Հասկանում եմ, որ դա ցավոտ ու հաճախ անարդար պրոցես է, բայց այն անհրաժեշտ է հասարակության համար, քանի որ բուրժուազիան հասարակության մոտորն է։ Պետք է հարմարվել նոր կացությանը»,- համարում է «կոնֆլիկտային» կինովավերագրողը, ում ֆիլմերը Հայաստանում առայժմ չեն ցուցադրվել։ Նա նշում է, որ Հայաստանը միայն գեղեցիկ Երեւանը չէ, Հայաստանը տեսնելու համար հերիք է մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռանալ, որպեսզի հասկանաս՝ ինչ մեծ տարբերություն կա կենտրոնի ու մարզերի կյանքի որակի մեջ։
«Ես միշտ նյութերի փնտրտուքի մեջ եմ»,- ասում է Ս. Քարդալյանն ու նշում, որ նկարահանման ժամանակ աշխատում է պահպանել կանանց եւ տղամարդկանց հավասարակշռությունը, քանի որ սեռի տարբերությունը նախեւառաջ հայացքի մեջ է, եւ, եթե ուզում ես օբյեկտիվ լինել, պետք է հաշվի առնել երկու սեռերի կարծիքները։ «Լաոսում «մոնգ» ցեղին նկարահանելու ժամանակ ինձ ասացին, որ ցեղի մեծերի խորհուրդը թույլ չի տալիս կանանց ներկա գտնվել իրենց մոտ, եւ ես նրանց մեծ դժվարությամբ համոզեցի, որ պետք է ներկա գտնվեմ իմ ֆիլմի նկարահանումներին։ Իսկ արաբական երկրներում ես հասկացա, որ կնոջն այլ կերպ են վերաբերվում, երբ բոլոր տղամարդիկ նստեցին սեղանի շուրջ, իսկ ինձ համար առանձին սեղան բերեցին։ Ես էլ վերցրեցի իմ աթոռն ու բոլորի հետ նստեցի։ Այնպես որ, կինը կարող է իր կացության տերը լինել»,- պատմում է նա։ Եվ պատրաստվում է հերթական անգամ այցելել Գազայի տարածք, նկարահանել պաղեստինյան խնդիրները իր նոր՝ «Երիտասարդ Ֆրեյդը Գազայում» ֆիլմի համար։ Իսկ եթե որոշի կրկին Հայաստանին անդրադառնալ, ապա ֆիլմը կլինի նոր դասակարգերի ձեւավորման մասին։