Շիրակում կհայտնաբերվի՞

10/05/2005 Մուշեղ ՀԱՍՐԱԹՅԱՆ

1970-ական թվականներին Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի տարածքում անց են կացվել երկրաբանահետախուզական աշխատանքներ նավթի եւ գազի պաշարների հայտնաբերման նպատակով: Սակայն որոշ ժամանակ անց այդ աշխատանքները դադարեցվել են: Ականատեսները պատմում են, որ աշխատանքների ընթացքում երկու անգամ հրդեհ է բռնկվել, այրվել են սարքավորումները եւ հորատող տեխնիկան: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, այսօր ոչ ոք չգիտի: Արխիվում պահպանվել են տեղեկություններ միայն այն մասին, որ հորատումը դադարեցվել է մոտ 2500 մ խորության վրա:

Տարիներ անց, 2001-ին, Թուրքիայի տարածքում, հայ-թուրքական սահմանից ոչ մեծ հեռավորության վրա սկսվել են որոնողական աշխատանքներ եւ երկրաբանական հետախուզության արդյունքում հայտնաբերվել է նավթ: Ըստ հավաստի աղբյուրների, այսօր այդ հորատանցքից արդյունահանվում է արդյունաբերական նշանակության նավթ, որը տեղափոխվում է նավթավերամշակման գործարան: Ի՞նչ է սա, հերթական սենսա՞ցիա, թե՞ իրականություն: Նպատակահարմար գտնելով այս հարցի պատասխանը ստանալ մասնագետներից, դիմեցինք Երեւանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի մասնագետներին: Ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները 70-ականներին կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ: Նա նշեց, որ այդ աշխատանքներն ուղղակի կիսատ են մնացել: Պատճառաբանվել են տեղի ունեցած վթարները եւ որոնողական աշխատանքների հետագա շարունակման աննպատակահարմարությունն՝ արդյունքների անբավարար լինելու պատճառով: Թուրքիայի տարածքում իրականացվող աշխատանքների մասին պարոն Գրիգորյանն ասաց, որ իրենք նույնպես ունեն նման տվյալներ, իրոք այնտեղ աշխատում է հորատող տեխնիկան եւ նավթն արդյունահանվում է, ինչն էլ հավատ է ներշնչում, որ մեր տարածքում նույնպես հնարավոր է նավթային պաշարների առկայություն: Այդ մասին տեղյակ է պահվել ՀՀ իշխանություններին, այնուհետեւ կազմավորվել է հանձնաժողով, որի կազմում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի Պետական համալսարանի եւ «Ատոմէներգոսեյսմոնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Այս հանձնաժողովը տվել է իր մասնագիտական եզրակացությունը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ս/թ փետրվարի 16-ի որոշմամբ որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով հատկացրել է 150 մլն դրամ: Այժմ ճշտվում է այդ աշխատանքների իրականացման գրաֆիկը: Պարոն Գրիգորյանը հավելեց նաեւ, որ թուրքական կողմում աշխատանքներն անցկացվում են հենց Շիրակի ճկվածքի հատվածում, ինչն էլ հիմք է տվել եզրակացնելու, որ սահմանի մեր կողմում էլ է նպատակահարմար անցկացնել նախնական հետախուզություն: Հարցի պատասխանն ակնկալվում է ստանալ մի քանի ամիս անց: Իսկ նման աշխատանքներ կատարելու համար Հայաստանում կան եւ՛ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, եւ՛ տեխնիկա: Եվ եթե նավթային պաշարներ հայտնաբերվեն, անկախ նրանից, թե դրանք ինչ խորության վրա կլինեն, ապա դրա արդյունահանումը եւ վերամշակումն էականորեն կիջեցնի հայաստանյան շուկայում նավթամթերքի չափազանց բարձր գինը եւ, դատելով հայաստանյան շուկայի այսօրվա պահանջարկից, կարելի է վստահաբար նշել, որ մեր երկրում նավթի թեկուզ լոկալ պաշարների արդյունահանումը կարող է բավարարել շուկայի պահանջարկի գերակշիռ մասը: Նավթի հայտնաբերման հավանականությունը բարձր է, որովհետեւ թուրքական կողմն այդ աշխատանքներն իրականացնում է նույն երկրաբանական տարածքի՝ ճկվածքի իր հատվածում եւ, բացի այդ, նրանք այժմ հորատող տեխնիկա են տեղադրել նաեւ սահմանին ավելի մոտ հատվածում: Որոնողական աշխատանքների կազմակերպման ֆինանսավորումն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կառավարության նիստում քննարկման ժամանակ հանդիպել է լուրջ դիմադրության: Մասնավորապես իր ելույթում դրան կտրուկ դեմ է արտահայտվել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նախարարի, զուր է Հայաստանում նավթ որոնելը եւ հարկ էլ չկա գումար հատկացնել, որովհետեւ այն փոշիացվելու է եւ, բացի այդ, մեզ անհրաժեշտ նավթամթերքի քանակը ներկրվում է:

Մասնագետների կարծիքով, որոնողական աշխատանքների կազմակերպումն անհրաժեշտ է, որովհետեւ թուրքական կողմում նավթի արդյունահանումն արդեն իսկ անհերքելի ապացույցն է այն բանի, որ Շիրակում պետք է նման պաշարներ լինեն:

Երկրաբաններից բացի, որոնողական աշխատանքների կազմակերպման ակտիվ կողմնակիցներ են Գիտությունների ազգային ակադեմիան՝ ի դեմս ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանի, Բնապահպանության նախարարությունը՝ ի դեմս նախարար Վ. Այվազյանի, եւ Շիրակի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Ռ. Մանուկյանի, ովքեր իրենց հերթին աջակցել են հանձնաժողովի աշխատանքներին:

Անկախ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներից, նավթի կամ բնական գազի որոշակի պաշարների առկայությունը Հայաստանի տարածքում, բացի տնտեսական նշանակությունից, կունենա նաեւ հոգեբանական ազդեցություն՝ դրական իմաստով: Եվ, չնայած այն փաստին, որ Հայաստանի ընդերքը երկրի զբաղեցրած տարածքի համեմատությամբ համարվում է բավականին հարուստ այլ օգտակար հանածոներով, նավթի պաշարների գոյությունը ներկայումս ընթացող տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործընթացներում կարող է կտրուկ շրջադարձի պատճառ դառնալ: Իսկ որպես ասվածի ապացույց` ներկայացնում ենք թուրքական հորատող աշտարակի լուսանկարը: