Արտառոց բան չի եղել

13/03/2007

«Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ իմ երկարատեւ զրույցը բոլորովին էլ տարօրինակ չէ, փոխարենը տարօրինակ են դրա շուրջ ծավալվող մեկնաբանությունները, որոնցում այն գնահատվում է որպես «երկու իրավահաջորդների հանդիպում»,- մարտի 8-ի հանդիսավոր համերգից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սերժ Սարգսյանը: «Նորություն չեմ ասի, եթե մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ ես Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահն եմ, այսինքն՝ բազմաթիվ խնդիրներ կան, որ պետք է լուծեմ ինչպես իմ գործընկերոջ` Իգոր Լեւիտինի, այնպես էլ՝ Ռուսաստանի առաջին փոխվարչապետի հետ,- հավելել է Պաշտպանության նախարարը,- Հավաստիացնում եմ, որ ամեն ինչ նորմալ է, որեւէ արտառոց բան չի եղել, եւ այնտեղ լուծվել են զուտ գործնական խնդիրներ կապված Հայաստանի տնտեսության, Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների հետ, որովհետեւ բազմաթիվ հարցեր, խնդիրներ կան, որոնք պետք է լուծել»: Ի դեպ, Մարտի 10-14-ը ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա: Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի պաշտպանության նախարար տկն. Միշել Ալիո-Մարիի եւ Ֆրանսիայի Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ժան-Լուի Ժորժելինի հետ: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի Շառլ Ազնավուրի հետ: