Գաղտնիք չէ, որ տնտեսվարող սուբյեկտները միշտ դժգոհ են Հարկային ծառայությունից, իսկ Հարկայինը՝ տնտեսվարող սուբյեկտներից։ Տնտեսվարողները բողոքում են դրույքաչափերից, կոռուպցիայից, օրենքի հաճախակի փոփոխություններից, որի պատճառով իրենք վերջում կանգնում են փաստի առաջ։
Հարկայինն էլ ապացուցում է, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, օրենքների փոփոխությունների մասին պատշաճ կերպով տեղյակ են պահում, եւ, եթե տնտեսվարողները չեն հետեւում պաշտոնական տեղեկատվությանը, ապա դժգոհելու իրավունք չունեն։
Այս անգամ դժգոհությունն արտահայտվել է պարտադիր սոցապ վճարների առնչությամբ։ Դժգոհողները պարզեցված հարկով աշխատող, առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատերերն են։
Այսպես. պարզեցված հարկը նրանց համար փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ եկամտահարկին։ Այս հարկով աշխատող ձեռնարկատերը վճարում է իր ընդհանուր շրջանառության 3.5%-ի չափով հարկ (խոսքը վերաբերում է առեւտրով զբաղվողներին)։ Բացի այս, անհատ ձեռնարկատերերը վճարում էին նաեւ պարտադիր սոցապվճարները՝ 5000 դրամ եւ քիչ ավելի։
2006թ. ֆինանսական տարվա հաշվետվությունները ներկայացնելիս անհատ ձեռնարկատերերը հանկարծ հայտնաբերել են, որ սոցապ վճարի գծով ահռելի պարտավորություններ ունեն, որոնք որոշ դեպքերում անցնում են հազար դոլարից։ Սա՝ այն դեպքում, երբ նրանց տարեկան սոցապ վճարը տատանվում էր 60 հազար դրամի սահմաններում։
Բանն այն է, որ 2005թ. տարեվերջին փոփոխություն է կատարվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Պարզեցված հարկ վճարողները պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով»:
Իսկ ընդհանուր կարգը սահմանվում է այդ օրենքի 4-րդ հոդվածով, որի համաձայն, անհատ ձեռներեցների սոցապ վճարի հաշվարկման օբյեկտ են հանդիսանում տարեկան եկամուտները՝ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված նվազեցումները կատարելուց հետո։
Միաժամանակ, 2005թ. նոյեմբերի 11-ին փոփոխություն է մտել նաեւ սոցապ վճարների մասին օրենքում. սահմանվել են նոր դրույքաչափեր։
Այս փոփոխություններն ուժի մեջ են մտել 2006թ. հունվարի 1-ից։
Որպեսզի առավել հասկանալի լինի, բերենք կոնկրետ օրինակ։ Անհատ ձեռնարկատեր Պողոսը զբաղվում է առեւտրով, կրպակ ունի։ Նա օրական ցույց է տալիս 20 հազար դրամի վաճառք։ Ամսվա կտրվածքով դա կազմում է 600 հազար դրամ։ Նա ամեն ամիս վճարում է 5000 դրամ կանխավճար՝ սոցապի գծով։ Սակայն նրան ասում են՝ Պողոս ջան, ամսվա կտրվածքով 600 հազար դրամի եկամուտ ես ունեցել, ճի՞շտ է։ Պողոսը հանգիստ սրտով ասում է՝ «այո», քանի որ դրա հարկը վճարել է։ Ու դրանից հետո գալիս է շոկային հարցը՝ Պողո՛ս, իսկ որքա՞ն ծախս ես կատարել՝ փաստաթղթերով հիմնավորված։ Պողոսի համար ծախսը մեծածախ կետերից գնված ապրանքն է, որը նա հետո մի քանի դրամով ավելի վաճառել է։ Սակայն խնդիրն այն է, որ Պողոսը փաստաթղթեր չունի, պարզապես ապրանքը գնելուց չի վերցրել, դա նրան պետք չի եկել։ Իսկ եթե փաստաթուղթ չունի, նշանակում է՝ ամսական 600 հազար դրամը չի կարող նվազեցվել, այդ ամբողջը համարվում է մաքուր եկամուտ։ Իսկ դրա սոցապ վճարը վերը բերված աղյուսակի օգնությամբ կարող եք հաշվել։ Տարվա կտրվածքով այն գերազանցում է 500 հազար դրամը։
Հարկային պետական ծառայությունում (ՀՊԾ) չեն ժխտում, որ այդ խնդիրը կա, եւ անհատ ձեռնարկատերերը հայտնվել են աննախանձելի վիճակում։ Սակայն համոզված են, որ դա հենց իրենց՝ տնտեսվարողների մեղքով է։
ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասում է. «2006թ. օրենքի ուժի մեջ մտնելը պայմանավորված էր նրանով, որ անհատ ձեռնարկատերերն իմանան, որ սոցապ վճարները օրինական չափով եւ հնարավորինս քիչ վճարելու միակ նախապայմանը փաստաթղթերով աշխատելն է։ Որ կարողանան իրենց կատարած ծախսերը հիմնավորել համապատասխան փաստաթղթերով, տարվա ընթացքում այդ փաստաթղթերն ունենային, կուտակեին, տարին ավարտվելուց հետո ներկայացնեին հարկային մարմիններին, եւ սոցվճարը հաշվարկելիս՝ հաշվի առնվեին այդ նվազեցումները»։
Ըստ Ա. Ալավերդյանի, տասնյակ հազարավոր անհատ ձեռնարկատերերի մի զգալի մասը հետեւել է օրենսդրական փոփոխություններին եւ դժգոհություն հանդես չի բերել։ Նրանք փաստաթղթեր են ձեռք բերել, եւ նրանց մոտ խնդիրներ չեն առաջացել։
«Մյուս մասը տարբեր հիմնավորումներով՝ չեմ իմացել, փաստաթղթերով ապրանք չեն տրամադրում եւ այլն, ասում են, որ 2006թ.-ից ուժի մեջ մտած այս օրենքն իրենց համար բավական ծանր հարկային բեռ է առաջացնում»,- ասում է Ա. Ալավերդյանը, ում համոզմամբ՝ անհատ ձեռնարկատերերն այս դրույթի կիրառումից հետո կձգտեն բոլոր ձեռքբերումները հիմնավորել փաստաթղթերով։
Ժողովուրդն ասում է՝ աչքը տեսածից է վախենում. խանութ կամ կրպակ ունեցողը մյուս անգամ առանց փաստաթղթի դժվար թե ապրանք գնի։ Կամ գոնե տարվա ընթացքում կփորձի համապատասխան փաստաթղթեր հայթայթել։ Սակայն ի՞նչ է լինելու այս անգամ, պետք է վճարե՞ն աստղաբաշխական գումարները, թե՞ առաջին անգամ կարող է նրանց ներեն։ Պարզվում է՝ ներում-բեկում չի լինելու։ Հարկայինում խիստ են տրամադրված, ասում են՝ մենք մամուլի միջոցներով տեղեկացրել ենք, բիզնեսով զբաղվողը պետք է օրենքներին հետեւի։
Տեղեկացնելը՝ տեղեկացրել են, բայց խեղճուկրակ կրպակ աշխատեցնողը եթե հետեւի բոլոր օրենսդրական փոփոխություններին եւ լրացումներին, առեւտուր անելու ժամանակ չի մնա։ Առավել եւս, որ հարկային օրենսդրությունից անգամ հաշվապահներն են հազիվ գլուխ հանում։ Սակայն այս ամենը Հարկայինի խնդիրը չէ։ Հարկայինի խնդիրը 2007թ. հավակնոտ բյուջեն ապահովելն է։
«Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը
մինչեւ 20,000 դրամ – Սոցիալական վճարի չափը ՝ 7,000 դրամ
20,000-ից մինչեւ 100,000 դրամ – Սոցիալական վճարի չափը՝ 7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
100,000 դրամից ավելի – Սոցիալական վճարի չափը՝ 19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը»