ԱՄՆ կառավարության Սննդի եւ դեղամիջոցների գործակալությունը մարտի 7-ին զգուշացրել է ամերիկացի սպառողներին, որ Հայաստանից բերված «Ջերմուկ» հանքային ջուրը խիստ վնասակար է առողջությանը, քանի որ այն իր մեջ պարունակում է թունավոր մկնդեղ նյութի մեծ քանակություն:
Տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ԱՄՆ Սննդի եւ դեղամիջոցների գործակալությունն ահազանգել է, թե իրենք ուսումնասիրել են 500 միլիլիտր հեղուկ եւ յուրաքանչյուր 1 լիտր «Ջերմուկում» հայտնաբերել են 500-600 միկրոգրամ մկնդեղ: «Մինչդեռ գործակալության չափանիշները թույլատրում են ոչ ավելի, քան 10 միկրոգրամի պարունակություն մեկ լիտրում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սննդի եւ դեղամիջոցների գործակալությունը նաեւ ահազանգել է, թե` «մկնդեղի օգտագործումը մի քանի օրվա ընթացքում կարող է ազդել մարդու երիկամների, լյարդի, մաշկի, սրտանոթային եւ նյարդային համակարգերի վրա: Նյութի շարունակական օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ մահվան»: Գործակալությունը նաեւ նշել է, թե առայժմ «Ջերմուկի» հետեւանքով հիվանդության դեպքեր չեն գրանցվել, բայց իրենք շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի «Ջերմուկը» հանվի շուկայից:
ԱՄՆ կառավարության Սննդի եւ դեղամիջոցների գործակալության վերոնշյալ ահազանգին անմիջապես արձագանքել է Հոնկոնգի կառավարությունը` հրահանգելով դադարեցնել «Ջերմուկի» վաճառքը խանութներում:
Հայաստանի բնակչությունն, ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի, նույնպես ահաբեկված է: «Առավոտվանից մեզ են զանգահարում մեր բնակիչները. նրանք ահաբեկված ու անհանգստացած են: Որքան կարողանում ենք, հանգստացնում ենք` ասելով, որ առայժմ այդ վտանգն ապացուցված չէ»,- ասում է Արմեն Պողոսյանը: Նա դժվարությամբ հիշեց, թե երբ են վերջին անգամ պատվիրել «Ջերմուկի» կամ այլ հանքային ջրի փորձաքննություն. «Երեւի 2004 թվականին»,- փորձեց մտաբերել նա: Նրա հավաստմամբ, փորձաքննության անհրաժեշտություն չկա, քանի որ իրենց երկարատեւ տարիների աշխատանքը ցույց է տվել, որ հանքային ջրերում նորմատիվը գերազանցող ծանր մետաղների բարձր պարունակություն չկա: «Մենք նույնիսկ որոշել ենք այդ ծանր մետաղների փորձաքննություն այլեւս չպատվիրել, որովհետեւ երկարատեւ պրակտիկան մեզ այդ համոզմունքին է բերել,- ասում է Սպառողների միության նախագահ Ա. Պողոսյանը։ -Ես որքան տեղյակ եմ, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ավելի խիստ են նորմաները, բայց դա չի նշանակում, թե մեր նորման առողջության անվտանգության մտահոգիչ բաներ ունի: Պարզապես իրենց մոտ ավելի խիստ է, ու թույլատրելի կոնցենտրացիաներն ավելի ցածր են: Այդ երեւույթը, որը հայտնաբերել է ԱՄՆ կառավարությունը, ես չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ավելի խորը եւ անկախ փորձագիտության արդյունքում կարող է այն ճշտվել կամ հերքվել»: Մեր հարցին, թե` կասկածո՞ւմ եք նրանց կատարած ուսումնասիրության անաչառությանը, նա պատասխանեց. «Ես կասկածելու ոչ իրավական եւ ոչ էլ բարոյական իրավունք չունեմ: Չեզոք` երրորդ կողմի ուսումնասիրության արդյունքում կբացահայտվի ճշմարտությունը, որովհետեւ մեր ձեռնարկությունն իր լաբորատորիան ունի, ԱՄՆ ծառայությունն` իր»: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե տարբերությունը մեծ է, եւ խոսքն ամենեւին էլ 10 կամ 20 տոկոս գերազանցման մասին չէ, Ա. Պողոսյանն ասաց. «Մեզ մոտ եւ՛ մտահոգություն, եւ՛ կասկած է առաջացնում հենց այդքան մեծ գերազանցումը: Եթե խոսքը լիներ, այո, 10-20 տոկոսի մասին, այլ խոսակցություն կլիներ: Բայց քանի որ արձանագրված գերազանցումն այդքան մեծ է, դրա համար էլ մեզ մոտ կասկած կա»: Ա. Պողոսյանին խնդրեցինք մեզ տրամադրել 2004թ. փորձաքննության ենթարկված «Ջերմուկի» լաբորատոր արձանագրությունը, եւ հատկապես այն, թե որքան է «Ջերմուկում», այն ժամանակվա տվյալներով, եղել մկնդեղի պարունակությունը: Պարզվեց, որ նման առանձին կետ գոյություն չունի: «ՀՀ ստանդարտների եւ որակի ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիան, որտեղ անցկացվել է այդ փորձաքննությունը, ընդամենը մեկ նախադասությամբ է տվել իր եզրակացությունը, եւ այնտեղ մկնդեղի չափաբաժնի մասին կոնկրետ ոչինչ ասված չէ: Պատասխանը հետեւյալն է. «Փորձարկման նմուշը համապատասխանում է ՍԿՆ 2-3-4,9-01-2003 պահանջներին, ըստ 1.8 2 կետի»: Ա. Պողոսյանը նաեւ հավելեց, թե իր գլխավորած Սպառողների միությունը «վաղուց որոշել ենք այդ` մկնդեղի պարամետրը չուսումնասիրել, որովհետեւ այն միշտ եղել է նորմայի մեջ»: Որքան էլ տարօրինակ է, բայց սա ասում է մեր Սպառողների միության նախագահը: Սրանով Ա. Պողոսյանն ուզում է ասել, որ եթե այն մի քանի անգամ նորմայի մեջ է եղել, ուրեմն այլեւս պետք չէ փորձաքննության ենթարկել, որովհետեւ այն այլեւս չի կարող գերազանցել սահմանված չափաքանակը:
Ի դեպ, երեկ մեզ հաջողվեց պարզաբանումներ ստանալ նաեւ «Ջերմուկ-գրուպի» նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանից, ում համոզմամբ, այդ հայտարարությունը մեծ վնաս է հասցրել իրենց ընկերության հեղինակությանը: «Արսենիում» կոչվող նյութը կա Հայաստանի բոլոր հանքային ջրերում, որոնց բուժիչ հատկությունները պայմանավորված են հենց այդ նյութի առկայությամբ: Այսինքն` եթե այդ նյութը ջրի մեջ չլինի, ջուրը բուժիչ կոչվել չի կարող»,- պատմում էր Է. Ղազարյանը: Հիշեցրինք, որ խոսքը ոչ թե նորմայի սահմաններում եղած մկնդեղի մասին է, այլ առողջության համար վտանգավոր պարունակության` 1 լիտրում` 500-600 միկրոգրամի (թույլատրելին 1 լիտրում 10 միկրոգրամն է): «Ես կարդացել եմ ԱՄՆ կառավարության հայտարարությունը, իրենք ասում են, որ մեկ նմուշառում է արվել: Այսինքն` խոսքն ամբողջ խմբաքանակի կամ մեծ ծավալի մասին չէ: Իրենք ասում են, որ կանաչ գույնի ապակե շշից նմուշառում են արել (գրված է ոչ թե շշից, այլ` շշերից.- Լ.Ս.), եւ հայտնաբերել են նման մի բան: Հետո գրում են, թե ԱՄՆ-ում որ ընկերություններն են ջուր ներմուծում: Այդտեղ, բացի մեր գործարանից, նշել են նաեւ «Ջերմուկի» մայր գործարանի եւ «Արփի» հանքային ջրերի գործարանի անունները: Իսկ միգուցե ԱՄՆ-ում «Ջերմուկ» անվանումով այլ` ոչ օրինական ներմուծող է՞լ կա,- ասում է Է. Ղազարյանը,- Ցավոք, «Ջերմուկն» առեւտրային անվանում չէ, այն ջրի անվանում է, որը կարող են օգտագործել այդ ջուրը շշալցնող տարբեր ընկերություններ: Իրենք ասում են` «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր: Հիմա կարող է, մի հատ անբարեխիղճ տնտեսավարող ԱՄՆ-ում ոչ օրինական ներմուծում է արել կամ հենց տեղում ոչ օրինական արտադրություն է կազմակերպել, ու իրենք նմուշառումն արել են հենց դրանից (որովհետեւ խմբաքանակ չեն նշում), ու նրա պատճառով տուժում են բարեխիղճ տնտեսավարող սուբյեկտները»: Է. Ղազարյանը նշեց, որ իրենց արտադրությունն իրենք 2000 թվականից են արտահանում ԱՄՆ, եւ գրանցված են ամերիկյան «FDI» կազմակերպությունում. «Առանց «FDI» կազմակերպության եզրակացության՝ ուղղակի անհնար է ԱՄՆ-ում հանքային ջուր վաճառելը»,- ասաց Է. Ղազարյանը: Վերջինիս հիշեցրինք, որ երկու տարի առաջ էլ Հայաստանում լուրեր տարածվեցին, որ կոնկրետ «Ջերմուկ» հանքային ջուրն իր մեջ թույլատրելի նորման գերազանցող մկնդեղ է պարունակում: «Եթե մկնդեղի պարունակությունը հանքային ջրում 0.7 միկրոգրամից քիչ լինի, ապա այն հանքային ջուր կոչվել չի կարող: Հիմա մենք ունենք ստանդարտներ, թե որքան մկնդեղի պարունակություն կարող է լինել: Մեր ընկերությունում կա շատ լուրջ լաբորատորիա եւ յուրաքանչյուր երկու ժամը մեկ ստուգում ենք իրականացնում»,- ասաց Է. Ղազարյանը` ավելացնելով, որ 7 տարի շարունակ իրենք իրենց արտադրությունն արտահանում են ԱՄՆ եւ նման խնդիր չեն ունեցել: Է. Ղազարյանը նաեւ նշեց, որ «FDI» կազմակերպության այս հայտարարությունը շատ մեծ վնաս է հասցրել իրենց ընկերությանը, եւ նրանք պարտավոր են դրա համար իրենց եւ՛ պարզաբանում տալ, եւ՛ փոխհատուցում: Սակայն «Ջերմուկ գրուպն» առայժմ չի շտապում նման պահանջներ ներկայացնել, քանի որ, ըստ Է. Ղազարյանի, «FDI»-ն դեռեւս շարունակում է իր ուսումնասիրությունները: «Բայց նրանք իսկապես մեր գործարար հեղինակությանը շատ մեծ վնաս են հասցրել: Մենք իրենց մոտ գրանցված ընկերություն ենք, եւ եթե նա մեզ հետ կապված պրոբլեմ ուներ, պարտավոր էր առաջին հերթին մեզ տեղյակ պահել»: «Ջերմուկ գրուպի» նախագահի խորհրդականի կարծիքով, «FDI»-ն առաջին հերթին պետք է ոչ թե իր բնակիչներին զգուշացներ, այլ` իրենց. «Բա արտադրողին չի՞ ասում` էս ի՞նչ ես ուղարկել: Այդ դեպքում ես ինչի՞ համար եմ իրենց մոտ գրանցվել: Նշում են` կանաչ գույնի շիշ, կներեք, բայց ես այսքան ժամանակ կարմիր գույնի ապակե շիշ չեմ տեսել, որի մեջ հանքային ջուր լցրած լիներ»,- ասում է Է. Ղազարյանը:
Հ.Գ. Է. Ղազարյանի հավաստմամբ, մինչ օրս որեւէ արտահանող Հոնկոնգ հանքային ջուր չի արտահանել: «Երեւի նրանք լսել են այդ հայտարարությունն ու ամեն դեպքում նման հրահանգ են տվել»,- ասաց նա: Ի դեպ, «Ջերմուկ մայր գործարան» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Հովսեփյանը երեկ հայտարարել է, թե իրենք էլ իրենց արտահանած ջերմուկի որակի անհամապատասխանության մասին ԱՄՆ-ից ոչ մի պաշտոնական գրություն չեն ստացել: «Մեր արտադրանքը համապատասխանում է գոյություն ունեցող բոլոր չափորոշիչներին, եթե ամերիկյան կողմը նոր չափորոշիչներ ներդնելու մտադրություն ունի, ապա պետք է նախօրոք տեղեկացնի»,- ասել է նա: