Մոտ երկու ամիս է մնացել Ազգային ժողովի ընտրություններին: Պատգամավորության թեկնածուների առաջադրման փուլն ավարտված է: Արդեն իսկ ուրվագծվում է, որ որոշ ընտրատարածքներում թեժ պայքար է լինելու: Այդ ընտրատարածքներից է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքը, որտեղ Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Արաբկիրի թիվ 1 մարզադպրոցի տնօրեն, գործարար Զոհրաբ Զոհրաբյանի թեկնածությունը: Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր դառնալու ինը հավակնորդ կա: Դեռեւս դեկտեմբերին դժվար էր կանխատեսել, թե այսքան թեկնածուներ կլինեն: Թեկնածուներից Զ. Զոհրաբյանն էլ է զարմացած այս ընտրատարածքի նկատմամբ քաղաքական հետաքրքրությունից:
– Ճիշտն ասած՝ մինչ թեկնածուների առաջադրման ավարտը մտածում էի, որ հինգ-վեց թեկնածու կառաջադրվի: Բայց ստացվեց այնպես, որ հենց Արաբկիրի այս ընտրատարածքի հանդեպ առավելագույնս հետաքրքրություն ցուցաբերեցին իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական տարբեր ուժեր: Եթե նկատել եք, այս ընտրատարածքում ներկայացված է հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե ամբողջ ներկապնակը՝ սկսած իշխանամետներից եւ վերջացրած ամենաարմատական ընդդիմադիրներով: Այսօր արդեն իսկ կարելի է պնդել, որ այսքան շատ քաղաքական կուսակցություններ ներկայացնող թեկնածուների եւ համամասնական կարգով մրցող 28 քաղաքական կազմակերպությունների շահագրգիռ ներկայացուցիչների վերահսկողության ներքո նվազագույնի են հասցված ինչ-ինչ անօրինական եղանակներով ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորությունները: Այս հանգամանքն անձամբ ինձ շատ է ուրախացնում,- ասում է Զ. Զոհրաբյանը:
– Անկուսակցական լինելով, փաստորեն, այսօր դուք առաջադրված եք Հանրապետական կուսակցության կողմից: Այս հանգամանքը հավանաբար կստիպի վերանայել նաեւ Ձեր մոտեցումները մեծամասնական կարգով ընտրվող պատգամավորների գործառույթների վերաբերյալ, որոնց մասին Դուք վերջին ամիսներին բազմիցս խոսել եք:
– Իհարկե, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելը լրջագույն աջակցություն է խորհրդարանական ընտրություններում մեծամասնական համակարգով առաջադրվող թեկնածուի համար: Իմ համոզմամբ՝ այդպիսի կազմակերպված եւ կայացած ուժ թիկունքում ունենալն էլ ավելի է բարձրացնում ցանկացած թեկնածուի՝ ընտրություններում հաջողության հասնելու հնարավորությունները: Բնականաբար, նաեւ մեծանում է քաղաքական պատասխանատվությունն իմ այսօրվա եւ առավել եւս հետագա գործողություններիս համար: Հասկանալի է, որ նաեւ իմ նախընտրական ծրագիրը, որն օրենքին համապատասխան կհրապարակվի փոքր-ինչ ավելի ուշ, համահունչ է հանրապետականների նպատակներին եւ ծրագրային դրույթներին: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ, ի տարբերություն այլ քաղաքական ուժեր ներկայացնող թեկնածուների, համարում եմ, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորն իրավունք չունի իր գործառույթները սահմանափակել միմիայն, այսպես կոչված, օրենսդրական կամ քաղաքական գործունեությամբ` իր ընտրողների պրոբլեմները եւ հոգսերը թեթեւացնելու գործը թողնելով կամ հասցեագրելով բացառապես տեղական ինքնակառավարման մարմիններին:
– Չե՞ք վախենում, որ Ձեր «քաղաքական» մրցակիցները կմեղադրեն, որ ներկայացված մոտեցումներն ավելի շատ բնորոշ են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների գործառույթներին, իսկ ոմանք Ձեզ գուցե նաեւ մեղադրեն «պոպուլիզմի» մեջ:
– Նման մտահոգություն չունեմ, քանի որ պատրաստ եմ ցանկացած մրցակցիս հետ նաեւ քաղաքական բանավեճի մասնակցել, ներկայացնել եւ հիմնավորված պաշտպանել թե իմ ու թե ինձ աջակցող քաղաքական ուժի քաղաքական մոտեցումները: Իսկ եթե ձեր նշած մեղադրանքներն ինձ ներկայացնեն, ապա ես կդիմեմ ընտրողներին, եւ թող նրանք որոշեն՝ արդյո՞ք նորմալ երեւույթ է, երբ սեփական ընտրատարածքից ընտրված պատգամավորի երեսը ժողովուրդը տեսնում է միայն ընտրություններից ընտրություն, իսկ դրանց միջեւ ընկած ժամանակահատվածում իրենց ընտրյալը պարզապես անհասանելի է լինում իր ընտրողների համար: Ինչ վերաբերում է «պոպուլիզմին», ապա այդ բառն ինքնին ենթադրում է հաճոյախոսություններ՝ առանց կոնկրետ գործի: Ի տարբերություն շատ շատերի՝ ես նոր մարդ չեմ այս համայնքում, համայնքի բնակիչները շատ լավ գիտեն, որ տարիներ շարունակ իրենց ցանկացած պրոբլեմին արձագանքել եմ: Այսինքն՝ կոնկրետ գործով զբաղվել եմ եւ՛ մինչ ընտրությունները, եւ՛ նույնը կլինի ընտրություններից հետո` անկախ դրանց արդյունքից: Արաբկիրը համարվում է ամենաինտելիգենտ բնակիչներով համայնքը: Այնպես որ, նրանք ամեն ինչ տեսնում եւ շատ լավ հասկանում են, թե ո՞վ, ե՞րբ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս է իրեն դրսեւորել տարբեր իրավիճակներում: