«Փոխզիջումները չպետք է վնասեն ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը»

13/03/2007

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվի օդանավակայանում լրագրողներին հայտնել է, որ Հայաստան եւ Ադրբեջան է ժամանել` քննարկելու մարտի 14-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման նախապատրաստման հարցը: Համանախագահը հույս է հայտնել, որ այս տարի ԼՂՀ հարցը վերջնականապես կկարգավորվի: Իսկ կարգավորումը, ինչպես միշտ պնդում են, կլինի փոխզիջումների հիման վրա: Իսկ ո՞րն է լինելու հայկական կողմի զիջումը: Այս հարցի պատասխանը փորձում էր ստանալ Արցախի պետհամալսարանի ուսանող Հովիկ Բադասյանը` ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել է, որ մի քանի անգամ փորձել են դիմել միջազգային դատարան. ոչ մեկին իրավական եւ պատմական կողմը, դժբախտաբար, չի հետաքրքրում, բոլորը փնտրում են քաղաքական լուծում, որը ենթադրում է փոխզիջում: Իսկ փոխզիջումները, ըստ նախագահի, չպետք է վնասեն Ղարաբաղի անկախությունն ու անվտանգությունը: Հ. Բադասյանը հակադարձեց, թե հայկական կողմի զիջումն արդեն եղել է`1994-ի մայիսի 12-ին. «Ավելին, մեզ հյուսիսային Արցախ է սպասվում, հարթավայրային Ղարաբաղ է սպասվում, եթե այդպես չանենք, ապա գալիք սերունդը մեզ չի ների»: Ի պատասխան ուսանողի, Ա. Ղուկասյանն ասաց. «Ուրախ եմ, որ մեր երիտասարդներն այդպես են մտածում, որ զիջելու բան չունենք: Բայց եթե մենք լինեինք շատ ուժեղ ու հզոր պետություն, մեր դիրքորոշումը ճիշտ կլիներ, եւ ուրիշի կարծիքը մեզ չէր հետաքրքրի: Պատմության տեսանկյունից, համոզված եմ, որ ճիշտ ենք, մենք ենք կորցրել: Դժբախտաբար, մենք այն պետությունը չենք, եւ դժվար թե մոտակա տարիներին դառնանք այն պետությունը, որ կռվենք ամբողջ միջազգային հանրության դեմ: Իհարկե, այդ հնարավորությունը մենք չունենք, փոքր երկիր ենք, շրջապատված ենք թշնամական երկրներով, հայտնվում ենք իզոլյացիայի մեջ, բնական է, որ այս իրավիճակում այդպիսի դիրքորոշում չենք կարող ունենալ: Դժբախտաբար, այդ ճիշտը չի ընդունվում միջազգային հանրության կողմից: Իհարկե, մեզ այսօր չեն ասում, որ՝ պետք է գնանք փոխզիջումների, որովհետեւ սխալ ենք, այլ ասում են, որ փոխզիջումների պետք է գնաnք, որովհետեւ հակառակ դեպքում հնարավոր է նորից պատերազմ սկսվի, կամ Հայաստանը եւ Ղարաբաղը դուրս մնան տարածաշրջանային նախագծերից: Ասում են` Ադրբեջանը նավթ, գազ ունի եւ, հնարավոր է, ուժեղանա եւ պատերազմ սկսի: Դրա համար մեր նպատակը հետեւյալն է. անել ամեն ինչ, որ պատերազմ չլինի: Բայց փոխզիջումները չպետք է վերաբերեն սկզբունքային հարցերին: Մենք երբեւէ չենք հրաժարվելու մեր անկախությունից: Մենք գիտենք՝ ինչը կարող ենք զիջել եւ ինչը չենք կարող զիջել: Ամեն դեպքում, պետք է հասկանանք մի բան, որ 100 տարի պատերազմական եւ ռազմական վիճակում չենք կարող ապրել, պետք է խաղաղություն հաստատենք եւ ձգտում ենք դրան: Ես չեմ գտնում, որ մենք միշտ պետք է ադրբեջանցու մեջ թշնամի տեսնենք, եւ կուզենայի, որ նրանք էլ մեզ թշնամի չընդունեն: Պետք է համոզենք, որ Ղարաբաղը հանգիստ թողնեն, որ Ղարաբաղը վաստակել է իր անկախությունը, ի վիճակի է ինքնաբավ պետություն լինել եւ կառուցել ժողովրդավարական երկիր»: