Գյումրիի քաղաքապետն արձագանքեց

13/03/2007

Մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակված «Կամ ինձ կվառեմ, կամ կգցվեմ շենքից» հրապարակմանն արձագանքել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Հիշեցնենք, որ Մալաթիա համայնքում բնակվող Կարեն Գեւորգյանը սպառնում էր տանիքից ցած նետվել՝ ասելով, որ սոցիալապես անելանելի վիճակում է եւ իր խնդիրներին լուծում չի գտնում: Կ. Գեւորգյանը «Հայխնայբանկի» ավանդատուներից է, ում սոցիալական ծառայության աշխատակիցները հորդորել են, թե որպես անապահով ընտանիք՝ առաջնահերթ ցուցակում կընդգրկեն, սակայն վերջինիս անունը գրանցել են 22.000-րդից հետո: Նրա աղջիկը սովորում է համալսարանի 5-րդ կուրսում եւ այս տարվա վարձավճարը չմուծելու համար համալսարանից դուրս էր մնում: Գումարը վճարելու վերջնաժամկետը մարտի 15-ն է: Ինչեւէ, հրապարակումից անմիջապես հետո մեզ զանգահարեց Գյումրիի քաղաքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը եւ հայտնեց, որ քաղաքապետ Վ. Ղուկասյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ընտանիքին: Կ. Գեւորգյանի աղջկա վարձավճարը կազմում է 150.000 դրամ, եւ քաղաքապետը մինչեւ մարտի 15-ը գումարը կփոխանցի համալսարանի հաշվեհամարով: