Մեղադրում են օդաչուներին

13/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ավիացիոն միջպետական կոմիտեն (ԱՄԿ) մարտի 8-ին հրապարակեց անցած տարի Սոչիում վթարի ենթարկված «Արմավիայի» «A-320» օդանավի աղետի պատճառների մասին իր վերջնական եզրակացությունը:

ԱՄԿ-ն իր նախնական եզրակացությունը հրապարակել էր դեռեւս 2006թ. հուլիսին, եւ այս նորը ոչնչով չի տարբերվում նախորդից: Նախնական եզրակացության մեջ ԱՄԿ-ն ինքնաթիռի վթարի հիմնական «մեղավոր» էր նշել օդաչուներին: Եվ այս անգամ էլ պնդել է նույն կարծիքը: «Շրջապտույտի իրականացման ընթացքում օդանավի հրամանատարն անջատել է ինքնաթիռի ինքնավար աշխատակարգը եւ բարձրության հավաքման թռիչքային կարճ հատվածից հետո, իր կողմից ինքնաթիռի դիրքի հորիզոնական եւ ուղղաձիգ թեքվածության վերահսկման կորստի պայմաններում, ինքնաթիռի կառավարման գործողություններով ինքնաթիռը դրել է իջեցման ընթացքի մեջ,- նշված է ԱՄԿ եզրակացության մեջ: -Հրամանատարի նման ոչ համարժեք գործողությունների դեպքում, բացակայել է նաեւ երկրորդ օդաչուի կողմից անհրաժեշտ հսկողությունը իջեցման պարամետրերի նկատմամբ (ուղղաձիգ թեքվածություն, բարձրություն, ուղղաձիգ արագություն): Անձնակազմի հետագա գործողությունները նպատակաուղղված արդեն անհրաժեշտ վերասլացին, երկրին մոտենալու նախազգուշացման համակարգի ազդանշանման ընթացքում, եղել են ոչ կոորդինացված եւ անբավարար ինքնաթիռը իջեցումից դուրս հանելու համար»:

Նախնական եզրակացության հրապարակումից հետո հայկական կողմը ԱՄԿ-ին առաջարկել էր պարզել, թե հրամանատարն այդ պահին ինչո՞ւ է անգործունակ եղել: «A-320»-ի թռիչքի վերջին վայրկյաններին միգուցե օդաչուն առողջական պատճառներո՞վ ի վիճակի չի եղել օդանավն ուղղել: Բացի այդ, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վաչությունը (ՔԱԳՎ) իր դիտողություններն էր հայտնել այդ փաստաթղթի վերաբերյալ՝ առաջարկելով ավելի մանրամասն քննել հայկական օդանավի վայրէջքի եւ վթարի պահին դիսպետչերի կատարած բոլոր գործողություններն ու հրահանգները: Մինչդեռ ԱՄԿ-ն հայկական կողմի դիտողություններն այն ժամանակ ընդամենը կցել էր իր եզրակացությանը եւ ուսումնասիրության չէր առել: Պարզ է, որ դրանից հետո էլ քննության առարկա չի դարձրել եւ յոթ ամիս հետո մերոնց նույն փաստաթուղթն է դեմ տվել: Իսկ հայկական կողմը ոչինչ անել չի կարող: Այս անգամ էլ ՔԱԳՎ մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ իրենք իրենց անհամաձայնությունը հայտնել են՝ դիտողությունների փաթեթ ուղարկելով: Արդյո՞ք ԱՄԿ եզրակացությունը չի ուզում վիճարկել նաեւ վթարված օդանավի սեփականատեր «Արմավիա» ընկերությունը: «Մենք դեռ պաշտոնապես չենք ստացել այդ փաստաթուղթը եւ միայն մամուլի հրապարակումների վրա հիմնվելով ոչինչ ասել չենք կարող»,- պատասխանեց ընկերության փոխտնօրեն Իլարիոն Ղարիբյանը:

Հենց սկզբից էլ պարզ էր, որ օդանավի վթարի մեղքը բարդվելու է զոհված օդաչուների վրա: Դա զգացվում էր ռուսական կողմի հայտարարություններից եւ հրապարակումներից: Եվ հենց սկզբից էլ (ցանկության դեպքում) հայկական կողմը պետք է հստակ ունենար իր գործողությունների պլանը՝ թե ինչպե՞ս վիճարկել ԱՄԿ եզրակացությունը: Բայց հենց սկզբից էլ պարզ էր, որ ԱՄԿ-ն կամ Ռուսաստանը ինչ որոշեն, մերոնք դա էլ ընդունելու են: Միայն ձեւի համար փոքր-ինչ կընդդիմանան: Այդպես էլ եղավ: Բայց համակերպվելու մտքի հետ համաձայն չեն զոհվածների ու հատկապես օդաչուների հարազատները: «Մենք մեկ ուրիշ հետաքննություն էլ ենք պատվիրել,- ասաց վթարված օդանավի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի այրին՝ տիկին Լենան: -Դա միջազգային անկախ ընկերություն է եւ, արդեն 3 ամիս է, ինչ սկսել է իր աշխատանքները: Մեզ տեղեկացրել են, որ առաջիկա մի քանի ամիսներին հավաքելու են վթարի հետ կապված տվյալները, հետո արդեն կսկսեն բուն հետաքննությունը: Այդ ընկերության մասնագետները կասկածներ ունեն, որ վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով»:

Եթե հիշում եք՝ վթարի հենց առաջին օրերից հայկական կողմը հերքեց ինքնաթիռի անսարքության վարկածը, որը հետո պաշտպանվեց ԱՄԿ եզրակացության մեջ: Բայց այդ օրերին ոչ պաշտոնապես շրջանառվում էր այդ վարկածը: Կարծիք կար, որ հայ եւ ռուս կողմերը հետաքննությանը մասնակցող ֆրանսիական «Էյրբաս» ընկերության ներկայացուցիչների հետ համաձայնության են եկել, որ ի սկզբանե բացառվի ինքնաթիռի անսարքության վարկածը: «A-320» օդանավի աղետից անցել է ավելի քան տասն ամիս: Այդ ընթացքում կատարված որեւէ հետաքննություն վերջնականապես չկարողացավ պարզել, թե իրականում ինքնաթիռն ինչո՞ւ է աղետի ենթարկվել: Այդ օրերին բազմաթիվ վարկածներ էին հնչում, սակայն ընտրվեց ամենաանմեղ տարբերակը՝ մեղադրել այլեւս գոյություն չունեցող մարդկանց: Նրանք չեն կարող ճշմարտությունն ասել եւ իրենց պաշտպանել: Բոլոր դեպքերում, հանրությունն էլ մնում է այն կարծիքին, թե վթարի իրական պատճառները պահվում են թաքուն, իսկ մեղավորներն էլ՝ ազատության մեջ են:

Հիշեցնենք նաեւ, որ այս վթարի պատճառով քրեական գործ էր հարուցվել թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի Գլխավոր դատախազություններում: ՀՀ Գլխավոր դատախազությունից պատասխանեցին, որ գործը գտնվում է նախաքննության ընթացքում, եւ սպասում են ԱՄԿ վերջնական եզրակացությանը, որպեսզի իրենց եզրակացությունը տան: ԱՄԿ փաստաթուղթը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը, հավանաբար, կկարճի գործը, որովհետեւ «մեղադրյալները» կենդանի չեն: