Անցյալ տարի Երեւանում պասիվ ծխելու հետեւանքով մահացել է 3 տարեկան մի երեխա: Դիահերձումից հետո բժիշկները երեխայի թոքերը գտել են գորշ (պետք է լիներ վարդագույն) վիճակում: Մահվան պատճառ է դարձել մանկան օրգանիզմի՝ սուր-շնչառական հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը եւ այն հանգամանքը, որ նրա ընտանիքի բոլոր անդամները (նաեւ մայրը) ունեցել են ծխելու սովորություն:
«Եթե դուք տանը ունեք երեխա եւ ծխում եք նրա ներկայությամբ, ուրեմն դա հավասարազոր է նրան, որ գլանակը նրա շուրթերին եք վառում»,- ասում է ՀՀ Առողջապահության նախարարության Հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը: Մասնագետները հավաստիացնում են, որ արտաշնչած ծխի ներշնչումը վնասակար ազդեցություն է թողնում երեխայի աճի վրա, խթանում շնչառական եւ այլ մանկական հիվանդությունները: Իսկ ՀՀ ԱՎԾ 2006թ. վիճակագրական տարեգրքի համաձայն, 2005թ. հանրապետությունում գրանցված մանկական մահերի մոտ 11 %-ի պատճառ հանդիսացել են սուր-շնչառական վարակները (ՍՇՎ): «Ի տարբերություն մեծահասակների, երեխաները 2 անգամ ավելի արագ են շնչում: Հակառակ իրենց կամքի, երեխաները՝ գտնվելով ծխող մարդկանց միջավայրում` ենթարկվում են երկրորդական ծխի ազդեցությանը: Բժշկության մեջ գոյություն ունի նաեւ հանկարծամահության սինդրոմ, որը բնորոշ է ծխող կանանց երեխաներին: Հանկարծամահության սինդրոմը մեծ է, երբ որ մայրը ծխում է հղի ժամանակ: Մեկ այլ դաժան անվանմամբ՝ այն կոչվում է մահ օրորոցում, երբ նորածնի սիրտը հանկարծակի կանգ է առնում»,- մեկնաբանում է Ա. Բազարչյանը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, Հայաստանը համարվում է ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված մահացության ցուցանիշի միջին եւ աճող մակարդակ ունեցող երկիր, որը պայմանավորված է տրախեայի, բրոնխների եւ թոքի քաղցկեղից մահացության բարձր տոկոսով` 100 հազարի հաշվով, 0-64 տարեկան կին եւ տղամարդ բնակչությանը բաժին է ընկնում 53 դեպք (2003թ.): Ծխելը համամարդկային հիմնախնդիր է: Եվրամիության երկրներում 2005-ից մեկնարկել է ծխելու դեմ լայնամասշտաբ արշավ: Ըստ մամուլի հրապարակումների, հակածխախոտային արշավի անցկացման համար Եվրամիության գործադիր իշխանությունը հատկացրել է, ընդհանուր առմամբ, 76 մլն եվրո: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ֆիլիպ Տոդի խոսքերով, ամեն տարի պասիվ ծխելուց առաջացած հիվանդությունների հետեւանքով մահանում է մինչեւ 19 հազար մարդ: Իսկ ահա վերջերս կատարված ԱՀԿ գիտնականների մռայլ կանխատեսումների եւ հաշվարկների համաձայն, ծխախոտի օգտագործման արդյունքում առաջացող մահացությունը 2005թ. 5,4 մլն մարդուց 2030թ. կհասնի մինչեւ 8,3 մլն-ի: Ծխելը կհանդիսանա յուրաքանչյուր տասը մարդուց մեկի մահվան պատճառը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ պետբյուջեով 100 մլն դրամ է հատկացվում ծխելու դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար: «Ծխողները թմրամոլներ են: Նրանց ձեռնտու է, որ օրենքներ չլինեն, ինֆորմացիա չլինի այն մասին, որ ծխելով ինքը վնասում է իր երեխային, որովհետեւ դա խանգարում է իր ծխելուն»,- նկատում է «Ծխելը դադարելու կենտրոնի» ղեկավար, բժիշկ Դավիթ Պետրոսյանը, որի կարծիքով, հասարակության ամենավտանգված խումբը դեռահասներն են: «Ծխելու դեմ իրականացվող պետական միջոցառումները կնպաստեն նրան, որ երիտասարդները չսկսեն ծխել: Ծխախոտաինդուստրիայի հիմնական ռազմավարությունը դեռահաս չծխողներին ծխող դարձնելն է, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ եթե մարդը դարձավ ծխախոտամոլ, ուրեմն արդեն իրենցն է»,- ասում է բժիշկ Պետրոսյանը:
Երեւանից դուրս կանայք չեն ծխում
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում ծխում են կանանց շուրջ 4 եւ տղամարդկանց 61 %-ը: Օրինակ, կանայք ծխում են միջինը 9-10 հատ, տղամարդիկ` 18-20: Կանանց ծխախոտից կախվածությունը կարծես չի դիտվում որպես հանրային առողջության հիմնախնդիր: «Մարզերում, մանավանդ գյուղերում ընդունված չէ կանանց ծխելը, դրա համար ահազանգել, որ կանայք շատ են ծխում, սխալ պատկերացում է»,- ասում է Դ. Պետրոսյանը: Որպես կանոն, կանանց մեծ մասը թաքցնում են իրենց ծխելը, վերջիններս ծխում են միայն հատուկ վայրերում` սրճարաններում, ռեստորաններում, աշխատավայրերում: Ընդ որում, բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի շատ են ծխում: Ինչպե՞ս պայքարել այս վատ սովորության դեմ:
Հատուկ հետազոտություններ չկան այն մասին, թե մասնագիտությունն ինչպիսի նշանակություն ունի ծխամոլության հարցում: Սակայն, դիտարկումների համաձայն, տեսանելի դաշտում առավել շատ ծխողի համբավ ունեն վարորդները: ՀՀ օրենսդրությամբ արգելվում է տրանսպորտային միջոցներում ծխելը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երթուղային տաքսիներում փակց ված են թերթոններ, որտեղ ուղեւորներին ծանուցվում է վարորդից պահանջել չծխել: Իհարկե, վարորդներն այս ամենին միանշանակ չեն վերաբերվում, համոզված լինելով, թե դա վերաբերում է միայն ուղեւորներին: Նրանցից մեկն, օրինակ, պնդում էր, որ ծխելն իր իրավասությունների շրջանակում է, եւ եթե որեւէ ուղեւոր արգելի իրեն ծխել իր իսկ ավտոմեքենայում, նա պարզապես կիջեցնի ուղեւորին: Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչությունից հավաստիացնում են, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում, քաղաքացիների բողոքների արդյունքում, բազմաթիվ երթուղայինի վարորդներ աշխատանքից ազատվել են: Սակայն կոնկրետ դեպքեր չեն նշվում: Դ. Պետրոսյանը կարծում է, որ այսօր ծխողները ստիպված են լինում թողնել ծխելը միայն ծանր հիվանդության պատճառով: Ցավոք, տնտեսական պայմանները ծխելուց հրաժարվելու գործում դեռեւս Հայաստանում չեն կիրառվում: «Մեզ մոտ աշխատանքի ընդունելիս մարդուն չեն դնում երկընտրանքի առջեւ: Գրասենյակներում մարդիկ շարունակում են ծխել, ինչը գալիս է հիմնարկի ղեկավարից: Վերահսկողության առումով պետության կողմից կա լուրջ բացթողում, ոչ մի պատժամիջոց չի սահմանվում: Սակայն յուրաքանչյուր երկրում գոյություն ունի ծխողների 20-20%, որոնց շատ դժվար է համոզել` թողնել ծխելը: Անձամբ Ռ. Քոչարյանը չի ծխում եւ առողջ ապրելակերպի կողմնակից է: Հետագայում, եթե նախագահը լինի ծխող, կարող է ծխելու դեմ պայքարի քաղաքականության վեկտորը փոխվի»,- մտավախություն է հայտնում Դ. Պետրոսյանը:
Այսօր շատ ծխողներ կան նաեւ բժիշկների շրջանում, ընդ որում, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց: «Քանի դեռ կան այդ քանակի ծխողներ, հանրային առողջության ջանքերն այդ ուղղությամբ խիստ նվազում են, որովհետեւ բժիշկների օրինակը հնչեղ է»,- նկատում է բժիշկ Պետրոսյանը, որը չի ծխում: Իսկ ահա Ալեքսանդր Բազարչյանը (նույնպես չի ծխում) կարծում է, որ պետք չէ հասարակությանը բաժանել ծխողների եւ չծխողների: Նրա համոզմամբ, միայն օրենսդրությամբ հնարավոր չէ պայքարել, յուրաքանչյուր ոք անձամբ պետք է պայքարի: «Ծխախոտը մեզ մոտ շատ մատչելի է: Դրա համար պետք է կիրառել գնային մեխանիզմը: Թանկացումը նույնպես կարող է նվազեցնել ծխախոտի օգտագործումը: Միջոցառումներն առաջին հերթին ուղղված են վարքագծի եւ մտածելակերպի փոփոխությանը»,- նշում է Ա. Բազարչյանը: