Սպառնացել է աղմուկ հանել

10/03/2007

Չնայած «Դաշինքի» ղեկավարները հրապարակավ պնդում են, որ ՀՀ քաղաքացիության հարցի շուրջ Սամվել Բաբայանը ոչ մի խնդիր չունի, այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ Ս. Բաբայանի քաղաքացիության, ուրեմն նաեւ՝ նրա, որպես պատգամավորի թեկնածուի գրանցելու կամ չգրանցելու շուրջ ծագած խոսակցությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել «Դաշինքի» առաջնորդի մոտ: Մեր տեղեկություններով՝ այս հարցի շուրջ նա հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի աշխատակազմի որոշ ազդեցիկ պաշտոնյաների հետ, որոնք նախազգուշացվել են, որ եթե ինչ-որ պատճառներով իր թեկնածությունը չգրանցվի, ապա դիմելու է Սահմանադրական դատարան: Մեր աղբյուրի տվյալներով` «Դաշինքի» ղեկավարը նախազգուշացրել է, որ պատրաստ է լուրջ ու աղմկալի բացահայտումներով հանդես գալ Սահմանադրական դատարանում: Մեր աղբյուրի հավաստմամբ՝ Ս. Բաբայանն առանձնակի լավ հարաբերություններ ունի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Հիշեցնենք, որ 1998թ. արտահերթ ընտրությունների շեմին խոսակցություններ էին պտտվում, որ Սամվել Բաբայանը, որպես ՀՀ Նախագահի թեկնածու՝ տեսնում է հենց Գագիկ Հարությունյանին, որին «Դաշինքի» նախագահը միշտ էլ համարել է «հարմար` ոչ մեծ հավակնություններ ունեցող թեկնածու»: