Դեռ խորհրդային շրջանում «Իզվեստիա» թերթում տպագրվեց «Հայկական հյուրասիրություն եւ ռուսական շնորհակալությունը» հոդվածը, եւ բոլորը համոզվեցին, թե մենք ինչ հյուրասեր ազգ ենք:
Չգիտեմ՝ մարդկանց սոցիալական վիճակի՞ց է, թե՞ շուկայական հարաբերություններն են մեղավոր, բայց արեւմտյան արժեքներից մենք առայժմ ընդօրինակել ենք միայն արեւմտյան ոճի հյուրասիրությունը, այն էլ՝ ազգային մենթալիտետից բխող երանգներով: Որովհետեւ եթե առաջ մենք հյուրասիրում էինք, ապա այսօր հիմնականում «պատիվ ենք տալիս», ընդ որում՝ սկսած Միացյալ Նահանգներում արտադրված «Մարլբորոյի» հատիկից, վերջացրած պուտանկաներով` կախված հյուրի կարգավիճակից եւ այն բանից, թե նրանից ինչ ակնկալիքներ ունենք: Փաստորեն, այս ամենը հարց լուծելու ձեւերից մեկն է: Իհարկե, եթե Դուք միամտաբար կարծում եք, որ «պատիվ տալով» կարելի է հարց լուծել, ապա չարաչար սխալվում եք: Սա ընդամենը հարց լուծելու աքսեսուարներից մեկն է, այսպես կոչված` «թաշախուստը»: Օրինակ, եթե Դուք ուզում եք պաշտոն ստանալ կամ շահել ինչ-որ տենդեր, կամ ընտրությունների ժամանակ տեղ գրավել որեւիցե անցողիկ կուսակցության առաջին տասնյակում, կամ ազատվել հարկերից, ապա ձեր «շուստրի» ծանոթներից մեկը Ձեզ կառաջարկի` նախ «պատիվ տալ» շեֆին (տվյալ դեպքում` «շեֆ» հասկացողությունը շատ լայն է), որից հետո շեֆը կհամոզվի, որ Դուք «լավ տղա եք», եւ Ձեզ կարելի է լավություն անել: Մնացածն` արդեն ծանոթ սցենարով. եթե Դուք ավելի «շուստրի եք», ապա «քփանում եք» շեֆի հետ եւ գործի համար փողը (այս դեպքում` դա ոչ թե կաշառք է, այլ «լավության տակից դուրս գալ») անմիջապես տալիս նրան, իսկ եթե ոչ, ապա այդ փողը շեֆին կհասցնի Ձեր ծանոթը:
Ճիշտն ասած՝ մենք մի քիչ շեղվեցինք բուն թեմայից: Վերադառնանք հյուրասիրությանը: Այսօր Հայաստանում հյուրասիրության ամենատարածված ձեւը դեսերտն է` սուրճ եւ հյուրի բերած բոնբոներկայի կոնֆետները: Եթե տանտիրուհին ավելի բարյացակամ է տրամադրված հյուրի նկատմամբ, ապա վերը նշվածին կարող է ավելանալ թխվածք եւ, չգիտես ինչու, շերտ-շերտ կտրված մի հատիկ բանան եւ անպայման լիկյոր: Իհարկե, կա նաեւ հյուրասիրության մեկ այլ ձեւ, երբ հրավիրում են իրենց տուն՝ «տնավարի հաց ուտելու»: Այս արտահայտությունն առաջացավ այն պահից, երբ մենք սկսեցինք օգտվել պիցցաներից, սենդվիչներից եւ հոթ-դոգերից: Այսպիսով, եթե Ձեզ հրավիրում են «տնավարի հաց ուտելու», ապա 100 տոկոսով կարող եք համոզված լինել, որ ոչ հայկական ուտեստներից (խաշ, խորոված, տոլմա եւ այլն) կլինի լավագույն դեպքում վրացական խինկալին:
Կա հյուրասիրության ավելի «նրբաճաշակ» ձեւը, երբ բարձրաստիճան հյուրերին «Պապլավոկում» ջազ են հյուրասիրում: Այս դեպքում` արդեն չի հետաքրքրում՝ հյուրը դասական երաժշտությո՞ւն է սիրում, թե՞ «ճպՐվօռ ոցՎպՐ» երգը: Նա պարտավոր է լսել հին հայկական ջազ:
Այս ամենն, իհարկե, ժամանակավոր բնույթ է կրում: Մի բան է միայն անհանգստացնում: Եթե մենք պետք է եվրոպացի դառնանք նրանով, որ մեր եղբոր կամ քրոջ, հարազատի կամ ընկերոջ տուն գնանք միայն զանգելուց եւ նրանցից թույլտվություն հարցնելուց հետո, ապա ես համաձայն եմ, որ ինձ ոչ միայն ասիացի ասեն, այլեւ` պապուաս: