Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, ասել է, որ այդ թեման արտացոլվելու է այն զեկույցում, որը հասարակայնությանն է ներկայացվելու 2007 թվականի կեսերին: «Քանի որ մենք դեռեւս ուսումնասիրություններ ենք կատարում այդ զեկույցի համար, ես չեմ ցանկանում այժմ գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,- «Trend»-ին ասել է նա: Խոսելով Հարավային Կովկասի տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանն օժանդակելու Եվրամիության հնարավորությունների մասին՝ Ս. Ֆրեյզերը նշել է, որ Գործողությունների եվրոպական ծրագրին Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միանալուց հետո ԵՄ-ն սկսել է ակտիվ մասնակցություն ունենալ Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ավելի ու ավելի են մեծանում Եվրամիության հնարավորությունները Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման գործում, եւ դա բնավ էլ չի նշանակում, որ ԵՄ-ն հայտարարություններ անելու փոխարեն ռազմական ուժ է կիրառելու,- ասել է Ֆրեյզերը եւ հավելել,- ըստ իս՝ լավագույն օգնությունը, որ կարող է ցույց տալ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամ դառնալն է»: Ս Ֆրեյզերի կարծիքով՝ Հարավային Կովկասի հակամարտությունները լուծելու համար «կողմերը պետք է միասին նստեն եւ պատրաստ լինեն դժվարին փոխզիջումների»: «Ոչ մի կառավարություն չպետք է իր քաղաքացիներին խոստանա, որ հակամարտությունները արագորեն կլուծի ռազմական ճանապարհով: Հակամարտության կողմերի միջեւ հարաբերություններ եւ վստահություն հաստատելու սուր անհրաժեշտություն կա: Պետք է պատերազմի ժամանակ տարագրված բոլոր անձանց համար իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու պայմաններ ստեղծվեն»,- ասել է նա: «Կողմերը պետք է հասկանան, որ հակամարտությունների լուծումից իրենք օգուտ կստանան, հատկապես՝ տնտեսական զարգացումից ու առեւտրից: Եթե Հարավային Կովկասը գործի որպես տնտեսական գոտի, դա մեծ թվով օտարերկրյա ներդրողների կբերի այստեղ»,- նշել է Ֆրեյզերը: Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են ազդել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի վրա, Ֆրեյզերն ասել է, որ այդ ընտրությունները «մեծապես կազդեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»: «Բայց առայժմ վաղ է խոսել այն մասին, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում, եւ այդ կուսակցությունն ինչ դիրք կբռնի ղարաբաղյան հակամարտության նկատմամբ»: Նա հավելել է, որ Միջազգային ճգնաժամային խմբի ներկայացուցիչները հետեւելու են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: