«Ես ծնված օրվանից Հակոբ Հակոբյան եմ»

10/03/2007 Զրուցեց Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Էջմիածնի թիվ 19 ընտրատարածքում ստեղծված իրավիճակը, որը նման է զավեշտի, պարզվում է` շարունակվելու է մինչեւ վերջ: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված 4 թեկնածուներից երկուսը, ինչպես հայտնի է, Հակոբ Հակոբյաններ են, երկուսն էլ ՀՀԿ-ից, երկուսն էլ ծնվել են նույն թվականին` 1963թ., երկուսն էլ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ:

Մի խոսքով, ցուցակում նրանց անվան դիմաց գրված միակ տարբերությունը հայրանունն է, եւ եթե բացառության կարգով այս ընտրատարածքին տրվող քվեաթերթիկների վրա նրանց անվան դիմաց Հակոբյանների նկարները կամ մականունները չլինեն, ապա միակ բանը, որ կարող է անել ընտրողը, դա երկու Հակոբ Հակոբյանների հայրանուններին ծանոթանալն է, որպեսզի կարողանա քվեախցում կողմնորոշվել, թե որ Հակոբ Հակոբյանին է ցանկանում տալ իր ձայնը: Բարեբախտաբար, արտաքինով երկու Հակոբ Հակոբյանների տարբերությունը մեծ է, դրանում մենք համոզվեցինք երեկ` անձամբ տեսնելով նաեւ երկրորդ` ոչ ԱԺ պատգամավոր Հակոբ Վարշամի Հակոբյանին: Վերջինս, ի տարբերություն Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի, ցածրահասակ է, մազերը սեւ են, ու գրեթե միշտ փողկապով է (տես` նկարը):

– Պարոն Հակոբյան, ձեզ ծնված օրվանի՞ց են ասում Հակոբ Հակոբյան, թե՞ նոր եք փոխել ձեր անուն-ազգանունը: Ծննդյան վկայականում եւ անձնագրում Հակոբ Հակոբյա՞ն եք, թե՞ թիվ 19 ընտրատարածքում առաջադրվելու համար եք այն հարմարեցրել ձեր մրցակցի անուն-ազգանվանը:

– Այո, ես ծնված օրվանից Հակոբ Հակոբյան եմ: 1989 թվականից ակտիվորեն մասնակցում եմ քաղաքական բոլոր գործընթացներին, եղել եմ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետո` ԱԺՄ կուսակցության խորհրդի անդամ: Իսկ այժմ Հանրապետական կուսակցության անդամ եմ: Այնպես որ` որպես Հակոբ Հակոբյան՝ քաղաքական դաշտում հայտնի անձնավորություն եմ, եւ այնպես չէ, որ ինձ չեն ճանաչում: Ինձ բոլորն էլ որպես Հակոբ Հակոբյան լավ ճանաչում են:

– Քվեաթերթիկի վրա մյուս Հակոբ Հակոբյանից տարբերվելու եք միայն հայրանունով, ընտրողը շփոթմունքի մեջ է ընկնելու: Չե՞ք կարծում, որ սխալ եք ընտրել ընտրատարածքը:

– Թիվ 19 ընտրատարածքում ես բազմաթիվ ազգականներ, խնամիական կապեր ունեմ: Այնտեղ է անցել իմ մանկությունը: Ես ուսանողական տարիներին 10 տարի վարձով ապրել եմ Էջմիածնում, եւ թիվ 19 ընտրատարածքն ինձ հոգեհարազատ տարածք է: Իմ կապն այս տարիների ընթացքում չի էլ կտրվել Էջմիածնից. բարեկամներս, ընկերներս այնտեղ են ապրում, եւ այնտեղ միշտ հանդիպումներ եմ ունենում: Իսկ ինչ վերաբերում է շփոթելուն, ապա ես չեմ կարծում, թե իմ հայրենակիցներն այնքան միամիտ են, որ Հակոբ Հակոբյաններին շփոթեն: Միանշանակ դա այդպես չէ: Թիվ 19 ընտրատարածքում ես ունեմ իմ ձայները եւ ես իմ մրցակիցներին միայն մամուլից գիտեմ, անձամբ չեմ ճանաչում: Ի դեպ, մեր ընտրատարածքում նաեւ կին թեկնածու կա, եւ, օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նրա Մարտի 8-ը:

– Դուք ձեր կուսակից Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին չե՞ք ճանաչում, անձամբ չե՞ք տեսել:

– Ոչ, նրա հետ առնչություն չեմ ունեցել, նրան անգամ դեմքով չեմ ճանաչում: Ես իր մասին տեղեկացել եմ միայն մամուլից:

– Ե՞րբ եք դարձել հանրապետական:

– 2007 թվականին:

– Իսկ ինչո՞ւ որոշեցիք դառնալ հանրապետական:

– Որովհետեւ ՀՀԿ-ն դավանում է բոլորիս հոգեհարազատ Նժդեհի ազատական գաղափարներին: Բացի այդ, այդ կուսակցության առաջնորդներն, ի տարբերություն մնացած կուսակցությունների, լուրջ քաղաքական գործիչներ են` Սերժ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, եւ ես, որպես կուսակցական մարդ, ուզում եմ իմ մասնակցությունը ներդնել պետական շինարարության մեջ: Դրա համար ես որոշեցի քաղաքական իմ գործունեությունը շարունակել Հանրապետական կուսակցությունում: Կոալիցիոն կուսակցությունների մեջ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, ու մենք օր օրի տեսնում ենք մեր երկրի առաջխաղացումը:

– Ձեր կարծիքով, ո՞վ է ձեր ռեալ մրցակիցը:

– Ինձ համար բոլորն էլ մեկ են, բոլորն էլ հավասար մրցակիցներ են: Ես նրանց բոլորին էլ հարգում եմ, ու բոլորին էլ համարում եմ ուժեղ մրցակիցներ:

– Ձեր թեկնածությունն առաջադրելուց առաջ գնացե՞լ եք ընտրատարածք` համոզվելու համար, թե հաղթելու ինչ հնարավորություններ ունեք:

– Իմ հնարավորությունները բավականին մեծ են, դեռ աշխատանքներ ունեմ անելու: Մայիսի 12-ին կգա օրը, բարին էլ հետը… Իմիջայլոց, գնալու եմ մինչեւ վերջ, թեկնածությունս չեմ հանելու, շատ լուրջ եմ տրամադրված հանուն մեր ժողովրդի, հանուն մեր վաղարշապատցիների: Ժողովրդին ներկայացնելու հստակ ծրագիր ունեմ եւ հույս ունեմ, որ ժողովուրդն ինձ ձայն կտա:

– Չե՞ք ուզում ընտրություններից առաջ հանդիպել ձեր կուսակից, անվանակից Հակոբ Հակոբյանին:

– Չէ, ես Հակոբ Հակոբյանին իմ մնացած մրցակիցներից չեմ առանձնացնում: Ինձ համար իմ ընտրատարածքում առաջադրված բոլոր թեկնածուներն էլ իմ մրցակիցներն են: Ես ոչ մեկին էլ չեմ ճանաչում: Իհարկե, կուզենամ երեք թեկնածուների հետ էլ ծանոթ լինել, մտնել բանավեճերի ու երկխոսության մեջ:

– Խոսակցություններ կան, որ դուք պատահական չեք դրել ձեր թեկնածությունը: Ասում են` նպատակը մյուս Հակոբ Հակոբյանի ընտրազանգվածին շփոթության մեջ գցելն ու նրա ձայները խլելն է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Դրանք թույլ խոսակցություններ են: Մեր ազգն այնքան է անցել ընտրական թոհուբոհերով, որ կարող է իրարից տարբերել երկու Հակոբ Հակոբյաններին: Դա ասելու բան էլ չէ. մեր Ընտրական օրենսգիրքն այնքան հստակ է այդ հարցերում, որ նույնիսկ նմանակների դեպքում տարբեր չափանիշներ է սահմանում (չնշեց, թե խոսքն ինչի մասին է:- Լ.Ս.)` ընդհուպ մինչեւ կոշիկի «ռազմերը»:

– Դուք ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, երբ ձեր կուսակցությունը հայտարարեց, որ այդ ընտրատարածքում սատարելու է ՀՀԿ-ական անկուսակցական Սեյրան Սարոյանին:

– Այո, մեր կուսակցությունը Սեյրան Սարոյանին է պաշտպանում, բայց կոնկրետ իմ պարագայում իրավիճակն այլ է. ես առաջադրվել եմ քաղաքացիական նախաձեռնող խմբի առաջարկությամբ, եւ, կարծում եմ, ՀՀԿ ղեկավարությունը միայն ու միայն կողջունի դա, քանի որ այդ ընտրատարածքում առաջադրվել է նաեւ իր կուսակցական մարտիկը: Իմ կարծիքով, ամեն ինչ նորմալ է, եւ որեւէ արտառոց բան դրանում չկա:

– Ասացիք, որ ՀՀԿ-ական եք դարձել հանուն Նժդեհի գաղափարների ու երկրում ՀՀԿ կողմից առաջընթացներ տեսնելուց հետո: Վերջերս շատերն են մտնում ՀՀԿ` մեջբերելով Նժդեհին, սակայն, գաղտնիք չէ, որ իրական պատճառն իշխանական կերակրատաշտին մոտ լինելն է:

– Մեզ մոտ հարյուրից ավելի կուսակցություններ կան, եւ փոքր կուսակցությունները պետք է գնան խոշորացման: Այսինքն` պետք է կերակրատաշտից օգտվելու գաղափարը մեր միջից դուրս գա, եւ ես կոչ եմ անում մանր-մունր կուսակցություններին՝ միավորվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ինչից մեր երկիրն ավելի ամուր կլինի: Իսկ այդ խոշորացումը ես այսօր տեսնում եմ ՀՀԿ-ի առաջնորդությամբ:

– Ձեր կուսակից, անվանակից, մրցակից Հակոբ Հակոբյանը դեռ ամիսներ առաջ սպառնացել է, որ բոլոր նրանք, ովքեր ընտրակեղծիքներ թույլ կտան, կպատժվեն անձամբ իր կողմից` իր մեթոդներով: Պատասխան ունե՞ք ձեր մրցակցին:

– Իհարկե, ունեմ: Դա ինձ չի վերաբերում, որովհետեւ ես գնում եմ արդար ընտրությունների: Ես եւ իմ համախոհները պայքարելու ենք արդար միջոցներով, մենք ոչ մի ընտրակեղծիքի չենք դիմելու: