«Ժամանակը հօգուտ Հայաստանի չի աշխատում: Երկրի զարգացումը տնտեսական ցուցանիշների համեմատական աճով հիմնավորելը` հնացած մոտեցում է: Իրական առաջընթացը գնահատելու համար համեմատությունը պետք է կատարել հարեւանների եւ աշխարհի հետ: Եվ այդ տեսակետից մենք ոչ միայն առաջընթաց չունենք, այլ հակառակը` հետ ենք գնում: Այս պայմաններում վճռական նշանակություն կարող էին ունենալ Ազգային ժողովի ազատ ու արդար ընտրությունները` ստեղծելով մրցակցային դաշտ քաղաքական մոտեցումների, գաղափարների եւ արժեքների համար` վստահություն առաջացնելով մեր ժողովրդի մեջ, գործի դնելով նրա քնած ներուժը: Բայց 2007թ. այդպես չի լինելու: Եթե Հայաստանում որեւէ էվոլյուցիոն գործընթաց էլ կա, ապա դա ընտրությունները կեղծելու վարպետությունն է, եւ դրանք թաքցնելու կատարելագործումը, որն ընտրությունից ընտրություն ոչնչացնում է քաղաքական դաշտը, հուսահատություն առաջացնում ժողովրդի մեջ երկրի ապագայի նկատմամբ»,- երեկ տարածած հայտարարության մեջ ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա հավաստմամբ, նման իրավիճակում ընտրությունների գնալու միակ նպատակը պետք է լիներ ոչ թե մի քանի ընդդիմադիրների ներկայության ապահովումն Ազգային ժողովում, այլ քաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխումը, որը կհամապատասխաներ մեր ժողովրդի իրական ձգտումներին` ապահովելով երկրի զարգացումը: Իսկ այս նպատակն իրականացնելու համար ԱԺՄ-ն գտնում էր, որ պետք է կա՛մ քաղաքական ընդդիմադիր դաշտում գոյություն ունեցող 7-8 խոշոր ուժերը միավորվեին` ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու համար, կա՛մ պետք է առաջանար գոնե մի քաղաքական բլոկ` բաղկացած գաղափարական ընդհանրություններ ունեցող կուսակցություններից, որոնք իրավահավասարության պայմաններում` ունենալով ժողովրդի վստահությունը, փորձեին փոխել Հայաստանի ներկա ուղղվածությունը: Բայց դա, ըստ ԱԺՄ նախագահի, ենթադրում էր ոչ միայն հայտնի մարդկանց քարոզչություն, այլեւ միասնական թիմ` արդյունավետ աշխատող մեխանիզմներով, մեծ ծավալի աշխատանք` ամեն մի ընտրատարածքում, ամեն մի քվեատուփի մոտ, «ցավոք, մեզ չհաջողվեց նպաստել այդպիսի բլոկի առաջացմանը»: «Կանոնավոր բանակի դեմ ֆիդայական ջոկատներով չեն կռվում: Պետք է ստեղծել բանակ` իր բոլոր կառուցվածքներով: Ուստի, երբ դա չի ձեւավորված, ԱԺՄ-ն որոշում է չմասնակցել ԱԺ ընտրություններին` ոչ համամասնական, ոչ էլ մեծամասնական ընտրակարգով: Միաժամանակ ԱԺՄ-ի կառույցները` համախմբելով հասարակության ակտիվ ընդդիմադիր մասին, կմասնակցեն բոլոր տարածքներում ընտրությունների վերահսկողությանը եւ կօգնեն այն ընդդիմադիր թեկնածուներին, որոնց հետ կան ընդհանուր գաղափարական մոտեցումներ Հայաստանի ապագայի վերաբերյալ, եւ դեռ միասին ճանապարհ ունենք անցնելու: ԱԺՄ-ն, ելնելով անցած ընտրությունների եւ Ազգային ժողովում իր գործունեության երկարատեւ փորձից, մտավախություն ունի, որ ընտրությունների արդյունքում` ի հեճուկս ժողովրդի ճնշող մեծամասնության ընդդիմադիր լինելուն, ԱԺ-ում կվերարտադրվի առկա իշխանություն-ընդդիմություն համամասնությունը: Բոլոր դեպքերում ԱԺՄ-ն շարունակելու է իր պայքարը երկրի ապագայի համար»,- ասված է Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ: