ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե այն կուսակցությունները, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորություններ չունեն վճարովի հեռուստաեթերից օգտվելու, ռեալ հնարավորություն ունեն աջակցություն ստանալու ԱՄՆ-ից` միջազգային զարգացման ծրագրերի շրջանակներում: «Դա խոստացել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարը` Հայաստանում ազատ եւ անկախ ընտրությունների անցկացման համար: Հատկացվելիք մոտ 6 մլն դոլարի մի մասը` մոտ մեկ միլիոնը, պետք է տրամադրվի անվճարունակ կուսակցություններին ու դաշինքներին, որպեսզի հանրապետության ողջ տարածքով սփռվող հեռուստաալիքների եթերից նրանք օրական գոնե մեկ ժամ օգտվելու հնարավորություն ունենան»:
Այդ գումարները ստանալու նպատակով Արշակ Սադոյանն անվճարունակ բոլոր ուժերի անունից փետրվարի 24-ին դիմել է ԱՄՆ դեսպանատուն: Նախորդ օրը նա ստացել է իր նամակի պատասխանը, որը նա համարում է անբավարար: ԱՄՆ դեսպանատնից ստացված նամակում նշված է. «Քաղաքական ուժերին ֆինանսական օգնություն ցույց տալու գաղափարը բոլորովին չի առնչվում ԱՄՆ-ի` ողջ աշխարհում իրականացվող ժողովրդավարական ծրագրերի հետ»: Այս պատասխանը Սադոյանին չի գոհացնում, ուստի նա որոշել է շարունակել իր պայքարը: «Մենք գիտենք, որ աջակցություն ստանալու հնարավորությունն իրատեսական է, եւ կշարունակենք դիմել ժողովրդավարական երկրներին` ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Ֆրանսիային եւ Գերմանիային, միջազգային կառույցներին` ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին: Հատուկ դիմում կուղղենք նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարին` պահանջելով հատկացնել խոստացված գումարները»,- ասել է Ա. Սադոյանը` վստահեցնելով, որ մերժում ստանալու դեպքում իրենք բողոքի ձայն կբարձրացնեն ամերկյան մամուլում եւ հեռուստատեսությամբ: