Սկիզբը՝ նախորդ համարում
1994-ի մայիսին կնքված հրադադարից հետո Հայաստանում պետք է սկսվեր պետականության շինարարության երկրորդ փուլը։ Առաջինը սկսվել էր 1990-ին Գերագույն խորհրդի ընտրություններով, Անկախության հռչակագրի ընդունմամբ, որին էլ հաջորդեցին անկախության հանրաքվեն ու նախագահի առաջին ընտրությունը։ Սրանք ընտրական միջոցառումներ էին, որոնք կատարվում էին իսկապես համաժողովրդական քվեարկությամբ եւ չունեին ստվերոտ կողմեր։ Ոչ ոք չէր կասկածում, որ 90-ին՝ պատգամավորների ընտրությունները, 91-ին՝ հանրաքվեն ու նախագահի ընտրությունն անցել են ազատ ու արդար, բայց, պատերազմի վերաճող՝ ղարաբաղյան հարցը, տնտեսության փլուզումը, բնակչության բարեկեցության անկումն ու հատկապես վառելիքաէներգետիկ ճգնաժամն արդար ընտրված իշխանությանը դարձնում էին խոցելի։
Իշխանության խոցելիությունը պայմանավորում էր քաղաքական համակարգի դասավորությունը, ինչն առավել հստակ սկսեց ուրվագծվել հրադադարի հաստատումից հետո, երբ Հայաստանը հաղթականորեն ավարտեց ռազմական գործողությունները։
Մինչեւ հրադադարի հաստատումն իշխանության հասնելու ձգտումն ավելի շատ նման էր նախազգուշական կրակոցների, որն, անշուշտ, դրական ներգործություն ուներ։ Դրանց շնորհիվ իշխանությունը չէր կորցնում զգոնությունը, անում էր առավելագույնը ռազմաճակատում հաջողությունների հասնելու եւ տնտեսության փլուզման սրընթացը կանխելու ուղղությամբ։ Այսուհանդերձ, ասել, թե պատերազմական շրջանում ընդդիմությունն անկեղծորեն ուզում էր ստանձնել երկրի ղեկավարումը, սխալ կլինի։
Ընդդիմությունը հասկանում էր, որ ՀՀՇ-ն այդ ժամանակահատվածում կատարում է ամենասեւ աշխատանքը։ Հասկանում էր նաեւ, որ իշխանությունը վերցնելով՝ ինքը (իրենք) ստիպված են լինելու անել բաներ, որոնց համար քննադատում են ՀՀՇ-ին եւ անձամբ նախագահ Տեր-Պետրոսյանին։ Օրինակ՝ քննադատելով 93-94 թվականների բռնի զորահավաքները, ընդդիմությունը գիտակցում էր, որ այդ բանն ինքն էլ պետք է աներ, եթե ուզում էր հաջողություն ունենալ ռազմաճակատում։ Կամ՝ թղթի վրա տնտեսական «հստակ» մեխանիզմներ նկարողներն ու բնակչության սպառողական զամբյուղները «լցնողները» գիտեին, որ լավ կյանքի համար շատ ջանք է պետք՝ ջանք, որը հաճախ կարող է ապարդյուն լինել, չէ՞ որ փորձարկումների շրջան էր, եւ ամեն լավ միտք ու գաղափար տարածության ու ժամանակի մեջ չէր կարող անպայմանորեն դրական արդյունք ունենալ։
Հրադադարից հետո սկսվելու էր փորձարկումների արդյունքների ամփոփման ժամանակը։ Գործն ավելի հեշտացել էր։ Պատերազմ չկար, պատերազմական հոգսեր չկային, կարելի էր ամբողջությամբ կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա, լուծել դրանք կամ գոնե լուծելու տպավորություն ստեղծել։
ՀՀՇ-ն իր հերթին հասկանում էր, որ սեւ աշխատանքն անելուց հետո իշխանությունը զիջելը հիմարություն կլիներ, մտածում էր, որ սեփական ձեռքբերումներն ու սխալները չի կարելի տալ ուրիշին։ Հրադադարը շունչ քաշելու հնարավորություն էր տալիս, եւ այդ հնարավորությունը պետք էր օգտագործել տնտեսությունը կարգի բերելու, պետությունն ամրացնելու եւ, ինչո՞ւ ոչ, նաեւ սեփական իշխանությունն ամրապնդելու համար։
1994-ին ժողովուրդը դեռ կարող էր «հաշտություն» կնքել երեք-չորս տարի առաջ իր իսկ ընտրած իշխանության հետ։ Դա գիտեր եւ՛ իշխանությունը, եւ՛ ընդդիմությունը, դրա համար էլ վերջինը սկսեց սեւ PR-ի մի արշավ, որը պատերազմը հաղթած իշխանությանը ներկայացնում էր որպես հանցագործների ոհմակ։ Հանցագործ իշխանության վրա էր ընկնում ցրտի ու խավարի մեղքը (մազութի գործ, որի հետագա բացահայտումը ՀՀՇ-ի հետ ոչ մի կապ չերեւակեց), տնտեսական հզորությունների փոշիացում, հասարակության բեւեռացում եւ նման շատ ու շատ բաներ։
Արշակ Սադոյանի հռչակավոր խոսափողը, որն այսօր արդեն որպես հուշարձան կարելի է դնել ընդդիմության շիրիմին, արտանետում էր հնարավոր ու անհնար բոլոր մեղքերը՝ հասարակության գիտակցության մեջ դրոշմելով ընդդիմության համար հանդուրժելի իշխանության անհնարինությունը։
Սեւ PR-ը բացառում էր գաղափարների պայքարը, որն առանց այդ էլ չկար։ ԱԺՄ-ն, կարելի է ասել, նույն ՀՀՇ-ն էր՝ ներկված սնապարծ ազգայնականության գույներով։ ՀՅԴ-ն այդ ժամանակ գաղափարական խնդիր չուներ եւ չէր կարող ունենալ, քանի որ հրադադարն Ադրբեջանին հաղթանակով պարտադրած իշխանությունն ավելի դաշնակցական էր, քան դաշնակցությունն ինքը։ Մնում էր Կոմկուսը, որի գաղափարներն այլեւս անհասկանալի էին ամբողջ աշխարհին։ Ելցինյան Ռուսաստանն ու Արեւմուտքը դժվար թե լուրջ ընդունեին մի ուժի, որի միակ փաստարկը եղածի կասկածելի առավելությունն էր դեռեւս չեղածի նկատմամբ։
Այս պայմաններում հասարակությունը պետք է ոչ թե գաղափարների ընտրություն կատարեր, այլ՝ սրբերի ու մեղավորների։ Մեղավորները ներկայացվում էին հինգ դեմքով՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Բաբկեն Արարքցյան։ Սրբերի դասը նույնպես ներկայանում էր հինգ դեմքով՝ Վազգեն Մանուկյան, Դավիթ Վարդանյան, Արշակ Սադոյան, Շավարշ Քոչարյան, Սեյրան Ավագյան։ Անքակտելի թվացող այս հնգյակը պատրաստվում էր փրկել Հայաստանը՝ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» հինավուրց կարգախոսով, բայց, դեպքերից առաջ չընկնելով՝ ասեմ, չիմանալով՝ ումից եւ ինչի համար։ Հասարակության մի ստվար զանգվածը (պայմանականորեն կոչենք խաղաղ բնակչություն) պատրաստ էր գնալ նրանց հետեւից, բայց նրանք պատրաստ չէին առաջնորդելու։ Հայկական երկրորդ հեղափոխությունը ձախողվելու էր։
Շարունակելի