Նախընտրական ցուցակները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ այս անգամ ՀՀ ԱԺ ընտրություններն անցնելու են «Ծիծաղ, ծիծաղ մինչեւ վերջ» խորագրի ներքո: Հանրահայտ «Քոմեդի քլաբի» ղեկավար եւ սցենարիստ Գարիկ Մարտիրոսյանի հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելը երեւի պատահական չէ: Ինչպես ասում են՝ պահանջարկն է ծնում առաջարկ:
Ըստ հեռուստատեսային չափումների՝ Հայաստանում ամենաբարձր վարկանիշներն ունեն սերիալներն ու գեղարվեստական ֆիլմերը: Որից հետո գալիս են զվարճալի ծրագրերը` «Կարգին հաղորդում», «32 ատամ», «Էլի մի ձայն» եւ այլն: Քաղաքական ծրագրերն ու թոք-շոուներն այս շարքում գտնվում են վերջին հորիզոնականներում: Ամենայն հավանականությամբ, ելնելով վերոնշյալ տրամաբանությունից, մեր քաղաքական գործիչները որոշել են իրենց նախընտրական (ինչո՞ւ չէ, նաեւ հետընտրական) գործունեությունն այսուհետ ծավալել շոու-բիզնեսի կանոններով: Նախ՝ դա դուր է գալիս ժողովրդին, եւ երկրորդը` ավելի է համապատասխանում քաղաքական դաշտում ներկայացված ուժերին: Եվ քանի որ այսօր մարտի 8-ն է, ապա ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այսօր «աստղերի» մասնակցությամբ ճոխ համերգներ կկազմակերպեն իրենց ընտրատարածքներում: Ինչպես տոնական օրերին կազմակերպում են ռեստորան-սրճարանները: Նաեւ նվերներ կհանձնեն կանանց, եւ, բնականաբար, միայն հեռուստախցիկների լույսի ներքո: Ի դեպ, երեկ արդեն տեսախցիկների առջեւ հասարակությանն անհայտ որոշ քաղաքական ձնծաղիկներ իրենց անձը գովազդելու նպատակով նվերներ են բաժանել կանանց եւ շնորհավորել տոնի առթիվ: Եվ այդ ճանապարհով նրանք ցանկանում են դառնալ ԱԺ պատգամավոր: Իսկ մնացած օրերին այս ուժերը նման են հեռուստատեսության` գեղեցիկ «ֆիրմա» կինոներ, որոնք ներկայացվում են շատ վատ հայերեն թարգմանությամբ, լոտո, երբ բոլորը խաղում են, սակայն շահում են միայն իրենք, միակողմանի լրատվություն, ուշադրություն շեղելու համար ուրիշ երկրների ֆուտբոլ, տարին մեկ` «Եվրատեսիլ», իսկ մնացած ժամանակ` գովազդ, որն անսահման քանակությամբ փող է բերում:
Իսկ հիմա՝ այն ուժերի մասին, որոնց հեռուստատեսության «ծրագրերի տնօրենները» շատ գեղեցիկ տեղադրում են հեռուստատեսային ցանցում: Իհարկե, արդեն հստակ կարելի է ասել, որ, օրինակ, պարոն Գեղամյանը կներկայացնի «Ականներն էլ են լաց լինում» սերիալը, որի հերոսները (Հմայակ Հովհաննիսյան, Աղասի Արշակյան) պարբերաբար կփոխվեն այլ գործող անձանցով (Թադեւոսյան Գագիկ, Մուրադխանյան Սարգիս): Ամենաերկար սերիալներն անգամ ինչ-որ պահի ավարտվում են, եւ հեռուստատեսության ղեկավարները ստիպված են լինում ավելի թարմ սերիալներ ձեռք բերել: Ընթերցողներին ասեմ, որ սերիալը ամենաէժան եւ հեշտ «ռաստկռուտկա լինող» արտադրանքն է: Այնպես որ, «ծրագրերի տնօրենը» հեշտությամբ եւ արագ փոխում է սերիալները:
«Օրինաց երկիրը» նման է խորհրդային տարիների մերձբալթյան վարիետեի խմբերին, որոնք «շուխուռով» գալիս էին, եւ առաջին մի քանի օրը լեփ-լեցուն դահլիճներ լցնում: Բայց արդեն 4-5 օր հետո, երբ հայ երիտասարդները համոզվում էին, որ իրենց սպասած աղջիկների փոխարեն բեմի վրա բալզակյան տարիքի կանայք են, այլեւս ոչ մեկը «կուտը չէր ուտում»: Եթե համեմատենք հեռուստատեսության հետ, ապա կարելի է ասել, որ Արթուր Բաղդասարյանն այն հաղորդումներից է, որոնց մեծ մեդիա-հոլդինգները սկզբից լավ անոնս են անում, իսկ որոշ ժամանակ անց տեղափոխում են արբանյակային ալիք (ինչպես, օրինակ, «Ռուբիկոնը» Հ1-ից տեղափոխեցին «Նոր ալիք» կամ «Բլիցը» Արմենիայից`«TV5»):
Ստեփան Դեմիրճյանը շատ նման է «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարին: Երբ պարզ դարձավ, որ այն կրկին եթեր է մտնում, բոլորը շատ ուրախացան: Սակայն եթեր վերադառնալուն պես պարզ դարձավ, որ այդ հաղորդումը շատ հին է, եւ ոչ մեկին պետք չէ: Իհարկե, սա հասկանալով՝ Ստեփան Կարենիչը որոշեց շտապ փոխել հաղորդման «ֆորմատը»: Բայց շոու-բիզնեսում, ինչպես եւ քաղաքականության մեջ, ջունգլիների նման դաժան օրենքներ են գործում. դու գոլ չես խփում՝ քեզ են խփում:
ՀՅԴ-ն շատ նման է դասական երաժշտության` շատ քչերն են լսում, բայց բոլորը գտնում են, որ պետք է: Դրա համար էլ նման հաղորդումները դրվում են ոչ փրայմ-թայմ ժամանակահատվածում (ասենք՝ գիշերը): Իսկ նման պարագայում բարձր վարկանիշ ունենալու հավակնությունը առնվազն միամտություն կլինի: Դատելով «Դաշինքի» մեծամասնական ընտրատարածքներից, կարելի է ենթադրել, որ Սամվել Բաբայանը պատրաստվում է «բաեւիկ» կինո ցուցադրել: Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական կուսակցությունը» շատ նման է հենց իր սեփական «Շոգեքարշ» հաղորդաշարին` պրիմիտիվ, բայց կայուն ընտրազանգվածով: Իհարկե, ներկա-բացակա անելով` կարելի է համոզվել, որ դաշտում գործում է կրկես` մարքսիստական կուսակցության տեսքով, «Ընդամենը մեկ ձայն» զվարճալի հաղորդումը` Արամ Սարգսյանի դեմոկրատական կուսակցության տեսքով, մի քանի աճպարար` ՄԻԱԿ-ի, ՔԺՎԿ-ի, ԱՀԿ-ի եւ այլնի տեսքով: Այս ամենի հետ կան նաեւ նոր եւ թարմ խաղացողներ: Ցավոք, նրանք դեռ նոր են, եւ ժամանակ է պետք, որպեսզի ժողովուրդը հասկանա եւ ընդունի նրանց խաղացանկը:
Բայց ես լավատես եմ եւ գիտեմ, որ՝ լավ է ուշ, քան երբեք: Որպես շոու-բիզնեսին որոշ չափով մոտ կանգնած մարդ, ասեմ, որ այն վատ բան չէ, ինչպես եւ բիզնեսը: Բայց իմ լավատեսությունն ինձ հուշում է, որ շատ շուտով յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով` ծաղրածուն կուրախացնի երեխաներին, երգիչը` կերգի, «տրուբի» շուրջ պտտվողը կվերադառնա իր գործին, իսկ քաղաքական գործիչները կկերտեն Հայաստանի ապագան: