«Ղարաբաղը մոտ էր բռնապետական երկիր դարնալուն». երեկ ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը

10/03/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Ես արդեն այդ բոլոր հարցերին պատասխանել եմ, բայց փորձեմ մեկ անգամ էլ պատասխանել: Ինձ համար իրոք ամենակարեւորը երկրի իմիջն է»,- այս մասին մարտի 7-ին Արցախի պետհամալսարանում աստղադիտարանի բացման արարողությունից հետո ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում` պատասխանելով պրոֆեսոր Սոկրատ Խանյանի` նախագահի՝ երրորդ անգամ չառաջադրվելու մտադրության մասին հարցին, ասաց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Պրոֆեսորն ափսոսանքով էր նշում այն մասին, որ Արցախի մտավորականությունը սպասում էր, որ նախագահը երրորդ անգամ կառաջադրի իր թեկնածությունը, բայց վերջինս հայտարարեց, որ մտադրություն չունի:

Նախագահը ստիպված եղավ մեկ անգամ եւս հաստատել, որ ստանում է բազմաթիվ նամակներ, զանգում են տարբեր երկրներից, դիմում են բազմաթիվ մարդիկ եւ փորձում հիմնավորել իր երրորդ ժամկետի անհրաժեշտությունը: «Ես շնորհակալ եմ այդ մարդկանցից, բայց կան բաներ, որոնցով ես չեմ կարող անցնել: Իրոք իրավական հիմք կա, բայց բարոյականն ավելի կարեւոր է: Ես համոզված եմ, որ իմ գնալը երեւի թե աղմուկ չբարձրացնի, բայց չգնալը միանշանակ բարձրացնելու է ԼՂՀ միջազգային իմիջը»,- հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ մտադրություն չունի Ղարաբաղից դուրս գալ` անկախ նրանից, թե ինչ են առաջարկելու: Նա նշեց, որ «ժողովուրդը չի հասկանա, եթե ես Ղարաբաղից դուրս գամ»: Ա. Ղուկասյանը նշեց նաեւ, որ կմնա Արցախում, կօգնի ապագա նախագահին, կառավարությանը: «Իհարկե, չեմ պարտադրելու իմ օգնությունը, բայց եթե դրա կարիքը լինի՝ ես կօգնեմ: Ոչ ոք միանգամից նախագահ չի դառնում, դրա համար ժամանակ է պետք: Պետք է լինեմ այստեղ, որովհետեւ նյուանսներ կան, որոնք պետք է փոխանցվեն»,- այս միտքն արտահայտեց նախագահը` շեշտելով նաեւ, որ ցանկություն ունի Ղարաբաղում նոր ավանդույթ ստեղծել` քաղաքակիրթ իշխանափոխության ավանդույթը: «Այստեղ անձնականը չի կարող ինձ համար բարձր լինել պետական շահերից: Ճիշտը դա է: Ես ինձ համար այդ որոշումը ընդունել եմ` եւ շատ վաղուց, այլ ոչ այսօր, ոչ մեկ ամիս առաջ»,- նշել է նա:

Պատասխանելով Ղարաբաղում ժողովրդավարական զարգացումների մասին հարցին, ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ դա ամենակարեւոր հարցերից մեկն է երկրի համար, որն ինքնանպատակ չի կարող լինել, քանի որ ժողովրդավարությունն Արցախի համար միջազգային ճանաչում ստանալու շանս է, եւ «միջազգային հանրությունը կարող է ճանաչել միայն ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղը»:

Նախագահը խոսեց նաեւ մինչեւ 1999 թվականը Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին. «Դուք գիտեք, թե ինչ կարգեր էին հաստատված Լեռնային Ղարաբաղում, որոնք շատ մոտ էին բռնապետություն դառնալուն: Ղարաբաղում ինչ-որ ժամանակ ամենաթողություն էր, մարդկանց ով ուզում՝ ծեծում էր, սպանում, բռնաբարում, եւ դա հանգիստ անցնում էր, առանց որեւէ պրոբլեմի, որովհետեւ այս մարդկանց դեմ խաղ չկար: Ես եւ բոլոր նրանք, ովքեր եկել են ինձ հետ, բռնել այս ճանապարհը, որոշել ենք ստեղծել այնպիսի մի համակարգ, երկիր, որտեղ մարդը չվախենա: Սա է ամենակարեւորը: Ես համարում եմ, որ մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Այսօր Ղարաբաղում վախի մթնոլորտ չկա, կա խոսքի ազատություն` նորմայի սահմաններում: Այսօր ցանկացած մարդ կարող է քննադատել նախագահին, կառավարությանը եւ որեւէ բանից չվախենալ: Որեւէ ընդդիմադիր ուժ չի կարող ասել, որ իրենց ճնշում են, սպանում են, զրկում խոսքից, ծեծում են եւ այլն»: (Խոսքն, ըստ ամենայնի, վերաբերում էր մինչեւ ԼՂՀ նախագահի վրա մահափորձ կատարելու ժամանակին` «բաբայանական» ժամանակաշրջանը):

«Կործանման եզրին էինք, եւ այն կուրսը, որը հռչակվեց 1999-ին, Ղարաբաղը կործանումից փրկեց, որովհետեւ մենք դառնալու էինք բռնապետական երկիր, ամենաթողությունը բոլորի համար դառնալու էր նորմալ երեւույթ… Իսկ այսօր ստեղծել ենք ազատություն»,- ասել է Ա. Ղուկասյանը:

Հանդիպման մասնակիցներից մեկին հետաքրքրեց այն հարցը, թե նախագահն ո՞ւմ է տեսնում՝ որպես հաջորդ նախագահ: Ա. Ղուկասյանը ճիշտ չհամարեց անուններ տալ, միայն նշեց, որ ինքն ունի իր գաղափարներն ու մտքերը, նախընտրելի կամ ոչ նախընտրելի թեկնածուները. «Համարում եմ, որ մեծ հաջողությունների ենք հասել, չնայած ունենք բացթողումներ ու թերություններ, բայց այս զարգացման ուղղությունը, որը բռնել ենք` պետք է շարունակվի»: