ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ եւ ԱՄՆ Պետքարտուղարության 2006թ. տարեկան հաշվետվության հրապարակումը տեղի ունեցան գրեթե միաժամանակ։ Երկու իրադարձություններն էլ հավասարապես կարեւոր էին Հայաստանի համար, բայց դրանց համադրումը բացահայտեց տարօրինակ մի իրողություն. այն է՝ Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանի առջեւ ծառացած իրական պրոբլեմներն իրար հետ գրեթե ոչ մի կապ չունեն։
Նախ՝ ԱՄՆ Պետքարտուղարության 2006թ. տարեկան զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածի մասին։ Միանգամից ասենք՝ զեկույցը խայտառակություն էր։ Այնտեղ արձանագրված էր, որ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ 2005թ. հանրաքվեն չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, որ երկրում տիրող կոռուպցիան համատարած է, որ խոսքի եւ մամուլի ազատությունը ոտնահարվում է, որ ոստիկանությունը բռնություններ է կիրառում, եւ այլն։ Ցավոք, զեկույցի այս հատվածը լիովին համապատասխանում է իրականությանը (դեռ մի բան էլ մեղմ է գրված)։ Բայց խայտառակությունը միայն սա չէր։ «Մարդու իրավունքներ» հատվածում ուղղակի գրված էր, որ Հայաստանը շարունակում է օկուպացրած պահել Ադրբեջանի տարածքը՝ Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները։ Փաստորեն զեկույցի այս հատվածը սուտ էր, որովհետեւ ինչ՝ ինչ, բայց Հայաստանը երբեք Լեռնային Ղարաբաղը չի օկուպացրել։ Ի դեպ, հիշեցնենք, որ սա ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցն է, իսկ այդ նույն պետքարտուղարի տեղակալի օգնականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է եւ պիտի ձգտի «արդարացի» կարգավորել ղարաբաղյան խնդիրը։ Ինչեւէ։
Այս զեկույցից հետեւում է, որ Հայաստանը երկու լրջագույն պրոբլեմ ունի, երկուսն էլ՝ շատ իրական։ Առաջին. Հայաստանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները ոտնահարվում են, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիան համատարած է, ոստիկանությունում եւ բանակում առկա են բռնության դեպքեր, լրագրողների նկատմամբ հալածանքներ են իրականացվում, եւ այլն։ Երկրորդ պրոբլեմն այն է, որ աշխարհի հզորագույն գերտերությունը Ղարաբաղն ընկալում է որպես Ադրբեջանի տարածք եւ գտնում է, որ Հայաստանն օկուպացրել է Ղարաբաղի տարածքը։ Այս երկու պրոբլեմներն էլ Հայաստանի համար հղի են շատ ծանր հետեւանքներով (թե ինչու՝ կարծում ենք, բացատրել պետք չէ)։ Բնականաբար, Հայաստանի իշխանությունները պիտի աշխատեն այս երկու պրոբլեմները հաղթահարելու ուղղությամբ։ Այսինքն՝ մի կողմից՝ պիտի Հայաստանում իսկապես ժողովրդավարություն ապահովեն, նորմալ ընտրություններ անցկացնեն եւ այլն, մյուս կողմից՝ պիտի ղարաբաղյան բանակցություններում ավելի կառուցողական դիրքորոշում ցուցաբերեն եւ փորձեն ձերբազատվել «օկուպանտի» պիտակից։ Ընդ որում, եթե առաջին հարցը հաջողությամբ լուծվի, երկրորդին հասնելն ավելի հեշտ կլինի (քանի դեռ Հայաստանը համարվում էր «տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ», որեւէ մեկը Հայաստանին Ղարաբաղն օկուպացնելու մեջ չէր մեղադրում)։
Թվում է՝ տրամաբանական կլիներ, եթե Վարդան Օսկանյանն իր ամերիկյան այցի եւ Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպման ընթացքում հենց այս երկու պրոբլեմները լուծելու ուղղությամբ աշխատեր։ Բայց, որքան էլ տարօրինակ է, նման բան տեղի չունեցավ (համենայն դեպս՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների)։ Տպավորությունն այնպիսին էր, որ այցի առանցքային թեման Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն է եւ թուրքական հակազդեցությունները չեզոքացնելը։ Փաստորեն, Վարդան Օսկանյանի հիմնական «մեսիջն» այն էր, որ Թուրքիան, իր երկրում ահաբեկելով ու լռեցնելով ազատ խոսքն ու ազատ կամքը, հիմա եկել ու նույնն անում է ԱՄՆ-ում, ինչը ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ։
Հիմա հարց է ծագում. իր այս առաքելությամբ Վարդան Օսկանյանը վերոհիշյալ երկու հարցերից ո՞րն էր ձգտում լուծել. Հայաստանում ժողովրդավարության ցածր մակարդակի՞, թե՞ Հայաստանի «ագրեսոր» պիտակի հարցը։ ԱՄՆ Պետքարտուղարության նույն զեկույցի համաձայն, Հայաստանի հասարակությանն այսօր ամենաշատը հուզող երեք հարցերն են տնտեսական վիճակը, Ղարաբաղի հարցը եւ կոռուպցիան։ Հետաքրքիր է, այս երեքից որի՞ հետ ուղղակիորեն կապ ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Եվ ի վերջո՝ կարո՞ղ է արդյոք Արեւմուտքում (մասնավորապես՝ ԱՄՆ-ում) հաջողության հասնել մի երկիր, որտեղ ամեն քայլափոխի ոտնահարվում են մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որտեղ ընտրությունները բացահայտ կեղծվում են, որտեղ կոռուպցիան համատարած է, եւ այլն։
Խնդիրն, ի վերջո, ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն է, այլ պետության իրականացնելիք քայլերի հերթականությունը։ Նախ պետք է երկրում ժողովրդավարություն հաստատել, գոնե մի անգամ քչից-շատից նորմալ ընտրություններ անցկացնել, հարգել սեփական ժողովրդի իրավունքները, հետո միայն պահանջել, որ ուրիշները նույնպես հարգեն։ Ուրիշ ճանապարհ չկա։