Քաղաքականության գարնանային ռեզերվը

10/03/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Գարունները Հայաստանում տարօրինակ են: Չորս-հինգ տարին մեկ դրանք սովորական չեն, այլ ընտրական են: Մոտ 10 տարի է՝ մենք խորհրդարան ու երկրի նախագահ ընտրում ենք հենց գարնանը: Այս տարի գարունը չգիտեմ, բայց նախընտրական գարունը շուտ եկավ: Ձնհալից հետո փողոցներում խոտ ու ծաղկի փոխարեն` ձնակույտերի տեղում աղբակույտեր հայտնվեցին: Իսկ շենքերի ճակատներն աղտոտվեցին քաղաքական պլակատներով: Աջ ու ձախ կուսակցությունների անուններ են փակցված եւ դիմանկարներ: Ինչպես նախորդ ընտրարշավներին: Ոչինչ նոր չէ, բացառությամբ մեկ երեւույթի: Արեւմտյան գրանտային փողերը գոնե մեկ ոլորտում իրենց հետեւանքն են թողել: Ընտրությունների նկատմամբ վաղուց արդեն անտարբեր դարձած հասարակական կարծիքը հետաքրքրվում է ընտրական գործընթացներում կանանց մասնակցության չափով: Հնարավոր է, որ այս հետաքրքրությունը վերջին տարիների Ռոզա Լյուքսեմբուրգի Մարտի 8-ից մինչեւ Ավետման տոն` Ապրիլի 7 ձգվող «Կանանց միամսյակի» հետեւանք են: Այդ օրերը փոխնեփոխ պետական տոնի կարգավիճակ ստացան: Նախընտրական այս օրերին ընտրության կամ աճուրդի է հանված ԱԺ պատգամավորության 131 վկայական: Հասարակական բարիքի 131 յուղալի կտորի համար, ԿԸՀ տվյալներով՝ գրանցվել է 1497 թեկնածու: Ընդդիմությունը տարիներ շարունակ հասարակությանը փորձում է համոզել, որ ընտրություններն անիմաստ միջոցառում են, որ իշխանություններն իրենք են նկարում ընտրությունների արդյունքները: Համոզում են, բայց իրենք ամեն անգամ բարեխղճորեն մասնակցում են այդ գործընթացներին: Արեւմտյան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ տարիներ շարունակ Հայաստանում ծրագրեր են իրականացնում՝ փորձելով հասարակական կյանքում ակտիվացնել հայ կնոջը: ԱԺ ներկա ընտրություններն այդ աշխատանքների արդյունավետության գնահատման շրջան է: ԱԺ առաջադրվողների մոտ 23 տոկոսը կին է: 344 կին ընդգրկված է համամասնական կոչվող համակարգում, ներառվելով կուսակցական ու դաշինքային ցուցակներում: Կան ցուցակներ, ուր կանանց տեղ է վերապահված անգամ առաջին եռյակում: Դա միանշանակ կարելի է համարել տուրք Արեւմուտքին: Որովհետեւ մեր հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության այդքան լուրջ ավանդույթներ չկան: Կանանց «վստահված» բարձրակետն ԱԺ-ում մինչ հիմա եղել է մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը (բնականաբար` Սոցիալական հարցերի հանձնաժողովի): ՀՀ կառավարության կազմում էլ կանայք միշտ «երկրորդական» նախարարություններ են ղեկավարել` Բնապահպանության, Սոցիալական հարցերի, Մշակույթի: Օրինակ, երբ հանքարդյունաբերությունը թափ հավաքեց, այսինքն, երբ Բնապահպանության նախարարությունը դարձավ ոչ երկրորդական` միանգամից վերադարձվեց տղամարդկային կառավարման: Արեւմտյան ժամանակակից բառապաշարով ասած՝ գենդերային այս խնդիրների ֆոնի վրա պատգամավորության թեկնածուների ցուցակում կանանց 23 տոկոս ընդգրկվածությունը հանելուկային է: Կանանց ցուցակում կան հայտնի ու անհայտ գործիչներ` գործարար կանայք, ուսուցչուհիներ, պետական ծառայողներ, գործազուրկներ: Բայց հուզվել պետք չէ: Ցուցակներն, ի վերջո, տղամարդիկ են կազմել, հետեւաբար, անցողիկ տեղերը հիմնականում իրենց են պահել: Ապագա խորհրդարանում այդ 23 տոկոսը չի պահպանվի: Տղամարդկանց կհաջողվի ֆռռացնել թե՛ արեւմտյան մասնագետներին, թե՛ կին ընտրողներին: Համամասնական ընտրացուցակները հավանաբար այս տրամաբանությամբ էլ կազմված են: Պատկերն էականորեն այլ է մեծամասնական հատվածում: Այստեղ որեւէ մեկին ֆռռացնելու տեսական հնարավորություն անգամ չկա: 41 ընտրատարածքներից միայն յոթում են կին թեկնածուներ գրանցված (5-րդ, 8-րդ, 19-րդ, 23-րդ ընտրատարածքներում մեկական թեկնածու, իսկ 11-րդ, 12-րդ եւ 31-րդում` երկուական): Քվեների համար անմիջական ընտրապայքարի ելած 11 կանանցից ութը որեւէ կուսակցության անդամ են: Ամենաշատը ՕԵԿ-ականներն են` չորս կին: Ոչ կուսակցականներից երեքը չեն աշխատում եւ առաջադրվել են քաղաքացիական նախաձեռնությամբ: Այս թվերը եւս հաստատում են հասարակական այն ստերեոտիպը, որ կանայք շատ ավելի պրագմատիկ են տղամարդկանց համեմատ: Հետեւաբար անհավասար պայքարի չեն ելնի՝ խնայելով իրենց ուժերն ու ժամանակը: Թե՛ նախորդ, թե՛ առաջիկա ընտրությունների պաշտոնական արդյունքներին ամենեւին չհավատալով՝ կպնդեմ, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 173 թեկնածուների առնվազն քառորդը եռանիշ թվով ձայներ կհավաքի: Հետեւաբար, նրանք ընտրապայքարում իրական հնարավորություններ ունեցող թեկնածուների համար մրցակից չեն: Փորձագիտական տվյալներով՝ մեծամասնական համակարգում իրական հավակնությունների համար պետք է տնօրինել մինչեւ կես մլն դոլարին համարժեք նախընտրական հիմնադրամ: Առնվազն այդքան են գնահատվում քարոզարշավի ծախսերը: Այս պատճառով էլ այս համակարգի ցուցակում կանանց մասնաբաժինն ընդամենը 6 տոկոս է: Փորձագիտական տվյալներով նրանցից ոչ ոք, անգամ կուսակցականները, լուրջ հիմնադրամ չի տնօրինում: Հետեւաբար՝ մեծամասնական համակարգով կին պատգամավորի ընտրվելու հնարավորությունը համարյա զրոյական է գնահատվում: Կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ այնուամենայնիվ հաճելի է: Թեկուզ զուտ օլիմպիական կարգախոսի մակարդակում: Ո՞վ իմանա, գուցե իսկապես մասնակցելն ավելի կարեւոր է, քան հաղթելը: Մարտի 8-ի առթիվ կանանց շնորհավորելով, մեզ ու հատկապես կանանց մխիթարելով՝ ավելացնեմ` հո միշտ այսպիսին չե՞նք մնա: Մեր հասարակությունն էլ առաջադիմելով՝ կանանց այնքան կգնահատի, որ խորհրդարանը կիսով չափ կհամալրեն կին պատգամավորները:

Հ.Գ. Եթե տոնի առթիվ կեղծավորություն չանեի, ապա վերջին նախադասությունը կգրեի այսպես. «Մեր հասարակությունն էլ առաջադիմելով՝ կանանց այնքան կթերագնահատի, որ խորհրդարանը կիսով չափ կհամալրեն կին պատգամավորները»: