Տաքսու վարորդների հետ զրույցի այսօրվա թեման հայ-ռուսական հարաբերություններն են: Նրանցից շատերը համարում են, որ հայ-ռուսական բարեկամություն մեր օրերում չկա, քանի որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանը, հարեւան պետության հետ շփման մեջ առաջնորդվում է իր երկրի շահերով:
Վարորդ Վարդանը վստահեցնում է, որ հայերը տառապում են թերարժեքության բարդույթով. «Դրա համար էլ մեր ուսերին միշտ մեկը նստում է: Ժամանակին պարսիկներն են նստել, հետո՝ թուրքերը, հիմա էլ՝ ռուսները: Ընդհանրապես, որպես ժողովուրդ՝ մենք մեզ չենք կարողանում արժեւորել, միշտ մեզ մյուս ազգերից ցածր ենք գնահատում: Ես միշտ ասում եմ, որ որպես ազգ՝ մենք ուրիշներին շատ բան ունենք սովորեցնելու: Ես Ռուսաստանում 7 տարի առաջ ապրել եմ, շրջապատված եմ եղել ռուսներով ու լավ տիրապետում եմ այդ ազգի նիստուկացին: Գոյություն չունի ընտանիք հասկացողություն, երեխայի դաստիարակություն, կին-տղամարդ հարաբերություն, արժեքներ: Նրանց արժեքներին հետեւելով՝ մեր երիտասարդությունը շատ բան է կորցնելու: Մենք վարձով էինք ապրում, ու իմ հարեւան ռուս ընտանիքում բառիս բուն իմաստով «բարդակ» էր: Ուրեմն՝ ամուսինն ու կինն ամբողջ օրը զբաղված էին հարբեցողությամբ: Գնում էին աշխատանքի, աշխատանքից հետո էլ՝ ամեն մեկն իր ընկերների կամ ընկերուհիների տուն՝ զվարճանալու: Երկու երեխա ունեին, որոնք դիսկոտեկաներից ու սրճարաններից տուն չէին գալիս: Աղջիկը 2 անգամ նարկոդիսպանսերում բուժվել էր…»,- պատմում է Վարդանը՝ վստահեցնելով, որ, եթե իր երեխաների հետ նման բան պատահեր՝ ինքը, որպես ծնող, կխելագարվեր: «Բայց իրենք շատ անտարբեր էին: Հիշում եմ՝ մի օր մայրը գժված եկավ մեր տուն, թե՝ ի՞նչ անեմ երեխայիս հետ: Կինս 5 ժամ բացատրում էր, որ պետք է երեխային հետեւել, պետք է ուշադիր լինել, չթողնել այդ միջավայրում, եւ այլն: Մի պահ թվաց, թե էդ կինը լիքը բաներ հասկացավ, բայց տուն գնալուց հետո շշերը դրեց սեղանին ու սկսեց խմել: Երեխան կործանվում էր, բայց տիրություն անող չկար: Բան չունեմ ասելու, Հայաստանում էլ նման մարդիկ կան, բայց էնտեղ դա համարվում է սովորական երեւույթ: Ուզում եմ ասել, որ մենք ռուսամետությամբ ենք տառապում, բայց ահավոր սխալ ենք անում, որովհետեւ մեր արժեքներն ու նրանցը շատ տարբեր են: Մեր երիտասարդությունը շատ լավն է, չես համեմատի նրանց հետ: Հետո՞ ինչ, որ նրանք կարողանում են Եվրոպայի հետ ոտք գցել»,- հարցնում է Վարդանն ու ինքն իր հարցի պատասխանը տալիս. «Պարզապես նրանց հնարավորությունները մեծ են: Ես վստահ եմ, որ, եթե մեր մշակույթը դուրս հանելու հնարավորություն ունենանք՝ ամբողջ աշխարհը կհիանա մեր երգարվեստով, գրականությամբ, նկարչությամբ: Օրինակ՝ էն օրն իմացա, որ երգի փառատոնին Հայկոյին են ուղարկում: Բան չունեմ ասելու, լավ է երգում, բայց շատ կուզենայի, որ Ինգա եւ Անուշ Արշակյանները գնային, որովհետեւ նրանց երգն ազգայինը նորովի մատուցելու լավ օրինակ է: Շատ, շա՜տ եմ սիրում իրենց, որովհետեւ ճաշակ կա: Եթե աշխարհը լսի իրենց երգերը՝ վստահ եմ՝ մյուս ազգերի երգիչները կսկսեն կրկնօրինակել իրենց»,- ասում է Վարդանը:
«Օլյա, Գալյա, Նատաշա…»
Վարորդ Սարգիսը 63 տարեկան է։ Մեր զրույցի ընթացքում նա հիշում էր իր սիրային պատմությունները: Յուրաքանչյուր թեմայի մասին զրուցելիս պատմում է իր գեղեցիկ հիշողությունները: «Է՜հ, ինչ կյանք եմ ապրել, աղջիկ ջան, ինչ լավ օրեր եմ տեսել: Օլյա, Գալյա, Նատաշա… Ինձ սենց կնճռոտ, թրաշով, հոգնած ես միշտ տեսնում, բայց կարգին, գրավիչ տղամարդ եմ եղել: Սովետի տարիներին գնում էինք խոպան, ռուս կնանիքին խելքահան էինք անում: Ռուսաստանը, եթե ուզում ես ճիշտն իմանաս, մեր՝ հայերիս համար լավ զվարճանալու տեղ էր: Գնում էինք խոպան, համ լավ փող էինք աշխատում, համ էլ, կոպիտ ասած, «կապներս կտրում» էինք, լեւի-մեւի էինք գնում: Դե՛, Հայաստանում հայ կնանիք նամուսով են, ամուսնացած տղամարդու սկի բարեւ չեն տալիս, դրա համար էլ Ռուսաստանին միշտ ձգտել ենք: Ախր էդ ռուս աղջիկները շատ սիրուն են, սպիտակ, թմբլիկ, շան տղի աղջիկները ոնց որ մոմից լինեն: Ու հետո ասեմ քեզ, նրանք հայ տղամարդկանց սիրում են: Ես որ գնում էի խոպան՝ ընկերոջս կինն ասեց՝ Սաքո, քեզ կփախցնեն: Ասեցի՝ տնաշեն, ես հո կինարմատ չե՞մ, որ փախցնեն: Ասեց՝ զգույշ կլինես, թե չէ հետեւիցդ փորով ռուս աղջիկ ես բերելու»,- ոգեւորված պատմում է վարորդ Սարգիսն ու հավատացնում, որ ինքը «խորամանկ աղվես է»: «Իմ նմանները թաց տեղը պառկողը չեն, ես հո հավ չե՞մ, որ ուրիշ կնոջից երեխա ունենամ: Լեւի գնալը՝ գնալ, բայց երբեք իմ ընտանիքին չեմ վնասի: Նատաշաներն, ինչ խոսք, շատ սիրուն են, բայց հարյուր հատ Նատաշայի կնոջս մի մատի հետ չեմ փոխի: Հիմիկվա տղերքը գնում, ընկնում են դրանց թակարդը, բայց, հավատա, որ ռուս կինը երբեք չի կարա հայ կնոջ նման առաքինի լինի: Ճիշտ ա, ես էլ էի տարվում իրանցով, բայց իմ հետ շփվող ռուս կանայք գիտեին, որ ավելին չի լինելու»,- պատմում է նա՝ վստահեցնելով, որ ռուս-հայկական հարաբերությունները միշտ էլ կոնֆլիկտային են լինելու, քանի դեռ հայ տղամարդիկ ձգտում են գնալ Ռուսաստանում աշխատել: «Հասկանո՞ւմ ես, հայ տղամարդը շատ աշխատող ա, իսկ ռուսներն աշխատել չեն սիրում: Հայերը ռուսների մոտ խանդ են առաջացնում, որովհետեւ իրանք իրանց երկրում «չուժոյ» են զգում: Էդ ո՞նց ա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածությունն ուզում ա դնի, ու բոլորն ասում են՝ ինչի՞ պիտի սփյուռքահայը մեր երկրում պաշտոն զբաղեցնի: Մենք ռուսներին նման չե՞նք: Կամ էլ նույն երկքաղաքացիության հարցը. է՛, թող քաղաքացի լինի, ինչի՞ չենք ուզում, որովհետեւ խանդում ենք, որ մեր երկրում ինքը առաջ կգնա, իսկ մենք՝ ոչ»:
«Նենց էին ծեծել, որ կիսամեռ վիճակում հասավ սերվիս»
«Ոչ միայն ռուսներն, այլ ամբողջ աշխարհն ա գազազել»,- բարկացած ասում է վարորդ Գուրգենը, ով զարմանում է, երբ Ռուսաստանում հայ սպանելիս Հայաստանում վայնասուն են դնում: «Զարմանում եմ, որովհետեւ Հայաստանում հայերն ավելի շատ են հայ սպանում, քան Ռուսաստանում: Դուք նայեք, թե օրը ցերեկով ոնց են զենքը հանում ու անվախ կրակում: Մարդիկ չարացել են, բռնությունը, սպանությունը վերջին ժամանակներում շատ-շատ է: Հեռուստացույցով լուրերը լսում ես՝ տրամադրությունդ ընկնում է: Ամեն օր լսում ես, թե ոնց են մեկին սպանել, ընդ որում, ամբողջ աշխարհում նույն պատկերն է: Առաջ, եթե մեկը սպանություն գործեր, ավելի լավ էր գնար ինքնասպան լիներ, որովհետեւ հասարակությունը նման արարքին շատ վատ էր վերաբերվում: Սպանություն կատարողը ոչ միայն զրկվում էր շրջապատից, հարեւաններից, այլ նաեւ՝ իր հարազատությունն էր իրենից երես թեքում: Էսօր սպանություն կատարողը համարվում է հեղինակություն ու բոլորի կողմից հարգանք է վայելում»,- վստահեցնում է Գուրգենն, ով հորդորում է, որ նախ՝ ինքներս մեզ նայենք, ապա նոր՝ ուրիշներին: «Մի քանի օր առաջ, գիշերվա հերթափոխի ժամանակ մեր վարորդներից մեկին երկու ուղեւոր նենց էին ծեծել, որ կիսամեռ եղած հասել էր սերվիս: Ասել էին՝ ավտոյից իջի, որ ավտոն փախցնեն: Որ տեսել էր՝ ավտոն տանում են, ճար չկա՝ մեքենայի բանալիները մեջը ջարդել էր: Հասել-ծեծել, արյունլվա էին արել: Մեքենան եթե տանեին, ուրեմն՝ ոտքով-գլխով կորելու էր, դրա համար էլ ստիպված բանալին ջարդել էր: Դե՛, պատկերացրե՛ք, թե տաքսի քշող վարորդն ինչ գնով է հացի գումար վաստակում: Աղմուկ են բարձրացնում, թե Ռուսաստանում նորից հայ են սպանել, բայց, երբ հայը հային սպանում է՝ քար լռություն է, որովհետեւ մեր կեղտոտ սպիտակեղենը չպիտի դրսում ցույց տանք»:
«Մեր նախագահն ավելի շատ Պուտինն է, քան Քոչարյանը»
«Ես հայտարարում եմ. եթե մեր իշխանություններն իսկապես մտահոգված են Ռուսաստանում հայ սպանելու խնդրով, ուրեմն թող իրենք իրենց հարց տան, թե ինչո՞ւ է հայ քաղաքացին իր կյանքը վտանգելով ապրում Ռուսաստանում»,- մեր իշխանություններին խորհուրդ է տալիս վարորդ Մինասն ու գնահատում հայ-ռուսական հարաբերությունները: «Հարաբերություն կարող էր լինել Կոմունիստների օրոք, երբ մենք անկախ պետություն չէինք եւ ստիպված էինք ռուսների նազը քաշել: Հիմա իբրեւ թե մենք մեր գլխի տերն ենք, բայց, արի ու տես, որ ռուսների համար խեղկատակություն ենք անում: Խաղում ենք, թե բարեկամ ազգեր ենք, բայց իրականում ռուսները հայերին չեն սիրում: Ազգությամբ ռուս ուղեւորներ տանելիս ես լսում եմ, թե ոնց են ձեռք առնում փողոցով քայլող աղջկա հագուստը կամ էլ փող ուզող մուրացկանին: Ռուսը երբեք հային հավասար չի վերաբերվի: Նույնն էլ նախագահների դեպքում է: Օրինակ՝ մենք ավելի շատ որպես նախագահ ընդունում ենք Պուտինին, քան Քոչարյանին: Ես համոզվել եմ, որ հայ ժողովուրդը Պուտինից ավելի շատ սպասելիքներ ունի, քան Քոչարյանից: Էդպես է, որովհետեւ ինքը՝ Քոչարյանն էլ նրանից շատ մեծ կախում ունի: Հայ-ռուսական հարաբերությունները շատ նման են վատ բարեկամների հարաբերություններին: Էն, որ խաղում են, իբրեւ թե իրար սիրում-հարգում են, բայց, երբ մեկը նեղն է ընկնում, մյուսն աննկատ կորում է»,- վստահեցնում է Մինասն՝ ավելացնելով, որ մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ հայը Հայաստանում մարդավարի ապրի, այլապես բոլորը ձգտելու են Ռուսաստան գնալ: «Մարդիկ գիտեն, որ հանգիստ խղճով չեն կարող էնտեղ ապրել, բայց գնում են, որովհետեւ էստեղ շան պես աշխատում ես ու մենակ կարողանում ես օրվա ծախսը վաստակել: Բայց մարդն ուզում է ճոխ էլ չէ, մի քիչ լավ, հարմարավետ ապրի, չէ՞: Հորեղբորս տղան արդեն 3 տարի Ռուսաստանում է ապրում: 6-րդ դասարանցի տղա ունի, ահ ու սարսափով են էնտեղ: Երեկոյան ժամերին էդ երեխուն արգելում են տանից դուրս գալ, բայց էդպես ապրելն ո՞ւմ է պետք: Ասում եմ՝ վերադարձեք, ասում է՝ մենակ ե՞ս եմ, Հայաստանում ապրող ծնողներիս պահում եմ, զոքանչիս, քենուս ու երեխեքին պահում եմ, ո՞նց գամ: Էլ չեմ ասում, որ մի 3-4 ամիսը մեկ անգամ էլ ինձ է մի 200 դոլարով օգնում»,- ասում է Գուրգենը՝ հավելելով, որ հայաստանաբնակ քաղաքացիները Ռուսաստանից մեծ կախում ունեն, դրա համար էլ Ռուսաստանից պարբերաբար ապտակ ենք ստանում:
«Ռուսաստանի բանտերում շատ հայեր կան»
Վարորդ Արմենի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները պատշաճ մակարդակի կլինեն, եթե մի քանի անշնորհք հայեր ուրիշ երկրներում անհամություն չանեն: «Ռուսները լավ էլ ժողովուրդ են, բայց մերոնք համը հանում են: Հայերի մեջ շատ «քցողներ» կան, ովքեր մոռանում են, որ ուրիշ երկրներում հանցագործությունը պատժվում ա: Ես մարդ գիտեմ, որ հանցագործության համար դատվեց, բայց մի քանի ամիս հետո գաղութից ազատվեց, թռավ Ռուսաստան: Էնտեղ էլ իրան ցույց էր տվել ու բռնվել էր: Հիմա Ռուսաստանում նստած ա»,- ասում է Արմենը՝ վստահեցնելով, որ ռուսական բանտերում շատ հայեր կան: «Էնտեղ դժվար ա փող տալ, կալանքից ազատվել: Ուզում եմ ասել, որ ամեն ինչն էլ իր բացատրությունն ունի: Եթե հայը գնում ա Ռուսաստան ու գողություն ա անում՝ ամբողջ ազգի պատիվն ա գցում: Եթե ռուսը գա Հայաստան ու ձեզ մի վատություն անի՝ չե՞ք ասի, որ վատ ազգ ա: Օրինակ՝ հայ կանայք գնում են Թուրքիա կամ Դուբայ, մարմնավաճառություն են անում, չէ՞, հետո, երբ նրանց քաղաքացիները գալիս են Հայաստան՝ հայ աղջիկներին ուրիշ աչքով են նայում, գիտեն՝ բոլորը ծախվում են: Արեւելյան երկրներում էլ համարում են, որ հայ կանանցից շատերը մարմնավաճառ են, որովհետեւ իրենց երկրում ապրող հայ կանայք էդպիսին են»,- հավատացնում է Արմենն՝ ասելով, որ Ռուսաստանում ապրող հայերից շատերն իրենց վատ արարքներով մեր ազգի մասին վատ տպավորություն են ստեղծում: