Կրոն եւ քաղաքականություն

10/03/2007 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, որ ընդունվեց անցյալ շաբաթ, իրավապաշտպանները համարում են այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրականության խորացում: Այդ օրենքով մի շարք արտոնություններ են տրվում Առաքելական եկեղեցուն. պետական բյուջեով աջակցություն, իրավունք մասնակցելու եկեղեցու պատմություն առարկայի դպրոցական ծրագրերի մշակմանը, կրթական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացմանը:

Բացի այդ, եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները ԶԼՄ-ները պետք է հրապարակեն անփոփոխ, պետությունը ճանաչում է Առաքելական եկեղեցում կատարված ամուսնությունները եւ ամուսնալուծությունները, հարկից ազատվում է եկեղեցական ծիսական նշանակության առարկաների արտադրությունն ու իրացումը, խոստովանահայրը որպես վկա չի կարող հարցաքննվել այն հանգամանքների մասին, որոնք հայտնի են դարձել խոստովանություն ընդունելիս:

Մյուս կրոնական կազմակերպությունները զուրկ են մնում այս իրավունքներից ու արտոնություններից: Օրենքը անմիջական հետեւանքն է 2005 թվականին ընդունված սահմանադրական փոփոխությունների դրույթի, որով ճանաչվում է Առաքելականի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման եւ ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասում է, որ այս օրենքով եկեղեցուն, փաստորեն, տրվում է նախարարության կարգավիճակ, եւ տպավորություն է առաջանում, որ երկիրը, որի Սահմանադրությամբ եկեղեցին անջատ է պետությունից, հեռանում է աշխարհիկությունից:

Եվրոպայի խորհրդի առաջ Հայաստանը պարտավորություն վերցրեց, որ վերացնի խտրականությունը կրոնական կազմակերպությունների միջեւ, սակայն, ըստ Իշխանյանի, այս օրենքով խտրականությունը ավելի խորացվեց:

«Բազմաթիվ քաղաքացիներ կան, որ անհավատ են կամ Առաքելական եկեղեցու անդամ չեն, ինչո՞ւ նրանց տված հարկերից պիտի Առաքելականին գումար հատկացվի,- ասում է նա: -Ինչո՞ւ պիտի եկեղեցու հաղորդագրությունը անփոփոխ հրատարակվի, իսկ ուրիշ կազմակերպություններինը` ոչ: Ինչո՞ւ միայն Առաքելականի ամուսնությունն է ճանաչում, իսկ մյուսներինը` ոչ: Ինչո՞ւ պիտի դպրոցում եկեղեցու պատմություն անցնեն, որ կարող է լինել հայ ժողովրդի պատմության մի մասը: Այս եւ մյուս արտոնությունները մի բան են ցույց տալիս. եկեղեցին այս օրենքով փոխհատուցվում է իշխանության կողքը լինելու եւ նրան պաշտպանելու համար»:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կազմակերպության նախագահ Ստեփան Դանիելյանը ասում է, որ եթե այլ կրոնական կազմակերպությունները չօգտվեն նույն արտոնություններից ու իրավունքներից, ապա հակասություն կառաջանա Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերի եւ օրենքի միջեւ: «Նախ` պետք էր խղճի ազատության մասին նոր օրենք ընդունեին համապատասխան եվրոպական կոնվենցիաների, որից հետո այդ օրենքի վրա հիմնված Առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունների վերաբերյալ օրենք ընդունեին, որտեղ արդեն չլիներ խտրականություն: Այժմ անհեթեթություն եղավ»,- ասում է նա:

Ըստ օրենքի` Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով: Իշխանյանի կարծիքով` դրանով անտեսվում է հեթանոս, կաթոլիկ, բողոքական հայերի շնորհիվ ստեղծված մշակույթը, եւ Հայաստանում գործող մյուս կրոնական կազմակերպությունների հավատացյալներին ազգից տարանջատում:

Իսկ Դանիելյանը ասում է, որ ազգային դրույթը հակասում է Ազգությունների մասին եվրոպական կոնվենցիային, որով ազգը քաղաքացու եւ պետության հարաբերությունների ձեւն է, ազգային պատկանելությունը` քաղաքացիություն:

Հայաստանի կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը ասում է, որ որեւէ խտրականություն չի բերում այս օրենքը, եւ նրա 70 տոկոսը վերցված է «Խղճի ազատության մասին» օրենքից, որտեղ որոշ արտոնություններ տարածվում են նաեւ մյուս կրոնական կազմակերպությունների վրա:

«Բյուջեից ֆինանսավորումը չի վերաբերում կրոնական արարողություններին, հետեւաբար խտրականության հարց չէ, այլ վերաբերում է «Եկեղեցու սեփականությունը եւ ազգային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասը հանդիսացող մշակութային հաստատությունների, հավաքածուների, թանգարանների, գրադարանների, արխիվների պահպանությանն ու հարստացմանը» (մեջբերում օրենքից): Այսինքն` այն, ինչ պատկանում է եկեղեցուն, նաեւ մեր ազգային մշակույթի մասն է ու կարող է գտնվել պետության հովանավորության ներքո»: Խառատյանն ասում է, որ օրենքով Առաքելական եկեղեցում կատարված ամուսնություններն օրինական են ճանաչվում, քանի որ եկեղեցին դիմել է, որ պետությունը դրանք ճանաչի, եթե այլ կրոնական համայնքներ էլ դիմեն նույն խնդրանքով, գուցե նրանց դիմումն էլ օրենքի ուժ ստանա:

Ըստ Խառատյանի, որը մասնագիտությամբ ազգագրագետ է, ազգային հասկացությունը ընդհանրապես խնդրահարույց է, եւ օգտագործվում է երկու իմաստով. մի դեպքում՝ այն հասկացվում է էթնիկական, մի այլ դեպքում` պետական:

Բացի այդ, նա ասում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ազգային որակելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հետեւորդները միայն հայերը չեն, Ադրբեջանում բնակվող ուդիները նույնպես առաքելական են:

www.armenianow.com