Ժամանակակից գրադարանները վաղուց արդեն միայն գիրք եւ պարբերական սպասարկող հաստատություններ չեն: Արեւմտյան երկրներում գրադարանային տացքի մեկ երրորդը կազմում է CD/DVD-ների, տեսաֆիլմերի եւ զանազան համակարգչային գործածության միավորների սպասարկումը:
Գրադարաններն իրականացնում են բազմաթիվ ոչ ավանդական գործառույթներ, որոնք ավելի են բարձրացնում նրանց հասարակական դերը: Ասենք` Ֆինլանդիայում հանրային գրադարաններում են տեղակայվում մեզանում ՆԳ համակարգում ներառված անձնագրային սեղանները, եւ հանրային գրադարաններն են իրականացնում արտոնյալ խմբերի տրանսպորտային երթեւեկության կտրոնների բաշխումը: Այս կերպ քաղաքացիների սպասարկումը կազմակերպվում է ավելի հյուրընկալ միջավայրում, գրադարանը տարածքի տրամադրման համար վարձավճար է ստանում եւ կարողանում է ավելի շատ ընթերցողներ ներգրավել գրադարանային սպասարկման ոլորտում: Քաղաքային տեղեկատու ծառայության գործառույթը, մեր նախկին «Երքաղտեղեկանքի» նմանողությամբ, առհասարակ լայն տարածում ունի արեւմտյան հանրային գրադարանների աշխատանքում: Հանրային գրադարանները բնակչությանն առաջարկում են բազմաթիվ ոչ գրադարանային ծառայություններ` ժողովների եւ հավաքատեղերի տրամադրում, գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպում, ընդունելություններ, շնորհանդեսներ եւ այլն: Չիկագոյի կենտրոնական հանրային գրադարանի (կառուցվել է 1991-ին, տարածքը՝ 225,000 քմ) տարածքների (դահլիճներ, ձմեռային այգի, թատերական դահլիճ, տեսասրահ, խորհրդակցության սենյակներ եւ այլն) վարձակալությունից գրադարանը զգալի եկամուտներ է ապահովում (տես` www.chipublib.org): Օրինակ` տանիքի տակ ձմեռային այգու տարածքը հարսանեկան հանդեսի համար 4 ժամով վարձակալելու գումարը կազմում է 5,250 ԱՄՆ դոլար:
Նոր հանրային գրադարաններ կառուցելիս ավելի ու ավելի հաճախ դրանք տեղաբաշխվում են խոշոր սուպերմարկետների համալիրներում, որտեղ հաճախորդների հսկայական հոսք կա: Դա միայն առաջին հայացքից է թվում, թե հանրախանութում գնումներ կատարողները գործ չունեն գրադարանի հետ: Ընդհակառակը, Արեւմուտքում շատ ընդունված է ամբողջ ընտանիքով օրն անցկացնել գերհսկա սուպերմարկետներում, որտեղ նրանց համար ստեղծված են բոլոր պայմանները գնումների, սնվելու եւ հանգստի համար: Գրադարանները նման կենտրոններում բացելը բնորոշ է հատկապես սկանդինավյան երկրներին եւ Մեծ Բրիտանիային:
Մեզանում գրադարանների հասարակական դերի վերականգնումն անհնար է առանց ժամանակակից գրադարանային շենքերի կառուցման ծրագրի: Հայաստանում մեկ ձեռքի մատներն անգամ բավարար են հատուկ գրադարանների համար կառուցված շենքերը հաշվելու համար:
Չծուլանանք, հերթով հիշենք այդ շենքերը:
Հայաստանի ազգային գրադարանը (նախկին հանրային) տեղաբաշխված է երեք հիմնական եւ մեկ օժանդակ շենքերում: Դրանցից ամենահինը կառուցվել է 1939թ. ակադեմիկոս Թամանյանի նախագծով: Միջնադարում գրատներով եւ համալսարաններով հարուստ մեր երկրում նոր ժամանակներում նախկին հանրային գրադարանը նորագույն շրջանի Հայաստանում գրադարանի համար նախատեսված առաջին շենքն է: Ազգային գրադարանի առկա շենքերից միակը, որտեղ հաշվի են առնված ժամանակի գրադարանային ճարտարապետության կանոնները, վերջինն է` նախատեսված գրապահոցի համար: Սակայն խորհրդային երկրի փլուզման պատճառով հնարավոր չեղավ շենքը մինչեւ վերջ հանդերձավորել, կահավորել եւ շահագործման հանձնել: Ներկայումս գրապահոցի շենքը հարկադրաբար օգտագործվում է արտասահմանյան լեզուներով եւ ռուսերեն գրականության որոշ բաժինների եւ հատկապես նկուղային տարածքներից տեղափոխված գրականությունը պահպանելու համար: Վերելակները, օդափոխության, ջեռուցման եւ հրդեհաշիջման համակարգերը, ներքին կոմունիկացիաները չեն գործում: Մյուսը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանն է: Շենքը կառուցվել է 1980-ին (ճարտարապետ` Լեւոն Ղալումյան, Ռուզան Առաքելյան): Գրադարանի տեղաբաշխումը եւ ճարտարապետական ինքնատիպ նկարագիրը, անշուշտ, տպավորիչ են: Նրանք, ովքեր այցելել են գրադարան, կարող են առանձնացնել նաեւ գրադարանի ընթերցասրահների նկարչական ձեւավորումը, որը հաճելի գեղարվեստական միջավայր է ստեղծում (նկարիչ Ռուբեն Ղեւոնդյան): Սակայն ընթերցողներին պիտի կրկին հիասթափեցնենք, քանի որ այս շենքը նույնպես կառուցվել է հիմնական գրադարանային պահանջների անտեսմամբ: Շատ անհաջող են գրապահոցային պայմանները, որոնք տեղավորված են խոնավ, նկուղային հարկում, ուր գրքերի պահպանման ոչ մի պայման չի ապահովված: Համաձայն միջազգային չափորոշիչների` գրապահոցներում պետք է ամառ թե ձմեռ ապահովվի 18,5-21,0C ջերմություն` 50%-60% խոնավության սահմաններում: Ընթերցասրահների երկհարկ տարածքներն առանձնացված չեն իրարից եւ անհարմարություն են ստեղծում օգտվողների համար, չեն կատարվել ձայնամեկուսացման աշխատանքներ: Մանուկների համար կառուցված քառահարկ գրադարանում պետքարանները տեղադրվել են միայն գետնահարկում, որը, հատկապես մեծ միջոցառումների ժամանակ, խիստ անբավարար է: Վերջին տարիներին գրադարանի անհարմարություններին ավելացել է եւս մեկ խնդիր. շենքի երկու կողմից քաղաքաշինական նորմերի խախտումով առանձնատներ են կառուցվել` գրադարանը զրկելով հետագա ծավալման հնարավորությունից: Խախտվել են հրշեջ անվտանգության կանոնները եւ, Աստված մի արասցե, հրդեհի դեպքում մարդկանց տարհանման եւ հրդեհի շիջման հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մեզանում ամենավերջին կառուցված գրադարանային շենքը Երեւանի պետական համալսարանի կենտրոնական գրադարանի մասնաշենքն է, որը շահագործման է հանձնվել 1994-ի հոկտեմբերին (ճարտարապետ` Լեւոն Բալայան, քանդակագործ` Վահան Ղազարյան): Գրադարանն ունի 12,000 քմ տարածք, 1050 ընթերցողական տեղ: Չնայած նախկին պայմանների համեմատ իր ակնհայտ առավելություններին` այս շենքը նույնպես չունի գրքերի պահպանության անհրաժեշտ պայմաններ: Գրապահոցը չի ջեռուցվում, չկա խոնավության վերահսկման համակարգ:
Այսքանը: Սրանցից բացի` Հայաստանում հատուկ գրադարանային շինություն չի կառուցվել: Նման քաղաքականություն է տարվել ոչ միայն Հայաստանում, այլեւ խորհրդային բոլոր հանրապետություններում: Հանրային գրադարաններին տարածք էր հատկացվում բնակելի շենքերի առաջին հարկերում, որտեղ հնարավոր չէր ապահովել գրադարանային հավաքածուների պահպանության եւ սպասարկման պայմանները: Սրանով գրադարանային ճարտարապետությունը մեր երկրում զրկվեց զարգացման հնարավորությունից: Միաժամանակ գրադարանները մղելով հարմարեցված տարածքներ` հասարակական գիտակցության մեջ ջնջվեց գրադարանի ինքնուրույն ճարտարապետական նկարագիր ունենալու իրավունքը:
Վերջին տասնամյակներում աշխարհում կառուցվել են գրադարանային հոյակերտ շենքեր եւ շինություններ: Ֆրանսիայի նախագահ Միտերանը նախաձեռնեց Ֆրանսիայի ազգային գրադարանի նոր համալիրը (տես` www.bnf.fr), Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանը կառուցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ (տես` www.bibalex.org): Այս կառույցները ոչ միայն ինքնատիպ արտաքին տեսք ունեն, այլեւ, որն ավելի կարեւոր է, ապահովում են գրադարանային հավաքածուների պահպանության, օգտվողների սպասարկման եւ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կատարյալ պայմաններ:
Հանրային գրադարանների շինարարության բնագավառում աշխարհում եզակի է երկաթուղային մագնատ Էնդրյու Կարնեգիի օրինակը, ում անգլախոս երկրներում անվանում են «Գրադարանների սուրբ հովանավոր»: Նրա` ավելի քան 56 միլիոն դոլար կազմող նվիրատվության շնորհիվ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին Միացյալ Նահանգներում եւ Շոտլանդիայում կառուցվել է 2,509 հանրային եւ 108 համալսարանական գրադարանի շենք: Այս հսկայի հետ իր գրադարանային բարեգործական ծրագրերով այսօր մրցում է աշխարհի ամենահարուստ մարդը` «Մայքրոսոֆթ» ֆիրմայի հիմնադիր Բիլ Գեյթսը: Սկսած 2000-ից` նրա եւ իր տիկնոջ` Մելինդա Գեյթսի հիմնադրամը մեկ միլիոն դոլարանոց դրամաշնորհներ է տրամադրում հանրային գրադարաններին (տես` www.gatesfoundation.org): Մինչ օրս, ժամանակագրական հերթականությամբ, այդ դրամաշնորհները ստացել են Ֆինլանդիայի, Գվատեմալայի եւ Արգենտինայի, Կոլումբիայի, Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, Դանիայի Օրհուսի քաղաքային եւ Չինաստանի Էվերգրին գյուղական գրադարանային համակարգը, Բանգլադեշի եւ Նեպալի գրադարանները: «Գեյթս» հիմնադրամը մեկ այլ դրամաշնորհային ծրագրով աջակցություն է ցուցաբերում դիմորդ երկրներին` հանրային գրադարանային ցանցի միջոցով իրենց երկրում ապահովելու ինտերնետի ազատ մուտք` առաջարկելով համակարգչային գրագիտության դասընթացներ: Այս ծրագրով ինտերնետը մուտք է գործել Չիլիի բոլոր 368 հանրային գրադարաններ: Նույն ծրագրով ինտերնետն այժմ մատչելի է Մեքսիկայի ավելի քան 8,000 հանրային գրադարանների ավելի քան 30 տոկոսի համար:
Հայաստանում հանրային գրադարանների պայմաններն անհուսալիորեն վատ են: Խնդիրը միայն այն չէ, որ պետության կողմից համարյա թե մոռացված այս բնագավառը նշանակալի դրամական հատկացումների կարիք է զգում: Բանն այն է, որ գրադարանային շենքերի ու կառույցների խարխուլ եւ վերանորոգման կարոտ միջավայրում հնարավոր չէ իրականացնել արդի գրադարանային գործին հատուկ գործառույթներ: Մի քանի տարի առաջ Հայաստանում գրադարանային խորհրդատվական ծրագրով հյուրընկալվող ամերիկացի գրադարանային մասնագետներից մեկը հանդես եկավ առաջին հայացքից ֆանտաստիկ առաջարկությամբ: Նա, ծանոթանալով բոլոր խոշոր գիտական գրադարանների պայմաններին, առաջ քաշեց արդի տեխնոլոգիաներով հագեցած նոր, մոդել գրադարանի կառուցման ծրագիր, որը կկարողանա ստանձնել Հայաստանի գրադարանների անցումը 21-րդ դար: Այն նաեւ կծառայի իբրեւ մոդել երկրի գրադարանների աշխատանքը կազմակերպելու համար: Այս գաղափարի հեղինակի կարծիքով՝ Հայաստանի բարձրագույն իշխանությունները նման նախաձեռնությամբ հանդես գալու պարագային կարող են ակնկալել միջազգային դոնորների օգնությունը:
Աշխարհում արդեն վաղուց փոխվել է գրադարանային գործը. փոխվել են գրադարանների գործառույթները, ավելացել նորերը: Գրադարանն այլեւս ընդամենը եւ միայն գրքերի պահպանության ու ընթերցանության միջավայր չէ: Թվային տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը եւ տեղեկատվական հեղեղն անճանաչելիորեն փոխել են գրադարանների դեմքը: Գրադարանային ծառայությունների կազմակերպման հիմքում դրվել է բիզնես մտածողությունը: Խոսքը բնավ գրադարանային ծառայությունների վճարովի հիմունքներով կազմակերպմանը չի վերաբերում: Առայժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանրային գրադարանի հռչակագիրն» այդ բնագավառում գերակա է համարում անվճար ծառայությունների ապահովումը:
Հիմա տեսնենք, թե ի՞նչ հեռանկար է սպասվում Երեւանի գրադարաններին կենտրոնի ներկայիս շինարարական պայթյունի արդյունքում: Հիշենք, որ ոչ շատ վաղուց որոշ չինովնիկներ ծրագրում էին քաղաքի կենտրոնից դուրս բերել Երեւանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանը: Երեք տարի առաջ մամուլը լայնորեն լուսաբանեց գրադարանը քաղաքի կենտրոնից դուրս մղելու փորձերը: Բարեբախտաբար, գրադարանի ընթերցողների եւ բարեկամների հզոր աջակցությամբ քաղաքի կենտրոնական գրադարանը տեղում թողնելու եւ նրան ներկայումս կառուցման ընթացքում գտնվող առեւտրամշակութային համալիրում տեղ հատկացնելու մասին որոշում ընդունվեց: Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի թիվ 734ն որոշման` գրադարանը հանձնելու է Ամիրյան 2 հասցեի իր շենքը եւ համարժեքության պայմանով 800 քմ տարածք է զբաղեցնելու նորակառույց համալիրում: Խնդրում ենք հիշել այս թիվը` 800 քմ: ԶԼՄ-ները բազմաթիվ անգամ են անդրադարձել Երեւանում հանրային գրադարանների զգալի մասի փակման իրողությանը: Ներկայումս Երեւան քաղաքում, բացի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական եւ 7 մասնաճյուղ գրադարաններից, տարբեր թաղապետարանների ենթակայությամբ գործում են եւս 22 գրադարաններ: Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանն իր մասնաճյուղերի հետ միասին ունի 3,521 քմ, իսկ համայնքային 22 գրադարանները միասին վերցրած ունեն մոտ 6,584 քմ տարածք: Այսինքն, Երեւանի բոլոր հանրային գրադարանները միասին ունեն 10,000 քմ-ից փոքր-ինչ ավելի տարածք:
Հետագա խորհրդածության համար, իբրեւ եզրափակում, առաջարկում ենք ծանոթանալ Երեւանի մի քանի քույր քաղաքների կենտրոնական քաղաքային գրադարաններին: Լիոնի քաղաքային գրադարանը տեղավորված է 1972-ին կառուցված շենքում եւ զբաղեցնում է ավելի քան 35,000 քմ մակերես (տես` www.bm-lyon.fr): Երեւանի կանադական քույր Մոնրեալի քաղաքային գրադարանը զբաղեցնում է ավելի քան 42,000 քմ տարածք (տես` www.montreal.qc.ca/biblio): Վերջերս Երեւանը քույր քաղաքի բարձր կարգավիճակ հաստատեց նաեւ Լոս Անջելեսի հետ: Աշխարհի երկրորդ հայաշատ քաղաքի կենտրոնական գրադարանի շենքը կառուցվել է 1992-ին եւ զբաղեցնում է ավելի քան 106,000 քմ տարածք (տես` www.lapl.org): Այսինքն` այս քույր քաղաքների միայն կենտրոնական գրադարանները, առանց մասնաճյուղերի, շատ անգամ ավելի ընթերցողական տարածք են տրամադրում իրենց բնակիչներին, քան Երեւան քաղաքն ամբողջությամբ:
Երեւանի հանրային գրադարանները հազար բնակչի հաշվով ընթերցողական պայմանների ապահովմամբ անհուսալիորեն հետ են մնում միջազգային չափորոշիչներից: Մի՞թե մեր մայրաքաղաքին գրադարանային այսպիսի պայմանները պատիվ են բերում: Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում ոլորտի պատասխանատու քաղաքային իշխանությունները:
Անկեղծ ասած` ես շատ էլ հավանական չեմ համարում, որ Հայաստանում տեղական իշխանությունները քաղաքային հանրային գրադարանի կառուցում ծրագրեն: Առայժմ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ չկան: Իմ հույսն այս հարցում անհատների վրա է:
Հայաստանում գրադարանի կառուցում կարող է նախաձեռնել հանրապետության նախագահը: Աշխարհը նման նախադեպեր շատ է տվել: Նախագահական գրադարանների լավագույն ավանդույթներ են ձեւավորվել Միացյալ Նահանգներում (տես`http://www.archives.gov/presidential-libraries/contact/libraries.html): Հայկական նախագահական գրադարանը, ցանկալի է, որ ամփոփի ոչ միայն նախագահի արխիվը եւ քաղաքական հետազոտություններ կատարի, այլեւ լինի բաց հանրային գրադարան եւ սպասարկի բոլորին:
Նոր հանրային գրադարան կարող է կառուցել Հովնանյան ընտանեկան հիմնադրամը: Տարեցտարի ծավալվում է Վահագնի թաղամասը եւ բնակելի առանձնատների կողքին հիմք է դրվում առաջին հասարակական շինություններին: Հիրավի, Վահագնի թաղամասը կարող է նախաձեռնել ամերիկյան մոդելի ժամանակակից հանրային գրադարանի կառուցում, որը կարող է սպասարկել մայրաքաղաքից մինչեւ Աշտարակ տարածքի բնակիչներին, ինչպես նաեւ՝ հետագայում օրինակ ծառայել Երեւանում եւ այլուր ապագա գրադարանների կառուցման համար:
Մեր համոզմամբ՝ 21-րդ դարի առաջին հանրային գրադարանը կարող է կառուցվել նաեւ Հայաստանի խոշոր ձեռնարկությունների (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, «ԱրմենՏել», Հայաստանի էլեկտրացանցեր, «Գրանդ տոբակո», «ՎիվաՍելլ», եւ այլն) կամ գործարար շրջանակի անհատների նախաձեռնությամբ: Առանց այդ աջակցության դեռ երկար տարիներ հարմարեցված, անհրապույր եւ ամոթալի պայմաններում են լինելու Աբովյանի, Գյումրու, Արմավիրի, Իջեւանի եւ շատ այլ քաղաքների գրադարանները:
Երբեմն հրաշքներ լինում են: Հայաստանում գրադարանի կառուցումը հրաշքի հավասար գործ կլինի: Ուրեմն սպասենք եւ հուսանք: