«The Armenoids» խմբում երիտասարդ, համակրելի ու խելացի տղաներ են հավաքված, որոնք ամեն ինչը սեփական ուժերով են անում` գաղափարներ են ծնում, ուսումնասիրում են կյանքն ու կյանքի պահանջները, երաժշտություն են գրում, գործիքավորում են կատարում, տեսահոլովակներ նկարահանում: Նրանք իրենց երաժշտական կոմպոզիցիաներում սինթեզում են փոփ-երաժշտության գրեթե բոլոր հայտնի ուղղություններն ու ոճերը եւ համադրում դրանք հայկական ֆոլքի հետ: Խմբի անդամները (որոնցից առավել հայտնի են MC Ross-ը, DJ Tairoff-ը, Sayat K-ն եւ Rooben-ը) ստեղծում են պարային ռիթմերով երգեր, որոնց հիմքում ժողովրդական երգերի կատարումներն ու ժողովրդական գործիքներն են: Խումբը շատ թարմ, ճաշակով ու գրագետ է աշխատում` ժամանակակից ձեւավորում ստեղծելով դարերի խորքից մեզ հասած հայկական ֆոլք-երգերի համար: Այդ ժամանակակից ձեւավորումը (խմբի առաջին երգերից մեկում՝ «Duhm»-ում, օրինակ, երաժշտական գործիքներ չեն օգտագործվում, եւ մասնակիցները «նվագում» են բերանի ապարատի օգնությամբ) չի խանգարում ու չի սահմանափակում ժողովրդական երգերի հնչողությունը, այլ` դառնում է այն «համեմունքը», որը հեշտացնում է խորը, գեղեցիկ ու պարզ ժողովրդական երգերի ընկալումը:
«The Armenoids» նախագծի մասնակից Էդգար Ռոսթոմյանն ավելի հայտնի է MC Ross բեմական անունով (mc նշանակում է microfone controller, իսկ Ross-ը Ռոսթոմյանի կարճ տարբերակն է): Ընդ որում` Էդգարն ափսոսում է, որ շատ է կրճատել իր ազգանունը եւ դարձել է Ռոս, այլ ոչ թե՝ Ռոսթոմ:
Բնութագրելով խմբի նպատակները՝ նա օգտագործում է նորագույն ժամանակներում ստեղծված` գլոկալիզմ տերմինը: Այսինքն, համարում է, որ հակադիր նշանակություն ունեցող «գլոբալ» եւ «լոկալ» տերմինները ոչ թե պետք է բախման մեջ դնել, այլ փորձել համադրել: Վերջիվերջո, եւ՛ գլոբալիզմը, եւ՛ լոկալացումը նույն պրոցեսի տարբեր բեւեռներն են, որոնք կապում են գավառներն ու կենտրոնը, տեղականն ու համաշխարհայինը, ակտուալն ու ավանդականը, ֆոլքն ու առաջընթացը: Նրանք աշխատում են պրոգրեսիվ ֆոլք ոճի մեջ:
«Արմենոիդսի» մասնակիցները հայկական շոու-բիզնեսից որոշակի հեռավորության վրա են գտնվում, չեն պայքարում այդ բիզնեսում ընդունված կանոններով, պարզապես ակտիվ աշխատում են, պատրաստվում են նոր ձայներիզ ձայնագրել, ելույթ ունենալ Ֆրանսիայում եւ չեն շտապում իրենց բոլոր նախագծերի մասին խոսել: Նրանց համար խմբի անվանումը շատ խորհրդանշական ու սկզբունքային հարց է: Նրանք ընդհանրապես շատ սկզբունքային տղաներ են: Մանավանդ՝ Էդգարը, ով քաղաքականությունը շատ հետաքրքիր երեւույթ է համարում եւ պարբերաբար ԱԺ նիստերն է դիտում, քանի որ իրեն դուր են գալիս պայքարող մարդիկ:
– Ձեր խմբի անվանումը որքան հնչեղ, այնքան էլ պրովոկացիոն բնույթ ունի: Ինչպե՞ս այն ծագեց:
– Մենք մեզ այդպես կոչեցինք, հետո նոր սկսեցինք մտածել` թե ի՞նչ է այդ բառը նշանակում, սկսեցինք արմատները, տեսակը, պատմությունը, բառի տարածումն ուսումնասիրել: «Արմենոիդ» բառը մեզ համար շատ գլոբալ նշանակություն ունի: Միայն խնդրում եմ, մեզ չհամարեք գլոբալիստներ, մենք ավելի շուտ գլոկալիստներ ենք, ուզում ենք երաժշտական տեխնոլոգիաների միջոցով մատչելի դարձնել մեր ինքնությունն ու մեր տեսակը:
– Ձեր խմբում պրոֆեսիոնա՞լ երաժիշտներ են աշխատում։
– Մեր շարքերում կան եւ՛ երաժիշտներ, եւ՛ մաթեմատիկոսներ։ Ես ինքս երաժշտական դպրոց եմ ավարտել: Սկզբում ուզում էի ատամնաբույժ դառնալ, հետո զբաղվեցի լրագրությամբ։ Բախտ եմ ունեցել աշխատել նաեւ հեռուստատեսությունում, եղել եմ հաղորդավար, եւ իմ հաղորդման ընթացքում փորձում էի վերլուծել երաժշտական դաշտն ու ասում էի՝ թե ինչ նոր երաժշտական ողղություններ են ի հայտ գալու, ինչն է լինելու բացասական եւ ինչը՝ դրական։ Բայց դա, կարծես, ոչ մեկին պետք չէր։
– Եվ որոշեցիք ինքնե՞րդ օգտագործել սեփական վերլուծությունները։
– Այո։ Հասկանո՞ւմ եք, պարզ էր, որ դրսից եկող բոլոր ուղղությունները՝ հիփ-հոփը, լատինական ռիթմերը եւ շատ այլ ոճեր չարիք են դառնալու, եթե մենք չկարողանանք դրանք կառավարել։
– Ստացվում է, որ ձեր խումբը ոչ թե էմոցիաներից է ծնվել, այլ շատ բանական ու նախապատրաստված ծնունդ է ունեցել։
– Մենք ոչ միայն երաժշտություն գրելով ենք զբաղվում, այլ, օրինակ, շատ լուրջ ուսումնասիրում ենք երաժշտական կոդավորումները։ Մեր անդամներից մեկն ապահովում է երգերի անվտանգությունը, նա մեր երգերի մեջ օգտագործում է ալգորիթմերն ու դրանց օգնությամբ էլ կոդավորում է երգերը։ Նա անցյալ տարի հենց այդ թեմային նվիրված աշխատությամբ է մասնակցել ՆԱՏՕ-ի կազմակերպած գիտաժողովին։ Բացի այդ ուղղությունից, մենք շատ լուրջ ուսումնասիրում ենք նաեւ ժողովրդական երգերն ու գործիքները։ Մեր երգերից պարզ է դառնում, որ մենք երեւանյան ժողովրդական կամ էստրադային կատարողների ու նրանց մշակումները չենք օգտագործում։ Օգտագործում ենք այն տեղամասերի երգիչներին, որտեղից եւ այդ երգերն ի հայտ են եկել։ Եվ շեշտը չենք դնում նրանց գեղեցիկ աչքերի, գեղեցիկ ոտքերի, «խաղիկների» վրա։ Իհարկե, աշխատում ենք բոլոր էստրադային կատարողների հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց մենք մեր սկզբունքներն ունենք։
– Զգացվում է, որ դուք զգուշորեն ու խնամքով եք վերաբերվում ժողովրդական երգերին, որ ձեր երգերի հիմքում ֆոլքն է, իսկ էլեկտրոնային հնչերանգները միայն նախշեր են։
– Մենք մեր սեփական ծրագիրն ենք մշակել ու համոզված ենք, որ մեր ազգային տեսակը կարող է միջազգային հիմքերի վրա զարգանալ։ Կարող է ոչ միայն որպես օգտագործվելիք մշակութային զանգված մնալ, այլեւ շատ լուրջ բիզնես դառնալ ու մեծ եկամուտներ խոստանալ։ Մեր երաժշտությունը չօգտագործված պոտենցիալ է, որը մենք չենք օգտագործում, այլ՝ վերցնում ենք դրսից եկածն ու դրա հայկական տարբերակն ենք սարքում, սովորաբար, փոքր-ինչ փոփոխում ենք երաժշտությունը, հայերեն բառեր ենք դնում (անպայման պետք է լինեն «Ցավդ տանեմ» կամ «Սիրում եմ քեզ, յար ջան»), գումարում ենք կլկլոցները, որպեսզի երգն ավելի լավ մտնի մարդկանց նյարդերի մեջ, ու հետո ասում ենք, որ դա նոր ուղղությունն է։ Ազգային անվտանգության խնդիր կա այստեղ, քանի որ մենք չենք ուսումնասիրում այդ ուղղությունների ներթափանցման ու տարածման վտանգները։ Հիմա երիտասարդության մեջ ավելի շատ են արմատավորվել, ասենք, լատինական ռիթմերը, այլ ոչ թե հայկական երգերը։ Մեր նախագծի նպատակը հստակ երաժշտական տեսակի մշակումն է, որն առաջին հերթին պետք է մեզ՝ հայերիս ծառայի, որպեսզի երիտասարդներն իրենց երկրի երգերը լսեն։ «Արմենոիդսը» փորձում է անել այնպես, որ համաշխարհային բոլոր ուղղությունները «հոգեբանական տրանսպորտ» ապահովեն, կապող օղակ դառնան մեր ազգային երաժշտության հետ։ Ազգայինը, էթնիկը պահպանելը մեղմ ու գեղեցիկ հոգեբանական մեխանիզմ է: Ես ինքս շատ խառը ու օտար երաժշտության վրա եմ մեծացել։ Եվ զգացել եմ, որ իմ աշխարհայացքը քայքայվում է, որ ես կորցնում եմ իմ տեսակը, իմ ամբողջականությունը։
– Մենք՝ հայերս, ավելի ամբողջակա՞ն ենք։
– Մենք ավելի խորն ենք։ Բայց, ցավոք սրտի, հիմա մենք ավելի շատ հպարտանում ենք մեր անցյալով, այլ ոչ թե` ներկայով։ Չմոռանանք, որ հպարտանալու տեղ ունենք, քանի որ ուրիշներն այդ անցյալն էլ չունեն։ Եվ մեր հաջորդ քայլը լինելու է «համաշխարհային առաջադիմության», տեխնոլոգիական հնարքների նվազեցումը։ Որոշ ժամանակ հետո մենք միայն մեր էթնիկական գործիքներն ենք թողնելու։ Մենք աշխատում ենք երաժշտական կոլաժի սկզբունքով: Երաժշտական դաշտում դա նորություն չի: Մենք չենք հայտնագործում նոր նոտաներ, նոր ստեղնաշար կամ երաժշտական գործիք, մենք օգտագործում ենք այն ամենը, ինչ ստեղծված է եղել մինչ մեր հայտնվելը: Վերջիվերջո, Սերգեյ Փարաջանովն էլ է իր կոլաժներում օգտվել շատ տարբեր նկարիչների ստեղծագործություններից: Տարբեր ուղղություններից կոնկրետ չափաբաժին վերցնելով, մենք ի հայտ ենք բերել յուրահատուկ երաժշտական քիմիա: Տարբեր բաղադրիչներ իրար խառնելուց հետո տեղի է ունեցել համապատասխան ռեակցիա, որի արդյունքում նոր երեւույթ է ծնվել: Եվ այդ նորը «Արմենոիդսն» է:
– Քիմիա-երաժշտական փորձերն ու փորձարկումներն ինչպե՞ս են անցել:
– Սկզբից ուսումնասիրեցինք նվագարանները, հետ փորձեցինք հասկանալ երգերի խորությունն ու իմաստը, համակցեցինք իրար, վերլուծեցինք: Այդ ամենի արդյունքում հասկացանք, որ Արեւելքը շատ խորը երաժշտական կառուցվածք եւ ավելի բարդ երաժշտական արտադրողականություն ունի: Արեւմուտքը միշտ «դուրս» է նայում, եւ այդ պատճառով` ավելի մակերեսային ու անմիջական է եւ ավելի հեշտ է ընկալվում: Մեր բոլոր էքսպերիմենտների արդյունքում հասկացանք, որ այդ երկու մոդելները իդեալական կարող են համակցվել: Մակերեսայինն ու խորությունը միացնելով, մենք նոր երաժշտական դիպլոմատիայի մոդել ստեղծեցինք:
– Ասացիր, որ ձեր խումբն ընդամենը ութ ամսվա պատմություն ունի։ Ստացվում է, որ ձեր մուտքը մանրակրկիտ պատրաստված է եղել, քանի որ հիմա դուք բավական հայտնի եք։
– Մենք լուրջ նախապատրաստվել էինք։ Բայց, միեւնույն է, մենք կարծում էինք, որ մեր մուտքը շատ ավելի դժվար կլիներ, քան եղավ իրականում։ Մենք ակնկալիք չունեիք, որ կարող էինք հանկարծ մտնել ընդհանուր ԶԼՄ-ների եւ հանրության հետ կապող տարբեր օղակների մեջ, քանի որ բացարձակ առանձին ենք գործում եւ ոչ մի կոնկրետ կառույցի չենք հարում: Մենք ամեն ինչի վրա շատ երկար ենք աշխատում, նույնիսկ նախօրոք բոլոր մասնակիցների քասթինգ են անցկացրել։ Սովորաբար մեզ ճանաչում են որպես երեք կամ չորս հոգուց բաղկացած խումբ, բայց մենք ավելի շատ ենք, մոտ 20 մարդ: Եվ մեզանից յուրաքանչյուրը կոնկրետ իր դերն ունի: Մեր խմբում շատ են Սփյուռքը ներկայացնող մարդիկ, կան մարդիկ, որոնք մեծացել են Թուրքիայում, Ադրբեջանում, Վրաստանում: Կան պատմաբաններ, մարդիկ, որոնք աշխատում են տեքստերի քաղաքականության վրա, ուսումնասիրում են խորեոգրաֆիան, որն, ի դեպ` ոչ մի կապ չունի սիրունիկ աղջիկների բարեմասնությունների դեմոնստրացիայի հետ, մենք ունենք գործիքավորման, ձայնագրման սեփական ստրուկտուրա: Եվ ընդհանրապես, հայաստանյան երաժշտական դաշտում մենք ոչ մեկից կախում չունենք եւ հայկական էստրադայի «բարիքներից» չենք օգտվում:
Մենք շատ նման ենք ամերիկյան «Օուշենի 11 ընկերները» ֆիլմի տարբեր մասնագիտությունների տեր հերոսներին, որոնք մի նպատակ են դնում իրենց առաջ:
– Նրանց նպատակը գողությունն է…
– Մենք էլ ուզում ենք գողանալ ճշմարտությունը: Իսկ ճշմարտության գողությունը գողություն համարել չի կարելի:
– Ձեր տեսահոլովակները նո՞ւյնպես մանրակրկիտ աշխատանքի արդյունք են:
– Մեր առաջին` «Duhm» կլիպը մենք նկարահանեցինք ձեռքի հեռախոսով, քանի որ փող չունեինք ու չէինք կարող ասել` մենք լավ խումբ ենք, մեզ փող տվեք: Հավատացնում են ձեզ, որ հաջողությունը բնավ էլ փողից կախված չէ: Մենք ոչ մեկին երբեք փող չենք տվել` եթերում հայտնվելու համար: Այդպես էլ կարող է լինել, դրանում ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Փողի պակասից բողոքելը հաջողություն չի բերի:
– Ձեր ամենամեծ ցանկությունը ո՞րն է:
– Ուզում ենք, որ հայկական էստրադայի գործող ստրուկտուրան վերազինվի: Վերազինվի գաղափարներով, իր pr-կամպանիաներով, գործիքավորման ստրուկտուրայով, երգացանկով: Դա հանրությանը միայն օգուտ կտա:
– Համաշխարհային շոու-բիզնեսի ցանցի մեջ մտնելու նպատակ ձեր առջեւ դրե՞լ եք:
– Լավ կլիներ, եթե մտնեինք: Այդ ցանցի մեջ ընդգրկվելու հնարավորություններ ունեցել ենք եւ …կորցրել ենք դրանք: Պատճառը մեր անվանումն էր, որը շատերին դուր չէր գալիս, քանի որ այն շատ խիստ ընդգծում է, որ արմենոիդները միայն հայերը չեն, եւ տարբեր ազգեր նույնպես արմենոիդներ են համարվում: Մեր առջեւ նաեւ «Ղարաբաղ» երգի անվանումը փոխելու պահանջ են դրել եւ խոստացել փոխարենը երգը տարբեր տեղերում հնչեցնել, նաեւ` Բաքվում: Մենք ասացինք, որ դա երբեք չի լինի: Մենք խաղաղ գործունեության կողմնակիցներ ենք: Բոլոր պատերազմներն, իրականում, միշտ էլ սխալ քաղաքականության արդյունք են եւ ոչ մի դեպքում` հասարակ մարդկանց կոնֆլիկտ: Այն, ինչը տեղի է ունենում քաղաքականության մեջ, անպայման սկսում է առնչվել նաեւ երաժշտության հետ: Եվ որքանո՞վ հայկական երաժշտությունն առաջընթաց կունենա աշխարհում, կախված կլինի Հայաստանի քաղաքական իրավիճակից: Այլ ոլորտների մասին խոսել չեմ կարող, քանի որ մենք ընդամենը երաժշտական խումբ ենք:
– Ուժեղ պետությունն ինչպիսի՞ն պիտի լինի, եւ ինչո՞ւմ ես տեսնում Հայաստանի ուժը:
– Խոշոր երկրների, մեգապոլիսների համար շատ հեշտ է ուժեղ լինել, քանի որ նրանք ի սկզբանե եղել են մեծ ու ճիշտ կազմակերպված: Փոքր երկրները պետք է ունենան քաղաքականություն: Իսրայելն, օրինակ, տարածքով Հայաստանից ավելի փոքր է, բայց հստակ ստրուկտուրա է ընտրել ու ճիշտ աշխատում է: Հրեաները որտեղ էլ լինեն՝ միշտ աջակցում են իրար: Իսկ հայերն այդպիսին չեն: Հերիք է, որ մեկը, ասենք, ինտերնետ ակումբ բացի, տասնհինգ հոգի նույն թաղամասում նույն բանն են բացում: Վերջերս տեսա «Ֆիլիպս» խանութը, որի անմիջապես կողքին նույնպես «Ֆիլիպս» խանութ է բացվել: Երկու խանութ, նույն անվանումով կողք կողքի են հայտնվել ու իրար չեն սիրում: Դա հայկական սովորական մոտեցում է, որն արմատավորվել է մեզ մոտ: Կարծում եմ, Հայաստանի բարգավաճման միակ ձեւը գերհզոր տերությունների, միջազգային կառույցների ուժն օգտագործելն է: Այկիդոյում նման սկզբունք է գործում՝ երբ փորձում ես հակառակորդի ուժն օգտագործել ու հակահարված հասցնել` հենց նրա ուժի օգնությամբ: