«Իշխանությունների ինադու չենք գնալու ընտրության»,- ասում են «Ինադ» ռոք խմբի անդամները

10/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ժամանակին ստեղծված աղջիկների «Ինցեստ» ռոք խումբը քանդվել է: Համարձակ, ընդվզող միտք, առերեւույթ, շինծու բարքերին, անկատար օրենքներին եւ անարդարություններին դեմ գնացող պայթյունավտանգ գիտակցություն եւ նպատակասլաց գործունեություն: Նման կերպարանքով ուշադրություն հրավիրելու եւ սուր ասելիքը տեղ հասցնելու բոլոր նախապայմանները կային:

2006թ.Մարինայի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ինադ» խումբը, որից հետո նրանք Ծօմակին հրավիրեցին իրենց հետ համագործակցելու:

Ծօմակն ու Մարինա Գրիգորյանը պանկեր են, ովքեր «Ինադ» ռոք խումբը ստեղծել են իշխանությունների, անարդարությունների եւ օրենքների «ինադու»: Թբիլիսիում նրանք շուտով համերգ կունենան: Ծօմակն, ով չի սիրում ազգանունով ներկայանալ, նախկինում «Ինցեստ» խմբի սոլո-կիթառահարն էր, իսկ ներկայումս «Ինադ» խմբի բաս-կիթառահարն է: «Ժողովրդական լեզվով ասած՝ «ինադ» բառը «դիտմամբ» բառի հոմանիշն է: Այն բոլոր գաղափարներին, ինչին դեմ ենք, ինադու ենք»,- ասում է նա՝ վստահեցնելով, որ մեզանում նացիսիզմին, բռնությանը պետք է ինադ անել, որովհետեւ դրանք թաքնված, սարքված են: Աղջիկների կարծիքն, անշուշտ, հետաքրքիր է, բայց դժվար է պատկերացնել, որ հայ օլիգարխների պանկի իմիջով սափրագլուխ թիկնապահներն, օրինակ, ինչ-որ գաղափարների կրող լինեն եւ լսեն ոչ թե սպիտակցի Հայկո, այլ ծանր ռոք, կամ ուսումնասիրեն պանկ գրականություն: Իրականում բոլոր ճիշտ պանկերն անարխիստներ են, այդ թվում՝ այս աղջիկները: Մարինան ասում է. «Այո՛, ճիշտ անարխիստներ ենք, մեր տեքստերից կարող եք եզրակացություն անել: Օրինակ՝ դեմ ենք օրենքին, դեմ ենք զենքերին ու քյառթուներին»,- երգի տեքստից մեջբերում է Մարինան: Նրանց կարծիքով՝ հայկական կենցաղի դիսկրիմինացիաները ստիպում են որոշակի հնարավորություններ գտնել անարխիզմն արտահայտելու համար: Արտահայտչամիջոցներից մեկն էլ, օրինակ, ըստ Մարինայի, սա է. «Չենք գնում ընտրությունների, որովհետեւ դրանք արդար չեն: Եթե ես գիտեմ, որ ձայնս դեր չի խաղալու, ուրեմն իշխանությունների ինադու չեմ գնալու»: Նրանց կարծիքով՝ անարխիան ճիշտ հասարակություն ունենալու ամենալավ միջոցն է եւ ոչ մի կապ չունի սատանիզմի եւ չարության հետ: Սակայն հիշեցնենք, որ անարխիան բացատրվում է «անիշխանություն» բառով: Ծօմակը գտնում է, որ մեր հասարակությունը ճահճանալու է այնքան ժամանակ, քանի դեռ ապրում ենք ֆաշիստական եւ, այսպես կոչված, ֆեոդալական դասակարգերի ժամանակաշրջանում: «Ես դեմ եմ դասակարգերին, հավասարության կողմնակից եմ: Ճիշտ է, մենք լավ կոմունիզմ չենք տեսել, բայց երբ ուսումնասիրում ես կոմունիզմ հասկացողությունը, հասկանում ես, որ սուպեր է: Եվ հետո, անարխիան առաջադիմական բան է, անարխիզմը դեմոկրատիա, հավասարություն է»: Աղջիկների կարծիքով՝ իշխանությունները հակված չեն ընդունել անարխիան, որպեսզի չլինի հավասարություն: Անարխիզմը դեմ է խավերին եւ հավասարության կոչ է անում։ Աղջիկները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, հայտարարում են, որ մեր իշխանությունները վարում են դիկտատորական գաղափարախոսությամբ քաղաքականություն:

«Սքինհեդները» ճիշտ սքինհեդներ չեն

Մարինան, ով մանրակրկիտ ուսումնասիրել է պանկերի գրականությունը՝ հավատացնում է, որ ռուսաստանյան հայտնի խմբավորումները, որոնց անվանում ենք սքինհեդներ՝ նեոնացիստներ են, այլ ոչ թե սքինհեդներ: «Իրականում նրանք սքինհեդների կերպարներն են վերցրել, բայց նեոնացիստներ են: Սքինհեդների պատմությունն Անգլիայում 1960-ականներին առաջացած սուբկուլտուրա է: Նրանց գաղափարը նացիզմին դեմ լինելն էր: Հետո լրիվ վերափոխվել է, եւ դա արել է պետական իշխանությունը, որովհետեւ մի քանի հիմար սքինհեդի «առել» է եւ դարձրել իր կամակատարը: Իբր մենք մաքրում ենք մեր երկիրը չգիտեմ ումից եւ այլն»,- ասում է Մարինան՝ ավելացնելով, որ Անգլիայում այսօր այդ սուբկուլտուրայի մարդիկ կան, իսկական սքինհեդներ, ովքեր դեմ են նացիզմին: Ըստ աղջիկների՝ ռուսաստանյան խմբավորումների ներկայացուցիչներն ընդամենն իշխանությունների պատվերով գործող հանցագործ նացիստներ են, ովքեր սքինհեդի գաղափարախոսությունն աղավաղելով՝ փորձում են իբրեւ թե մաքրել իրենց երկիրը: Ռոքեր աղջիկների համոզմամբ՝ Հայաստանում մարդիկ դասակարգվում են ստրուկ եւ ֆեոդալ կարգով, այսինքն՝ մեկն ապրում է դղյակում, իսկ մյուսը տուն չունի: «Մենք ապրում ենք կոնկրետ ֆեոդալական կարգերում: Ամերիկան էնքան դեմոկրատ է, որ ամերիկացին անվախ ծաղրում է իր պրեզիդենտին: Ռուսաստանն էլ ֆաշիստական դասակարգերի մեջ է, որովհետեւ նացիոնալիստ է: Օրինակ՝ տեսե՞լ եք, որ երբեւէ ռուսն իր նախագահի՝ Պուտինի ծաղրանկարն անի: Մեզ մոտ… էլ չենք խոսում, ուղղակի չգիտեմ, թե ինչ հետեւանքներ կարող են լինել, այսինքն՝ լավ գիտենք»,- ասում է Ծօմակն, ով համարում է, որ դեմոկրատն այն երկիրն է, որը քեզ տալիս է այնքան ազատություն, որ հանգիստ կարողանաս ծաղրել քո նախագահին:

Ինչեւէ, աղջիկների կարծիքով՝ «Ինադ» խմբի երգերի տեքստերը հեղափոխական ոճով են գրված: «Մեր արվեստագետներն ավելի շատ շեշտը դնում են քաղաքականության վրա: Քաղաքական արվեստագետներ ավելի շատ կան, եւ ես էլ եմ էդ տեսակ, պարզապես քաղաքականությունից շատ չեմ կառչում: Մարդ եմ, որն ավելի շատ քաղաքական գործեր է անում, որն անդրադառնում է մեր սոցիալական խնդիրներին: Անում եմ նաեւ պերֆորմանսներ, տեսաֆիլմեր, մեծ կտավների վրա նկարում եմ»,- ասում է Ծօմակը:

«Օրենքն ու երդումը սուտ են»

Թեեւ Ծօմակն ու Մարինան իրենց համարում են քաղաքական արվեստագետներ, այդուհանդերձ, վստահեցնում են, որ որեւէ կուսակցության չեն համակրում եւ անդամագրված չեն:

«Ինադ նացիզմին, ինադ կանոններին, ինադ օրենքներին, ինադ փողերին, ինադ բանտերին»: Այս տողերն «Ինադ» ռոք խմբի երգի տեքստից են: «Բացարձակ չենք վախենում մեր տեքստերի համար: Օրենք գրող մարդն, ինքն իրեն խաբելուց բացի, մեզ էլ է խաբում: Օրենքը երեւի լավ բան է եղել մարդուն ճիշտ ուղու վրա դնելու, հասկացնելու համար, թե ինչն է լավ եւ ինչն է վատ, բայց այդ գաղափարը հետագայում աղավաղվել է: Օրենք գրողն օրենքին ենթարկվո՞ւմ է, օրենքը փողով հնարավո՞ր է շրջանցել, օրենքը կարելի՞ է արհամարհել, ուրեմն՝ հիմիկվա օրենքները սուտ օրենքներ են»,- ասում են աղջիկները: «Ինադ» խումբը խոստանում է հետաքրքիր գույն մտցնել ընտրական գործընթացներով հեղեղված մայրաքաղաքի միօրինակության մեջ: Շուտով «Ինադ» խումբը հանդես կգա անսպասելի համերգներով եւ նախագծերով, որոնք, հավանաբար, սառը ցնցուղի էֆեկտ կունենան ոչ միայն «քնած» արվեստագետների, այլեւ հասարակության համար: