Ֆինանսական հոսքերը կվերահսկվեն

10/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի, այս տարվա հուլիսի 1-ից ստուգվելու են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց բանկային կասկածելի գործարքները, իսկ գործարքը կասկածելի կհամարվի, եթե գերազանցում է 20 մլն դրամը: Անշարժ գույքի գործարքը կասկածելի կհամարվի, եթե գերազանցում է 50 մլն դրամը: Գործարքը կհամարվի կասկածելի նաեւ այն դեպքում, երբ անձը կփորձի ավանդ ներդնել մեկ այլ անձի անունով: Կասկածելի կհամարվեն նաեւ որոշակի պարբերականությամբ ստացվող գումարները: Արդյո՞ք սրանով չի խախտվում բանկային գաղտնիք ասվածը: Բանկային համակարգին լավ ծանոթ մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ, կարծում է, որ այս պրակտիկան մինչեւ այսօր էլ գոյություն ուներ եւ կարգավորվում էր Կենտրոնական բանկի խորհրդի միջոցով, այսօր պարզապես դա սահմանվում է օրենքով եւ այսպիսով բարձրանում է կարգավորման կարգավիճակը: Դրական գնահատելով այս երեւույթը՝ մեր զրուցակիցը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչից ելնելով է որոշվել 20 կամ 50 մլն դրամի սահմանագիծը: Ըստ նրա, բանկային գաղտնիք ասվածն աշխարհում գրեթե գոյություն չունեցող նորմ է եւ օրինակ Եվրամիության անդամ բոլոր երկրներում այն, ըստ էության, վերացված է կամ այդ երկրները չունեն այդ բնագավառին վերաբերող այնպիսի ծանր օրենսդրություն, ինչպիսին ունի ՀՀ-ն եւ ընդհանրապես աշխարհում կան բացառիկ երկրներ, որ ունեն օրենք բանկային գաղտնիքի մասին: Իսկ Հայաստանը, ըստ մեր զրուցակցի, ժամանակին ընդունել է նման օրենք` «ելնելով այն պարզ հանգամանքից, որ մեզանում սեփականության ինստիտուտ կատեգորիա ընդհանրապես գոյություն չուներ: Դա ժամանակավոր վճիռ էր, եւ ինչ-որ պահի մենք պետք է այդ օրենքից հետ կանգնեինք»: Մեր զրուցակցի կարծիքով` այլ անձի անունով ավանդ ներդնելը կասկած է հարուցում հարկերից խուսափելու փորձի հիմքով:

Շրջանառվող այն խոսակցությունների առիթով, ըստ որոնց` այս օրենքով իշխանությունները փորձում են կանխել դրսից ընդդիմությանը ֆինանսավորելու հնարավոր փորձերը, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ ավելին՝ դրանով իշխանությունները փորձ են անում վերահսկել բոլոր ֆինանսական հոսքերը ոչ միայն քաղաքական, այլեւ` տնտեսական նպատակներով:

Իսկ ընդհանրապես մեր զրուցակցի կարծիքով` «եթե այս երկիրն ուզում է նորմալ երկիր դառնալ, նման օրենքի ընդունումը միանգամայն ողջունելի քայլ է»: