Ջուրը կթանկանա՞

10/03/2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել խմելու ջրի սակագնի թանկացման մասին «Երեւան ջուր» ընկերության առաջարկը: «Երեւան ջուրն» իր առաջարկը ներկայացրել էր փետրվարի 27-ին: Անցած շաբաթ հանձնաժողովը ստուգում էր, թե արդյոք հայտը համապատասխանո՞ւմ է ուսումնասիրման պահանջներին, որպեսզի քննարկի առաջարկը: Իսկ այսօրվանից արդեն կսկսի ուսումնասիրել, թե որքանով է հիմնավորված ջրի սակագների բարձրացման մասին մատակարար ընկերության առաջարկը: Հիշեցնենք, որ ջրի սակագինը վերջին անգամ բարձրացվել էր 2006թ. հունիսի 1-ից եւ 1 խորանարդ մետրի համար 125 դրամից դարձել էր 172,8 դրամ: Անցյալ տարի հանձնաժողովը պարտադրված էր բարձրացնել ջրի սակագինը, որովհետեւ դա նախատեսված էր ՀՀ կառավարության եւ ֆրանսիական «Ժեներալ Դեզ Օ» ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Այդ ժամանակ թվում էր, թե դա վերջին թանկացումն է, որից հետո 10 տարիների ընթացքում ջուրը կէժանանա մինչեւ 90 դրամ: Սակայն այս անգամ էլ «Երեւան ջուրն» առաջարկել է 1 խմ ջուրը դարձնել 181,9 դրամ: Այս անգամ հանձնաժողովն անկախ է իր որոշման մեջ եւ ոչ մի պայմանագրով կաշկանդված չէ: Մնում է որոշի՝ բարձրացնե՞լ ջրի սակագինը, թե՞ թողնել նույնը: