Ովքե՞ր են ընդդիմություն աշխատում

10/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ շաբաթվա սկզբում պարզ դարձավ, որ ընդդիմադիր դաշինք ձեւավորելու նպատակով վարվող տարատեսակ բանակցություններն արդյունք չեն տվել, ու արդյունքում ընդդիմությունն ԱԺ առաջիկա ընտրությանը մասնակցելու է մոտ մեկուկես տասնյակ մասերի բաժանված:

Այս իրողության հայտնի դառնալուց ընդամենը 1-2 օր անց՝ մարտի 2-ին, «Նոր Ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանը հայտարարեց, թե «Հայաստանում կան կուսակցություններ, որ աշխատում են ընդդիմություն, վճարվում են գործարքային»: Այն, որ մեր երկրում կան մի շարք «ընդդիմություն աշխատողներ», կամ, այլ կերպ ասած՝ ընդդիմադիր դաշտում ներդրված ականներ, թերեւս գաղտնիք չէ: Այս մասին շատ է խոսվել: Սակայն Ա. Կարապետյանի հայտարարությունն առանձնանում է նրանով, որ պրն Կարապետյանը խոստացել է տալ այդ կեղծ ընդդիմադիրների անուններն ու հիմնավորել իր ասածները: Նա նաեւ նշել է հստակ ժամկետ, թե երբ է հնչեցնելու այդ անունները՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, երբ ինքը հեռուստաեթերից օգտվելու հնարավորություն ունենա: Մինչ այդ, թեեւ Ա. Կարապետյանն անուններ չի տալիս, սակայն շատ թափանցիկ ակնարկներ է անում շատ կոնկրետ մարդկանց հասցեին:

Երեկ ՆԺԿ առաջնորդից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է հենց հիմա նման հայտարարություններ անում: «Կարծում եմ, որ ժամանակը եկել է, որ նրանք, ովքեր պայմանավորվում են իշխանության հետ, նրանց անունները հնչի կամաց-կամաց»,- ասաց Ա. Կարապետյանը: Իսկ ի՞նչ է, նա առաջ չգիտե՞ր այդ «ընդդիմություն աշխատող» մարդկանց անունները: Այս հարցին էլ Ա. Կարապետյանը պատասխանեց. «Ես գիտեի, որ նման բան կարող է լինել: Իսկ երբ ֆորմատը չստացվեց, ավելի շատ հետաքրքրվեցինք եւ որոշ բաներ փորձեցինք ճշտել»: ՆԺԿ ղեկավարը հայտարարել էր նաեւ, թե «Հանրապետություն», Ազատական-առաջադիմական, «Ժառանգություն» կուսակցություններին ու նաեւ ՀՀՇ-ի մի մասին համարում է ռեալ ընդդիմություն: Ռեալ ընդդիմադիրների շարքում նա չէր նշել Արտաշես Գեղամյանի ու Արթուր Բաղդասարյանի անունները: Փորձեցինք պարզել՝ դա պարզապես բացթողո՞ւմ էր, թե՞ նրանք ընդդիմություն աշխատողների շարքում են: Պարզվեց՝ ՆԺԿ ղեկավարն Արթուր Բաղդասարյանին երբեք ընդդիմադիր չի համարել: Ու քանի որ «Օրինաց երկիրն» իրեն ընդդիմություն է հռչակել, իսկ ՆԺԿ ղեկավարն էլ Ա. Բաղդասարյանին ընդդիմադիր չի համարում, ստացվում է, որ ըստ Ա. Կարապետյանի, Արթուր Բաղդասարյանը դասվում է ընդդիմություն աշխատողների շարքին: Իսկ Արտաշես Գեղամյա՞նը (իրական ընդդիմադիրների շարքում Ա. Կարապետյանը չէր նշել Ա. Գեղամյանի անունը, ու բացի այդ էլ՝ իր խոսքում ակնարկ կար Գեղամյանի հասցեին: ՆԺԿ ղեկավարն ասել էր, թե միշտ էլ փորձել են ընդդիմադիր դաշտն ականազերծել ու «անգամ դատարան ենք գնացել»): Ա. Գեղամյանն է՞լ է կասկածելիների շարքում: Մեր այս հարցին Ա. Կարապետյանը երեկ պատասխանեց. «Այդպիսի բան դեռ չեմ ասել: Ես այդպիսի բան որեւէ մեկի մասին դեռ չեմ ասել: Ես ասում եմ, որ այդպիսիները կան: Ես բացահայտ եմ ասելու նրանց անունները, ովքեր իսկապես ծախված են: Որեւէ մեկին կասկածի առիթ դեռ պետք չէ տալ»: Դժվար չէ գուշակել, որ հենց Ա. Կարապետյանն անի խոստացված հայտարարությունը, ապա ընդդիմություն աշխատելու մեջ մեղադրվողներն էլ ՆԺԿ ղեկավարին կանվանեն «ական», գործակալ եւ այլն: «Եթե կարող են ասել՝ պիտի ասեն»,- համաձայնեց Ա. Կարապետյանը: Արդյունքում, փաստորեն, ընտրությունների շեմին իշխանություն-ընդդիմություն պայքարն ավելի շատ կվերածվի ընդդիմություն-ընդդիմություն պայքարի: «Դուք միայն ընդդիմության մասին եք ասում, ես այնտեղ (մարտի 2-ի ասուլիսում.-Ռ.Թ.) իշխանության մասին այնքա՜ն բան եմ ասել: Ինձ հետաքրքիր է, որ դուք դրանով չեք հետաքրքրվում,- մեր վերոնշյալ դիտարկմանն այսպես արձագանքեց Ա. Կարապետյանն ու հավելեց,- Եթե մարդ բան ունի ասելու, անկախ նրանից՝ դա վերաբերո՞ւմ է ընդդիմությանը, թե՞ չէ՝ պետք է ասի: Գիտե՞ք, միշտ այդպես է ստացվում. որոշ մարդիկ գնում-ծախվում են, պայքարի բոլոր ճանապարհները փակում են, ընդհանուր որեւէ բան չեն կարողանում անել, հետո հենց սկսում ես ասել, որ այսպիսի բան կա, բոլորը, այդ թվում՝ նաեւ դուք՝ լրագրողներդ, սկսում եք ասել՝ ընդդիմություն-ընդդիմություն պայքար, իշխանություն-ընդդիմություն… : Չկա նման բան»:

Իսկ թե ինչու մենք չենք կենտրոնանում Ա. Կարապետյանի ասուլիսի այն հատվածի վրա, որտեղ նա քննադատել է իշխանություններին, հավանաբար հասկանալի է. զարմանալի ոչինչ չկա, երբ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը քննադատում է իշխանությանը: Ինչեւէ, ՆԺԿ ղեկավարի խոսքերով՝ այսօր Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որն ուզում է՝ Հայաստանում ինչ-որ բան փոխվի, եւ կա մարդկանց խումբ, որն ուզում է՝ ամեն ինչ պահել «հնի նման»: Ըստ նրա, նման մարդիկ կան թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շարքերում: «Հիշում եք, չէ՞, առաջինը մենակ գնաց Գեղամյանը: Վերջում մենակ գնաց Ստեփան Դեմիրճյանը: Այսինքն՝ դուրս եկավ, որ մենք միասնական ցուցակ չունեցանք այս մարդկանց պատճառով: Դա գոնե ճշմարտություն է, դա ընդունո՞ւմ եք: Այդ պարագայում իրավունք ունե՞նք ասելու, որ ընդհանուր ցուցակն այս մարդկանց պատճառով չստացվեց»,- նշեց Ա. Կարապետյանը: Իսկ այս փաստերից հետեւո՞ւմ է, որ նրանք ինչ-որ գործարքների են գնացել իշխանությունների հետ: «Ասում եմ այսքանը: Եկեք այսքանը ֆիքսենք, ընտրությունների ժամանակ մնացածը կասենք,- պատասխանեց ՆԺԿ ղեկավարն ու ավելացրեց,- Մենք այսօր ֆիքսել ենք, որ երկու մարդու պատճառով ընդհանուր դաշտը չի կայացել. Արտաշես Գեղամյան եւ Ստեփան Դեմիրճյան: Իրենք առաջինը հայտարարեցին… մեկը հենց միանգամից հայտարարեց, որ մենակ է գնում (դա իր գործն է, ես ոչ մի վատ բան չեմ ուզում ասել): Երկրորդն էլ այն է, որ Ս. Դեմիրճյանի առաջարկներն ընդունելի չէին, եւ դրա պատճառով ինքը նույնպես գնաց մենակ: Կար նաեւ երրորդ գործիչը՝ Վազգեն Մանուկյանը, ով բանակցությունների ընթացքում բավականաչափ հետաքրքիր դիրքորոշում է ունեցել (իրենց հետ մենք բանակցությունների մեջ չենք եղել, բայց պատմածով այդպես է), վերջում էլ, ինչպես նկատեցիք, չգնաց ընտրությունների ընդհանրապես: Կարելի՞ է այսօր փաստը ֆիքսել, որ այս երեք մարդու գործունեության արդյունքում (ոչ ոք չի ասում՝ մտածված է, չմտածված է: Ամեն մեկն իր բացատրությունն ունի) ընդհանուր ընդդիմադիր դաշտի ցուցակը չկայացավ»:

Հ.Գ. Արամ Կարապետյանը հայտարարել էր նաեւ, թե Հ2 եւ «Կենտրոն» հեռուստաընկերություններն «Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, Վիկտոր Սողոմոնյանի միջոցով» հրահանգ են ստացել երկու ընդդիմադիրի վարկանիշ բարձրացնել: Երեկ մեզ հետ զրույցում ՆԺԿ ղեկավարը նշեց, որ այդ մարդկանցից մեկին ինքն «ընդդիմություն չի համարում» (ակնարկը թերեւս վերաբերում է Արթուր Բաղդասարյանին, ում Ա. Կարապետյանն ընդդիմադիր չի համարում), իսկ մյուսն էլ՝ կեղծ ընդդիմադիր է: