«Կոռուպցիան կաթվածահար է անում պետական շինարարությունը, իսկ երկրում հակակոռուպցիոն ծրագիր իրականացնելու համար պետք է օգտագործել GRECO-ի բազմամյա փորձը, որն ընդգրկում է հակակոռուպցիոն ունիվերսալ միջոցներ»,- այս տեսակետը հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` երեկ տեղի ունեցած «Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների անդրադարձը հակակոռուպցիոն խնդիրներին» թեմայով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, հակակոռուպցիոն պայքարը պետք է իրականացվի պետական եւ հասարակական մակարդակով: Պետությունն ու ինստիտուցիոնալ կառույցները պետք է հետեւողականորեն պայքարեն կոռուպցիայի դեմ, ինչում հասարակությունը նույնպես պետք է ընդգրկված լինի, իրազեկված լինի պայքարի միջոցներին եւ գիտակցի իր դերն ու նշանակությունն այդ պայքարում: Այդ առումով, Ա. Ռուստամյանի բնորոշմամբ, մեր հասարակությունը դեռեւս սաղմնային վիճակում է, իսկ մեր երկիրը միայն կոռուպցիայի ցածր մակարդակով կարող է անցնել եվրաինտեգրման ուղին: