ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանը երեկ հայտարարել է, թե ԱԺ առաջիկա ընտրություններում իր ղեկավարած միությունը պաշտպանելու է բոլոր երկրապահներին՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ցուցակում են ընդգրկված: Դիտարկմանը, թե ԵԿՄ անդամներից շատերն են ընդգրկված ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, Գրիգորյանը պատասխանել է. «Ուրեմն մեծ մասն էլ իրան կպահի: Նայած՝ որտեղ երկրապահ կա, այնտեղ էլ կպաշտպանենք. կապ չունի՝ դաշնակ ա, հնչակ ա, մեր համար ի՞նչ կապ ունի: Որտեղ երկրապահ կա, մենք մեր պարտականությունը պիտի կատարենք»: Այն հարցին, թե հավատո՞ւմ է արդյոք ազատ եւ արդար ընտրություններին, Մ. Գրիգորյանը պատասխանել է. «Պրոֆեսիոնալներ շատ կան: Ինձ թվում է, կլինեն (կեղծիքներ.-խմբ.)… Ամեն մարդ իր օգտին (կկեղծի.-խմբ.)»: Կեղծիքների դեպքում ԵԿՄ-ն, Մանվել Գրիգորյանի խոսքերով, հանրահավաքների չի մասնակցի: «Բայց հնարավորությունները կօգտագործենք, որ, ասենք, քիչ լինեն կեղծիքները, մեկ էլ՝ որտեղ երկրապահներ կան, կեղծիքներ չլինեն»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է Մ. Գրիգորյանը: Հարցին, թե ի՞նչ մեթոդներով է ԵԿՄ-ն պայքարելու կեղծիքների դեմ, Գրիգորյանը պատասխանել է. «Համենայնդեպս՝ չենք տփի, չենք սպանի, կասենք: Կուլտուրական բառեր կասենք»: Մ. Գրիգորյանը վերոնշյալ հարցերին պատասխանել է Եռաբլուրում, ուր ԵԿՄ-ի այլ ներկայացուցիչների հետ նա երեկ այցելել էր Վազգեն Սարգսյանի շիրիմին: Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ Եռաբլուր են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ (նախարար Սերժ Սարգսյանը այցով Մոսկվայում է), ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, քաղաքական ու հասարակական այլ գործիչներ: