Երկքաղաքացիություն. կարծիքները տարբեր են

10/05/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երկքաղաքացիության հարցը վիճահարույց էր դեռեւս 1995-ին, երբ ընդունվեց գործող Սահմանադրությունը։ Այն ժամանակ, ի վերջո, որոշվեց Սահմանադրությամբ ամրագրել, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին միաժամանակ չի կարող լինել այլ պետության քաղաքացի»: 1995-ին ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո շարունակ խոսվում է այն բարեփոխելու անհրաժեշտության մասին, եւ շատերն այն կարծիքին են, որ երկքաղաքացիությունն արգելող դրույթը պետք է հանել գործող Սահմանադրությունից` սփյուռքահայերին երկքաղաքացիություն շնորհելու եւ այդպիսով նրանց «տնտեսական հնարավորություններն օգտագործելու միջոցով Հայաստանի տնտեսության մեջ հսկայական ներդրումներ ապահովելու համար»:

Այժմ արդեն գործնական քայլեր են արվում Սահմանադրությունը բարեփոխելու ուղղությամբ, եւ շրջանառության մեջ դրված երեք նախագծերով էլ առաջարկվում է այդ արգելքը հանել: Այս առիթով ՀՀ նախագահի ներկայացուցիչ, Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանը կարծում է, որ «Երկքաղաքացիության հարցը մենք ավելի ենք բարդացնում, քան իրականում կա, որովհետեւ մենք ընդամենը կարծում ենք, որ Սահմանադրության մակարդակով պետք չէ արգելք ունենալ: Բայց երկքաղաքացիությունը շատ բարդ ինստիտուտ է: Եթե նույնիսկ ՀՀ-ն այն ճանաչի եւ օրենք ընդունի, մեզ մոտ կարող են այն հայազգի անձինք դառնալ երկքաղաքացի, եթե այն երկիրը, որտեղ նրանք բնակվում են, ճանաչում է երկքաղաքացիությունը, եւ եթե այդ երկրի հետ ՀՀ-ն պայմանագիր կնքի»:

Իսկ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` ԶԼՄ-ներով երկքաղաքացիության հարցը շատ ցածր մակարդակով է քննարկվում: Նրա համար ընդհանրապես անհասկանալի է, թե որն է երկքաղաքացիությունն ընդունելու նպատակն ու իմաստը: «Եթե անգամ երկքաղաքացիությունն ընդունվի, քաղաքական իրավունքների, անվտանգության, պաշտպանության հետ կապված հարցերում նրանք (երկքաղաքացիները.-Ռ.Թ.) ընդհանրապես պետք է որեւէ իրավունք չունենան: Դա պետք է շատ խորհրդանշական նշանակություն ունենա, ոչ թե գործնական»,- կարծում է պարոն Դալլաքյանը: Նրա կարծիքով` երկքաղաքացիությունն այն հարցը չէ, որ հատուկ քննարկման առարկա դառնա, եւ «Արդարություն» դաշինքն էլ այդ հարցը չի քննարկել, քանի որ այդ խնդիրը համարում է «դետալ»:

ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ, երկքաղաքացիությունն արգելող դրույթն առաջարկվում է հանել գործող Սահմանադրությունից, որպեսզի Հայաստանում հնարավոր լինի «որդեգրել երկքաղաքացիության ինստիտուտը», իսկ դա արվում է սփյուռքի հսկայական ներուժն օգտագործելու համար, որը լիարժեք չօգտագործելը «մեծ շռայլություն կլիներ», եւ երկքաղաքացիությունն ընդունելու դեպքում, «որտեղ էլ որ հայը լինի, անմասն չի մնա հայ ժողովրդի ընդհանուր ճակատագրից եւ իր լուման կբերի Հայաստանի հզորացմանը, համազգային խնդիրների լուծմանը», իսկ դա, ըստ պարոն Ռուստամյանի` արտահայտվելու է եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական տեսանկյունից` հայ ժողովրդին միավորող երեք հիմնական խնդիրների` Հայ Դատի խնդրի, Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստանի հզորացման ու անվտանգության ապահովման խնդրի լուծումն ավելի իրատեսական դարձնելու համար:

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունների փաթեթներից մեկի հեղինակ ԱԺ ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանի խոսքերով էլ` չնայած իրենց փաթեթով առաջարկվում է հանել երկքաղաքացիության արգելքը, սակայն «մենք ուղղակիորեն ամրագրում ենք սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթում, որ այլ պետությունների քաղաքացիները չեն օգտվում ընտրական իրավունքից, որովհետեւ մենք մտավախություն ունենք, որ եթե երկքաղաքացիություն ունեցող հայերն իրավունք ստանան ընտրելու եւ ընտրվելու, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ ՀՀ իշխանության պետական կառավարման մարմինների ձեւավորումը կարող է տեղի ունենալ Հայաստանի սահմաններից դուրս, որովհետեւ ՀՀ բնակիչները թվով անհամեմատ քիչ են, քան համայն աշխարհով սփռված մեր հայրենակիցները: Այնպես որ, մենք գտնում ենք, որ ընտրական իրավունքից պետք է օգտվեն միայն այն քաղաքացիները, որոնք այլ երկրի քաղաքացիություն չունեն»: Իսկ Ա. Ռուստամյանի կարծիքով` պետք է հավասարակշռություն լինի իրավունքների եւ պարտականությունների միջեւ, իսկ այդ բալանսը ճիշտ իրականացնելու ձեւն, ըստ նրա, օրենքն է եւ ոչ թե Սահմանադրությունը եւ` «եթե մենք իրենցից (այլ երկրի քաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներից.-Ռ.Թ.) որոշակի բաներ ենք պահանջում, ապա դա պետք է համապատասխանի մեր տված իրավունքներին», իսկ ՄԱԿ-ն ըստ նրա` «փորձում է որոշակի բաղադրիչներ առանձնացնել եւ դրանք Սահմանադրությամբ ամրագրել»: «Ի դեպ,- շարունակում է պարոն Ռուստամյանը,- ՄԱԿ-ի առաջարկած հենց այդ դրույթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն ունի իր առարկությունը, որով գտնում է, որ դա մարդու իրավունքների սահմանափակում է»:

Ըստ Ա. Հարությունյանի եւ Վ. Դալլաքյանի, աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը չի ճանաչում երկքաղաքացիությունը, հատկապես այն երկրները, որտեղ մենք մեծ սփյուռք ունենք, կամ չեն ճանաչում երկքաղաքացիությունը, կամ քայլեր են անում դրանից հրաժարվելու ուղղությամբ: Իսկ ընդհանրապես, Վ. Դալլաքյանի կարծիքով, իշխանությունները Սահմանադրությունը փոխելու հարցում «տուրք են տալիս մոդային» եւ «լուրջ չեն մոտենում այս հարցին»:

Պարոն Ղոնջեյանի կարծիքով. «Պետք է այստեղ պատրանք չունենալ: Միայն մեր երկրի կողմից երկքաղաքացիություն հռչակելը եւ դրա հնարավորության ընձեռումը դեռ ուղղակիորեն, պրակտիկ իմաստով որեւէ բան չի նշանակում եւ ցանկացած դեպքում պետք է դա կանոնակարգվի միջպետական համաձայնագրերով, որոնցով ձեւավորվում է, թե ինչ պարտավորություններ են ստանձնում կողմերը եւ ինչպիսի իրավունքներ են տալիս իրենց քաղաքացիներին»: Պարոն Ղոնջեյանը, չբացառելով, որ առաջարկվող փաթեթների որոշ դրույթներ կարելի է համատեղել, կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթների համադրմամբ մեկ միասնական փաթեթ ստանալու նույնիսկ տեսական հնարավորությունները գրեթե բացակայում են, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ են իրարամերժ կարծիքներ, որոնք համատեղել ոչ մի դեպքում հնարավոր չէ, օրինակ` երկքաղաքացիություն ունեցող անձանց ընտրական իրավունքից չօգտվելու դրույթը Սահմանադրության մեջ ամրագրելու հարցը, ազատությունը սահմանափակելու կոնկրետ դեպքերը, որն իրենք առաջարկում են շարադրել Սահմանադրության մեջ, սակայն մյուս հեղինակները դա անհրաժեշտ չեն համարում: