Խորհրդարանական ընտրություններ

10/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, որն իրապես մտահոգ է իր պետության զարգացման, սոցիալական արդարության եւ ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման հեռանկարով, չի կարող անտարբեր լինել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքի եւ արդյունքների հանդեպ:

Բոլորն էլ գիտեն, որ ընտրակեղծիքները, որոնք մեր իրականության մեջ գոյության հայտ ներկայացնելուց երբեք չեն «հրաժարվել», ստվերում են ժողովրդի կամքի իրական պատկերը եւ, ըստ այդմ էլ, այս կամ այն չափով ազդում Հայաստանի ժողովրդավարական զարգացումների ընթացքի վրա: Մայիսյան խորհրդարանական ընտրությունները, համոզված ենք, լինելու են յուրատեսակ փորձաքար ընտրության իրավունք ունեցողների համար այն իմաստով, թե կկարողանա՞ն արդյոք ցուցաբերել քաղաքական հասունության մակարդակ կամ, գոնե, քաղաքական տհասության ցածր աստիճան: Բանն այն է, որ չկարողանալով դասեր քաղել մեր իսկ անցյալի բացասական, սակայն որոշակիորեն հարուստ ընտրական փորձից, այսօր էլ շարունակում ենք ընտրական գործընթացներում ճանապարհ հարթել մեր հուզական, զգացմունքային, «դրամատենչ», «իշխանաբաղձ», նարցիսական որակների հաղթարշավի համար, որպեսզի հետագայում անիծենք մեր բախտը, դժգոհենք համապատասխան կառույցների աշխատանքից: Խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, թե նա չպետք է օգտվի իր դժգոհելու իրավունքից, առավել եւս՝ այն դեպքում, երբ խոսքն, ասենք, ներկայիս ԱԺ-ի մասին է: Այո, մերօրյա Ազգային ժողովի ներկայացուցչական բազմաբովանդակ կազմում կարելի է տեսնել բազմաթիվ պատգամավորների, որոնք, չգիտես ինչու` «ինքնադրսեւորման» համար ընտրել են մի բնագավառ, որն իրենց կարիքն ընդհանրապես չի զգում: Պատգամավորներ, որոնք միայն ընտրվելուց հետո են դա «հասկացել» եւ, արդյունքում, որոշել են «ուսումնատենչ» ուսանողների կամ «պարտաճանաչ» դասախոսների պես հաճախակի բացակայել դասերից: Պատգամավորներ, որոնք քաղաքական ֆետիշիզմի նորօրյա դրսեւորման` մանդատապաշտության մոլի հետեւորդներն են, որոնք օրենսդիր գործունեության ժամանակ իրենց միակ խնդիրն են համարում ֆետիշի, ասել է թե` «սրբազան» պատգամավորական մանդատի պահպանումը: Այս կապակցությամբ հիշենք, թերեւս, մի շարք պատգամավորների այնպիսի կույր նվիրվածությունն իրենց մանդատին, որ Ազգային ժողովի չորսամյա գործունեության ընթացքում ժամանակ չգտան ժողովրդին հուզող մի երկու հարց բարձրացնել, օրենսդրական այս կամ այն փաթեթի վերաբերյալ սեփական տեսակետը ներկայացնել: Հիշենք օրենսդիր մարմնում ժողովրդի կողմից «լիազորված» այն օրենսդիրներին, որոնք, բացի օրենսդրական «կարգավորման» կարիք ունեցող վարքից, այլ կերպ աչքի չեն ընկել: Հիշենք նաեւ այն դեպքերը, երբ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դնող բազմաթիվ ընդդիմադիրներ չհրաժարվեցին իրենց մանդատներից, տեւական ժամանակ չմասնակցեցին օրենսդիր մարմնի աշխատանքներին:

Իհարկե, ներկայիս Ազգային ժողովի բացասական որակների շարքը կարելի է ընդլայնել, նորանոր թերություններ բացահայտել, սակայն դրանով տարվելն արդարացված չէ: Բանն այն է, որ այդօրինակ մոտեցման պարագայում մեծանում է հավանականությունն ապակառուցողական քննադատության, ինչի կարիքը վերջին տարիների հայաստանյան իրականությունը երբեւէ չի զգացել: Այո, մեր Ազգային ժողովն իր ներկայացուցչական կազմի բազմաթիվ անդամներով ոչ մի նորմալ քաղաքացու մոտ նախանձ չի առաջացնի, բայց «դրամաճանաչ» լինելը՝ «տառաճանաչությունից», ծառայեցնելը ծառայելուց գերադասած պատգամավորների գոյությունը չի կարող հիմք հանդիսանալ այն դրական տեղաշարժերի անտեսման համար, որոնք կյանքի են կոչվել ՀՀ ԱԺ-ի կողմից: Չի կարելի անտեսել այն դրական օրենսդրական նախաձեռնությունները, որոնք իշխող քաղաքական ուժերի կողմից կյանքի կոչվեցին, սահմանադրական բարեփոխումները, որոնք կարող են իրապես նպաստ բերել ՀՀ ժողովրդավարացմանը: Իհարկե, ընթերցողի մոտ կան վատ հուշեր՝ կապված սահմանադրության հանրաքվեի հետ, սակայն դրանք, կարծում ենք, առավելապես պայմանավորված են ոչ միայն եւ, գուցե թե, ոչ այնքան իրականացված փոփոխությունների բովանդակությամբ, որքան հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ ընտրախախտումներով:

Չի կարելի անտեսել նաեւ այն պատգամավորներին, որոնք իրենց մասնագիտական եւ քաղաքական պատրաստվածությամբ անկասկած արժանի էին արժանանալու ժողովրդի վստահության քվեին: Չմոռանանք նաեւ, որ ներկայիս խորհրդարանի բացասական որակների վրա նկատելի ազդեցություն է ունեցել նաեւ 75 համամասնական եւ 56 մեծամասնական տեղերի գործոնը, քանզի, ինչպես հայտնի է, մեծամասնական տեղերում հիմնականում հայտնվել էին «մանդատասեր» գործարարներն ու թաղային հեղինակությունները, որոնց համար Ազգային ժողով մտնելու հիմնական դրդապատճառը պատգամավորական անձեռնմխելիության իրավունք ձեռք բերելն էր: Իհարկե, առաջիկա խորհրդարանում կգործի 90 համամասնական եւ 41 մեծամասնական տեղերի հարաբերակցությունը, ինչը, անկասկած, կարող է նպաստել կուսակցական համակարգի կայացմանը ՀՀ-ում: Բացի այդ, մեր Ազգային ժողովի աշխատանքների վրա «գործուն» ազդեցություն է ունեցել դասական ընդդիմության բացակայության գործոնը, քանզի իշխող ուժերը` գաղափարական եւ ծրագրային դիմագիծ ունեցող ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, ըստ այդմ, զրկված են եղել «վերահսկող-ընդդիմադիրներից», որոնք կարող էին մեղմել իշխող քաղաքական ուժերի գործունեության ընթացքում դրսեւորված բացթողումները: Իսկ այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ընդդիմությունն ամենից առաջ պետք է խնդիր ունենա կայանալու՝ որպես ռեալ ընդդիմություն, ՀՀ զարգացման այլընտրանքային եւ իրատեսական ծրագրերի ներկայացմամբ ժողովրդին ապացուցի, որ, ասենք, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի իրականացրած ծրագրային քաղաքականության համեմատությամբ սեփականն ունի էական առավելություններ, իսկ իրենք ունեն այն իրականացնելու ներուժ: Եթե մերօրյա Ազգային ժողովն ունի այսօրինակ բացթողումներ, ապա մեզ մնում է միայն հույսեր փայփայել առ առաջիկա խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններ, որոնք կարող են կա՛մ իրապես բարեփոխել Ազգային ժողովի ներկայացուցչական կազմն ու աշխատանքների ընթացքը, կա՛մ ավելի «պերճախոս» դարձնել նրա թերությունները: Արդեն իսկ հայաստանյան ընտրողների համար գաղտնիք չէ, թե պատգամավորական համամասնական եւ մեծամասնական տեղերի համար որ ուժերն ու անհատներն են պատրաստվում մրցակցել: Թեկնածուական համապատկեր, որն, անկասկած, մտահոգություն է առաջացնում: Բանն այն է, որ, օրինակ, մեծամասնական տեղերով թեկնածության հայտ են ներկայացրել այնպիսի մարդիկ, որոնք դրական առումով ոչ մի կերպ չկարողանալով փայլել ներկայիս Ազգային ժողովում` իրական հույսեր ունեն հայտնվելու հաջորդ խորհրդարանում: Իսկ սա նշանակում է, որ առ այսօր էլ հայաստանյան ընտրողը չի կարողանում հանդես գալ քաղաքական կամքով, չի կարողանում վեր կանգնել առօրեական շահերից: Այլապես, այդպիսիք թեկնածության հայտ չէին ներկայացնի: Իսկ եթե ներկայացրել են, ապա հավատացած են ընտրողների թույլ կողմերի շահարկման հնարավորությանը: Եթե իշխանափոխությունը որպես «դրոշակ» հռչակած ընդդիմադիր ուժերն իրենց գերխնդրի լուծման համար չկարողացան միակամություն դրսեւորել` չստեղծելով պայքարի միասնական ճակատ, ապա ինչպե՞ս են պատկերացնում իշխանությունների ծրագրային «հաղթարշավի» կասեցումը: Համոզված ենք, որ որոշ ընդդիմադիր ուժերի քվեներ ստանալու նկրտումները, որոնք խարսխված են բացառապես իշխանությունների նկատմամբ դժգոհությունների շահարկման, այլ ոչ ծրագրային քաղաքականության վրա, չեն կարող բարեփոխական լիցքեր հաղորդել մեր քաղաքական կյանքին: Ավելին, նրանք հաճախ այնպիսի տպավորություն են ստեղծում, որ հայաստանյան դժբախտությունների առյուծի բաժինը իշխանություններինն է, իսկ իրենց պայքարն ինչ-որ բանի (իշխանության) դեմ է, այլ ոչ` հանուն ինչ-որ բանի (ՀՀ ժողովրդավարացում եւ այլն): Ընդդիմադիր դաշինքի չկայանալը, որում մեղքի մասնաբաժին ունեն բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, եւս մեկ անգամ փաստում է, որ հիմնականում իշխանական հավակնություններն ու անձնական ամբիցիաներն են ընկած ընդդիմության ոչ հաճախակի դրսեւորվող քաղաքական ակտիվության հիմքում: Իհարկե, ասվածը բնավ էլ նպատակ չունի ստվերել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն գաղափարական դիմագիծ եւ գործելու վճռականություն, սակայն այս կամ այն պատճառով չունեն դրանք իրականացնելու համար պահանջվող ռեսուրսներ:

Հույս ունենանք, որ գոնե այս անգամ, ընտրողների համար, ընդհանուր առմամբ, ընտրություն կատարելու հիմնական շարժառիթը կլինի ոչ թե կամ ոչ միայն անձնական շահը, այլ Հայաստանը ծրագրային զարգացման ճանապարհին տեսնելը, իսկ իրենց ձայները կտան այն կուսակցություններին ու անհատներին, որոնք իրենց գործունեությամբ վաստակել են այդ իրավունքը: