Յյուրաքանչյուրն ինքն է ընտրում իր քարոզչության հիմնական միջոցները

10/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Այս հրապարակմամբ կփորձենք վերլուծել հայաստանյան քաղաքական դաշտի «գիգանտ» Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից կիրառված քարոզչական հնարքները:

Այն, որ այս կուսակցությունը համարվում է մեր քաղաքական դաշտի ամենաազդեցիկ կուսակցությունը, ընդունում են բոլորը. իշխանական կոալիցիայի մյուս երկու կուսակցություններն անընդհատ փորձում են խուսափել պատասխանատվությունից եւ նշում են, որ իրական իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին, ընդդիմությունն էլ հայաստանյան բոլոր բացթողումներում մեղադրում է ՀՀԿ-ին՝ դրանով իսկ ակամայից ընդունելով այս քաղաքական ուժի առաջնայնությունը: Հիշենք, թե ՀՀԿ` հունիսի 22-ի համագումարից հետո ինչպիսի աղմուկ էր բարձրացել եւ ինչպիսի ջանասիրությամբ էին մեր ընդդիմադիր թերթերը քննադատում ՀՀԿ-ին: Հիմա էլ շատ է խոսվում Հայաստանը «հանրապետականացնելու» մասին: Իսկ երբեւիցե հանդիպե՞լ եք մի հրապարակման, որի մեջ, ասենք, խոսվի Հայաստանի օրինացերկրականացումից կամ որեւէ այլ կուսակցականացումից՝ չնայած այս կուսակցությունների ներկայացուցիչների կողմից իրենց կուսակցականների թվի հրապարակումներին: Եթե այս տեսանկյունից ենք փորձում դասավորել կուսակցությունները, ապա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չորրորդը կամ հինգերորդն է իր անդամների թվաքանակով:

Այս կուսակցության քարոզչական հնարքներն առավել լավ կարելի է բնութագրել հետեւյալ արտահայտությամբ. «ՀՀԿ-ն նման է Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային թիմին, որտեղ հավաքված են խոշոր աստղեր, սակայն նրանց թիմային խաղը երբեմն իր արդյունավետությամբ զիջում է նույնիսկ ամենաթույլ թիմի խաղին»: Սակայն փաստն այն է, որ կուսակցությունը կարողանում է քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից արժանապատվորեն դուրս գալ իրեն թելադրված խաղից: Այս ուժի քաղաքական պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, եւ դրա մասին բազմիցս գրել են մեր թերթերը, որ ընտրությունների նախաշեմին կուսակցությանն են միանում երկրի պաշտպանության նախարարները: Սա գնահատվում է որպես բացասական երեւույթ, սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են միանում հենց այս կուսակցությանը: Մեր կարծիքով, սրա հիմնական պատճառն այն է, որ այս քաղաքական ուժը կարողանում է հստակ պահել բոլոր քաղաքական պայմանավորվածությունները՝ շատ դեպքերում վնասելով նաեւ սեփական վարկանիշը, երբեւիցե չի խուսափել պատասխանատվությունից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության ծրագրային հիմնադրույթներում նշված է, որ կուսակցությունն ազգային-պահպանողական կուսակցություն է եւ իր գաղափարախոսության հիմքում տեսնում է Գ. Նժդեհի եւ Հ. Ասատրյանի ուսմունքները: Սա, իհարկե, շատ գովելի է, երբ հայաստանյան քաղաքական ուժն իր գաղափարաբանության հիմքում դնում է մեծանուն հայորդիների ուսմունքները, սակայն վերջին շրջանում այս կուսակցության ներկայացուցիչներն այնքան են սկսել անհարկի օգտագործել Նժդեհի անունը, որ հասարակության մի ստվար զանգված սկսում է հիասթափություն ապրել եւ մեղադրել կուսակցությանը՝ Նժդեհին «սեփականաշնորհելու» մեջ: Լավ կլիներ, որ կուսակցության ղեկավարները խորհեին այս հարցի շուրջ եւ թույլ չտային անհարկի շահարկել մեծանուն հայի անունը: Լավ կլիներ, եթե Նժդեհից խոսեին ՀՀԿ այն ներկայացուցիչներն, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցել են իրենց հավատարմությունը նժդեհյան գաղափարներին: Մյուս քարոզչական բացն այն է, որ այս կուսակցությունն իրականում չի կարողանում հասարակությանը ներկայացնել այն ամբողջ ձեռքբերումներն, ինչ անկասկած ունեցել է մեր երկիրը: Մենք բնավ էլ այն կարծիքին չենք, թե երկրում ամեն ինչ լավ է, սակայն այն, որ ունենք որոշակի ձեռքբերումներ, փաստ է: Ուղղակի կարող ենք պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այս հաջողություններն ունեցած լիներ, ասենք, ՕԵԿ-ը…: 2003թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ցույց տվեց, որ կուսակցությունն իր առջեւ խնդիր էր դրել հասարակությանը ներկայացնել իր իշխանության օրոք ձեռքբերված հաջողությունները, սակայն կատարողական արվեստի բացակայությունն այդ քարոզչությունը դարձրել էին «անատամ», եւ, եթե հիմա փորձ անենք վերհիշել կուսակցության նախընտրական տեսահոլովակները, ապա երկար ջանք գործադրելուց հետո էլ շատ դժվար կլինի հիշել դրանցից գոնե մեկը: Ամեն ինչ ներկայացվում էր չոր թվերով եւ բացակայում էր քարոզչության համար անհրաժեշտ հուզականությունը: Մյուս կողմից` հարկավոր է նշել, որ այս քաղաքական ուժը չկարողացավ 2003 թվականին հասարակությանը ներկայացնել իր առաջարկը: Իսկ ինչպես հայտնի է՝ ժողովուրդն իր ձայնը տալիս է ոչ թե անցյալին, այլ ապագային: Իհարկե, հարկավոր է հասարակությանը ներկայացնել արված գործը, բայց, միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է ներկայացնել, եւ առավելապես ավելի լավ, այն, թե ինչի համար հասարակ քաղաքացին իր ձայնը պետք է տա քաղաքական ուժին: Հոդվածը գրելիս ուսումնասիրեցինք ՀՀԿ 2003թ. նախընտրական ծրագիրը, որը տեղադրված է ՀՀԿ պաշտոնական կայքում (www.hhk.am), եւ պարզ դարձավ, որ կուսակցությունը կարողացել է կատարել իր նախընտրական խոստումների (որոնք բավականին սոցիալական են) 90 տոկոսը, սակայն պետք է փաստել, իսկ ո՞վ էր տեղյակ, որ սրանք նրանց նախընտրական խոստումներն էին եւ իրենց նախընտրական ծրագրի կետերը: Իշխանական կոալիցիայի մյուս քաղաքական ուժերն արդեն հասցրել են որպես իրենց ձեռքբերումներ ներկայացնել ՀՀԿ նախընտրական խոստումների մեծ մասը: Պատահական չէ, որ ՀՀԿ ներկայացուցիչները վերջին շրջանի իրենց ելույթներում փորձ են անում մեղադրել մյուս իշխանական ուժերին՝ իրենց ձեռքբերումները սեփականաշնորհելու համար, սակայն կա մի պարզ ճշմարտություն. տարին նախընտրական է, եւ բնական է, որ բոլոր քաղաքական ուժերը ձգտելու են այն քիչ թե շատ առաջընթացը վերագրել իրենց, եւ Հանրապետականը կարծես թե ուշանում է այս մրցավազքում: Ուշանալը կարծես թե բնորոշ է դարձել այս կուսակցության քարոզչությանը, սակայն այն գործընթացները, որոնք ներկայումս ընթանում են այս բնագավառում, ցույց են տալիս, որ այս անգամ Հանրապետականը բավականին լավ է նախապատրաստվում նախընտրական քարոզչությանը:

Այն փաստը, որ մեր երկրում առանց Հանրապետական կուսակցության մասնակցության որեւէ լուրջ քաղաքական խնդիր չի կարող լուծվել, անհերքելի է: Սակայն կուսակցությունը նույնիսկ այս ակնհայտ իրողությունը չի կարողանում ըստ արժանվույն մատուցել հասարակությանը, այլ միայն փորձ է անում պատասխանել իրեն հասցեագրվող մեղադրանքներին: Իսկ սրա դեմ կա թեկուզեւ պարզ, բայց աշխատող մեխանիզմ, այն է՝ կուսակցության բոլոր ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարող են շեշտել, որ սխալներ գործում են աշխատող մարդիկ եւ կառույցները. ով չի աշխատում, չի կարող սխալվել: Նույն 2006թ.հուլիսի 22-ի համագումարը ցույց տվեց, որ այս քաղաքական ուժը գնում է դաշտը միավորելու ճանապարհով, եւ հիրավի, այս առումով համագումարը կարելի է անվանել պատմական: Սակայն այս իրողությունն էլ կուսակցության ներկայացուցիչները չկարողացան հենց համագումարին հաջորդող ժամանակահատվածում ներկայացնել հասարակությանը: Այս հանգամանքի մասին կուսակցության ներկայացուցիչները սկսել են խոսել միայն վերջին շրջանի իրենց ելույթներում, ինչի արդյունավետությունն արդեն այն չէ:

Եզրափակելով հոդվածը, հարկ ենք համարում նշել, որ չնայած վերը նշված թերություններին՝ ՀՀԿ-ն ունի իր դիմագիծը եւ բավականաչափ մեծ ընտրազանգված, եւ, եթե մոտակա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը լինի դինամիկ, հուզական, նոր առաջարկների շեշտադրումներով՝ չմոռանալով ակտիվորեն ներկայացնել երկրի ձեռքբերումները, ապա ՀՀԿ առաջին դեմքերի հայտարարությունները, որ այս անգամ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ, կարող են իրականություն դառնալ, քանի որ քաղաքական դաշտի ներկայիս ներկապնակում առավելապես ՀՀԿ-ին ձեռնտու չեն ընտրախախտումներով անցկացված ընտրությունները: