Օրենքի՞ երկիր, թե՞ իրավունքի երկիր

10/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Օրենքներն ավելանում են այն ժամանակ, երբ պակասում է սերը մարդկանց միջեւ:
Լաո Ցզի

Նախընտրական այս ժամանակահատվածում շատ են հնչում դժգոհություններ, թե մեր երկրում չեն գործում օրենքները, եւ չեն պաշտպանվում մարդու իրավունքները: Առաջին հայացքից այս երկու դրույթները նույնն են, եւ, ապահովելով օրենքի կատարումը մեր երկրում, դրանով իսկ մենք կունենանք իրավական տեսակետից պաշտպանված քաղաքացիներ, եւ հակառակը` մարդու իրավունքների պաշտպանությունը կբերի հասարակական կյանքում օրինական հարաբերությունների ձեւավորման: Թերեւս, այսպես են դատում բոլոր նրանք, ովքեր ընտրական քարոզչության գլխավոր շեշտը դրել են օրինականության բացակայությամբ եւ իրավախախտումներով պայմանավորված` բնակչության բարոյահոգեբանական անկման եւ արտագաղթի հիմնախնդիրները լուծելու վրա: Ընտրողի տեսակետից ոչ մի տարբերություն չկա «օրենքի երկիր» եւ «իրավունքի երկիր» բացականչող քաղաքական ուժերի միջեւ:

Սակայն օրենքի եւ իրավունքի նույնությունը թվացյալ է, իսկ նախընտրական փուլում այդ թյուրըմբռնումը հղի է բնակչության ապակողմնորոշմամբ եւ, ի վերջո, սխալ ընտրության կատարմամբ: Բնակչության մոտ օրենքի եւ իրավունքի նույնության մասին թյուր պատկերացման ձեւավորման գործում իրենց դերն են խաղացել (եւ շարունակում են խաղալ) ինչպես այդ թյուրըմբռնումից օգտվող քաղաքական ուժերը եւ քարոզչությամբ չզբաղվող համապատասխան ատյանները, այնպես էլ՝ սոցիալական իրականությունից կտրված կրթական համակարգն ու ինքը` ընտրողը` ընտրությունների նկատմամբ «համեստ դիտորդի» իր հայ ավանդական կեցվածքով:

Օրենքի եւ իրավունքի փոխհարաբերությունն ու նշանակությունը հասարակական կյանքում հասկանալու համար հարկ է անդրադառնալ պատմական այն օրինաչափությանը, համաձայն որի՝ իրավունքը ծագում է հասարակական կյանքում, միջանձնային հարաբերություններում, հետո միայն ամրագրվում օրենքի տեսքով ու ստանում տվյալ հասարակության եւ երկրի համար պարտադիր բնույթ: Այլ կերպ ասած` օրենքը ձեւակերպված եւ պարտադիր բնույթ ստացած իրավունքն է, որը բարձրացված է պետական պահպանության եւ իրականացման մակարդակի: Հասարակական հարաբերություններում է, որ մարդկանց մոտ ձեւավորվում է պատկերացում սեփական իրավունքների եւ փոխադարձ պարտավորությունների մասին, որոնք այնուհետեւ ամրագրվում են օրենքի ձեւով: Իրավունքն է, որ առաջանում է հասարակական կյանքի ու միջանձնային շփումների յուրահատկություններից, անձնային իրավունքն է, որ ավարտվում է այնտեղ, ուր սկսվում է ուրիշի իրավունքը, եւ, ի վերջո, այդ նույն իրավունքն է, որ բաժանվում է մարդու կյանքում բնական եւ հասարակական իրավունքի եւ այդքանով սահմանում մարդու անձնական (սեփական) եւ միջանձնային (ընդհանուր-հասարակական) կյանքի իրավական լինելը: Այլ կերպ ասած` իրավունքը մարդուն տալիս է հնարավորություն՝ անձնային եւ հասարակական կյանքում վարվել այնպես, որպեսզի չխախտվեն այլ մարդկանց այդ նույն իրավունքները: Իրավական երկրում է առավելագույնս հնարավոր պահպանել մարդու իրավունքները, սահմանել նրա պարտավորությունները` չմոռանալով ազատությունների եւ ընտրության հնարավորության մասին: Հանրային պարտավորությունները եւս բխում են մարդու բնական եւ հասարակական իրավունքներից ճիշտ այնքանով, որքանով որ մարդը «հասարակական կենդանի է», կյանքի կազմակերպման մարդկային ձեւը հասարակությունն է, եւ ինչպես չի կարող լինել հասարակություն առանց մարդու, այնպես էլ չի կարող լինել լիարժեք մարդ` առանց հասարակական հարաբերություններում ձեւավորվելու: Հասարակական, այլ կերպ ասած` միջանձնային հարաբերություններում է ծագում հասարակության յուրաքանչյուր անդամի (երեխայի, ծառայողի, թոշակառուի եւ այլոց) իրավունքը, որն այնուհետեւ ամրագրվում է օրենքի ձեւով եւ ստանում համընդհանուր-պարտադիր բնույթ: Այն է` հասարակական նշանակություն կարող է ունենալ միայն այն օրենքը, որը հիմնվում է կոնկրետ սոցիալական իրականության վրա, բխում է սոցիալական կյանքից եւ հետադարձ ազդեցությամբ կարգավորում հասարակական կյանքի որեւէ երեւույթ: Վերադառնալով այն մտքին, որ «օրենքներն ավելանում են այն ժամանակ, երբ մարդկանց միջեւ պակասում է սերը», պետք է փաստել, որ, առաջին հերթին, օրենքները պետք է բխեն հասարակական հարաբերություններում ծագող իրավունքներից, իսկ եթե այդ իրավունքները չեն պահպանվում կամ չեն համապատասխանում սոցիալական իրականությանը, ապա վերջինս կարգավորվում է «վերեւից» թելադրվող օրենքներով, եւ, երկրորդ հերթին, միջանձնային հարաբերություններում հասարակական-բարոյական նորմերի պակասն ավանդաբար կրկին լրացվում է օրենքներով, որոնք, այս դեպքում արդեն, ինչպես ցույց կտրվի ստորեւ, ունեն ավելի շատ վարչական-պարտադրական, քան հումանիտար-կարգավորող նշանակություն:

Օրենքի, բայց ոչ իրավունքի երկիր էր Խորհրդային Միությունը, որտեղ բազմազգ հասարակությունների նույնքան բազմապիսի հարաբերությունները կարգավորելու-միօրինականացնելու ձեւն օրենքն էր, որը, սակայն, հաճախ չուներ սոցիալական պահանջ եւ հասցեատեր: Այն է` խանգարում էր, կարգավորելու փոխարեն: Այդ նույն օրինաչափությամբ` օրենքի երկիր է ԱՄՆ-ը, ուր մարդու իրավունքներն ունեն առավել դեկլարատիվ, իսկ օրենքները` պարտադիր-հարկադրական բնույթ: Այսինքն, տվյալ պարագայում եւս ոչ բոլոր օրենքների հիմքում է ընկած սոցիալական որոշակի հարաբերություններում ծագող իրավունքը, ինչի հետեւանքով ոչ բոլոր օրենքներն ունեն սոցիալական պահանջ եւ կոնկրետ հասցեատեր: Համոզվելու համար բավական է ընթերցել ամերիկյան օրենքների ժողովածուները, որոնք հաճախ օգտագործվում են նաեւ հումորային ծրագրեր պատրաստելիս:

Հայերի հիշողության մեջ դեռեւս նույնքան վառ է Սովետական Հայաստանի «կարգ ու կանոնը», որքան եւ մարդու իրավունքների բացակայությունն ու անկարողությունը պայքարելու տոտալիտար համակարգի դեմ: Ի դեպ, առավելապես օրենքներով, այլ ոչ թե իրավունքներով հանրային կյանքը կազմակերպող պետություններն ավելի շատ են հակված վերածվելու տոտալիտար, իսկ որոշ դեպքերում էլ` ավտորիտար համակարգերի: Խորհրդային Միության պատմությունը վկայում է, որ մարդու իրավունքներն անտեսող, դրանց օրենքի ուժ չհաղորդող եւ պետական մակարդակում չպահպանող երկրում բարձր է կոռուպցիայի չափը, արագ են հասունանում հասարակության հիասթափության ու մտավորականների արտագաղթի գործընթացները: ԱՄՆ-ի փորձը վկայում է, թե ուր կարող է հասնել «սոցիալական պատվեր» չունեցող օրենքների ընդունումով առաջնորդվող պետությունն իր ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ, երբ բնակչության հնազանդությունը պահպանվում է ոստիկանական ռեժիմով, իսկ արտաքին դրսեւորումներում այդ պետությունը ստանում է շեշտված ագրեսորի տեսք: Եվ դրա կողքին հարկ է հիշատակել եվրոպական մի շարք պետություններ, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն է հռչակված պետության եւ հասարակության գերագույն նպատակ, ինչի արդյունքում այդ երկրներում զարգացում է ապրում մշակութային ու գիտական կյանքը, քաղաքական միտքն ու, ասենք, հասարակական ակտիվությունը «կանաչների» կամ «հակագլոբալիստների» ձեւով:

Սխալված չենք լինի, եթե փաստենք, որ սոցիալական իրականությունից սերվող օրենքն է օժտված առավել մեծ մարդասիրական ներուժով եւ հանրային կյանքն իր սեփական պահանջներին ու նպատակներին համապատասխանեցնելու կարողությամբ, մինչդեռ հանրային կյանքից չբխող օրենքներն ավելի շատ ծառայում են վերնախավի եւ, առհասարակ, պետության ղեկի մոտ գտնվող մարդկանց «նեղ» անձնական շահերին ու նպատակներին: Այլ կերպ ասած` սոցիալական ծագում չունեցող օրենքը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխող փոքրամասնության կամքը` բարձրացված օրենքի մակարդակի:

Փաստն այն է, որ կարող է լինել օրենք, որը խոչընդոտի մարդու իրավունքների իրականացումը կամ, առհասարակ, հակասի մարդու բնական եւ հասարակական իրավունքներին: Համաշխարհային փորձը վկայում է, որ, օրինակ, «Երկքաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ընդունվող դրույթն առ այն, որ երկքաղաքացին իրավունք ունի մասնակցելու ընտրական գործընթացներին միաժամանակ երկու երկրում, հակասում է տվյալ երկրում ապրող, տվյալ պետության պետականակիր ազգ հանդիսացող եւ ընտրության միջոցով սեփական ճակատագիրը կերտող մարդկանց իրավունքներին: Չէ՞ որ մինչ այդ ընտրելու եւ ընտրվելու իրավունքով իրավացիորեն օժտված էին տվյալ երկրում որեւէ ժամանակ ապրող, երկրի քաղաքացի հանդիսացող, լայն իմաստով` հասարակական հարաբերություններում ձեւավորված, ուստիեւ՝ այդ հարաբերությունների կրողն ու արտահայտողը հանդիսացող մարդիկ:

Նախընտրական այս ժամանակահատվածում, թերեւս, առավել քան երբեւէ նպատակահարմար կլիներ տեղեկացնել հանրությանն օրենքի եւ իրավունքի` որպես հասարակական հարաբերությունները կարգավորող մեխանիզմների հետ կապված նման նրբությունների մասին, իսկ հանրային տեղեկատվության եւ քարոզչության այդ գործն, ինչ խոսք, առաջին հերթին նրանցն է, ովքեր ավելի շատ են խոսում օրենքի երկիր դառնալու եւ մարդու իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին:

Պետք է արձանագրել, որ իրավունքն ինքնին անզոր է, եթե բարձրացված չէ ընդհանուր-հասարակական մակարդակի եւ չի պաշտպանվում պետության կողմից: Իսկ օրենքը չունի կիրառական-կարգավորիչ նշանակություն, եթե նրա հիմքում ընկած չէ մարդու բնական եւ հասարակական իրավունքը: Միանշանակ է, որ ազգային-պետական շահերից է բխում այնպիսի օրենքների ընդունումը, որոնք բխում են հանրային կյանքից, ունեն սոցիալական պատվեր եւ կոնկրետ հասցեատեր` հանրային կյանքում առկա որեւէ երեւույթի կամ գործընթացի տեսքով: Սոցիալական պահանջն է ստեղծում օրենքներ եւ դրանց հաղորդում համընդհանուր-պարտադիր բնույթ` այդ նույն սոցիալական իրականությունը կարգավորելու եւ նրանում մարդու իրավունքների իրականացումն ու պաշտպանությունը հնարավոր դարձնելու նպատակով:

Կարող ենք փաստել նաեւ, որ ժամանակակից Հայաստանի զարգացումը խոչընդոտող գործոններից է ոչ այնքան օրենքների բացակայությունը կամ դրանց «անգործությունը», այլ առաջին հերթին՝ մարդու իրավունքների խախտման հաճախակի դեպքերը, ինչի արդյունքում շատ «բնական» պետք է թվա ընդհանուր բարոյազրկությունն ու չդադարող արտագաղթը՝ դեպի օրենքի տեսակետից ավելի խստապահանջ, բայց մարդու իրավունքների պաշտպանությանն էլ ավելի մեծ ուշադրություն դարձնող երկրներ:

Ի վերջո, հայերիս պետք է մարդու իրավունքների պաշտպանությունը հռչակագիր դարձրած իրավական Հայաստան, որտեղ իր բոլոր իրավունքներով օժտված կլինի պետականակիր ազգի ներկայացուցիչը` հայը: