«Մենք պայքարելու ենք կեղծիքների դեմ»

10/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

«Որո՞նք էին երրորդ գումարման Ազգային ժողովի ձեռքբերումներն ու բացթողումները, եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքներից»: Այս հարցն ուղղեցինք գործող Ազգային ժողովի մի շարք պատգամավորների:

Ռուբեն Հովսեփյան (ԱԺ պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն) – Երրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում բավականին օրենքներ են ձեւավորվել եւ հաստատվել, որոնք մեծ նշանակություն ունեն երկրի զարգացման համար: Կիրարկման ընթացքում ի հայտ են եկել այդ օրենքների թերությունները, որոնք այնուհետեւ ենթարկվել են փոփոխությունների եւ լրացումների: Հայաստանը 100 կամ 200 տարվա պատմություն ունեցող պետություն չէ, որտեղ օրենքներն արդեն ընդունված են, եւ անցնում են ավելի նուրբ խնդիրների լուծմանը: Մենք դեռեւս օրենսդրական դաշտն ենք լրացնում: Կարծում եմ, այս խորհրդարանը կատարեց իր վրա դրված պարտավորությունները: Ի վերջո, խորհրդարանի աշխատանքը պետք է գնահատել իր ամբողջական արդյունքով, իսկ թե այս ընթացքում ով ում է հայհոյել կամ էլ զրպարտել, այնքան էլ կարեւոր չէ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի նման երեւույթներ չլինեին, սակայն աշխատանքը գնահատելի է արդյունքով: Կարեւոր է հաշվի առնել, թե որքան օրենք է ընդունվել եւ դրանցից որոնք են կատարյալին մոտ: Կատարյալ օրենք չի լինում, դրանք միշտ էլ ենթակա են փոփոխության: Նշեմ խորհրդարանի ամենավերջին ձեռքբերումներից մեկը. երկքաղաքացիության հոդվածի ամրագրումը «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, ինչը ես կարեւոր եւ պատմական քայլ եմ համարում: Այս ուղղությամբ, թերեւս, կարելի էր ավելի շատ աշխատանք կատարել, եթե չլինեին տարաբնույթ քաղաքական շահարկումները: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, նշեմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեմ մասնակցելու, այդ իսկ պատճառով չէի ցանկանա որեւիցե գնահատական տալ:

Գրիգոր Ղոնջեյան (ԱԺ պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցություն) – Երրորդ գումարման Ազգային ժողովը ՄԱԿ-ի համար նշանակալից էր, որովհետեւ հագեցած էր մեր մասնակցությամբ: Մենք համոզված ենք, որ կարողացանք ոչ միայն մասնակցություն եւ ազդեցություն ունենալ քաղաքական մթնոլորտի ձեւավորման վրա, այլեւ գործոն դարձանք քաղաքականության ձեւավորման ընթացքում: Երրորդ գումարման Ազգային ժողովում ՄԱԿ-ը միակ ազատական գաղափարախոսությունը ներկայացնող ուժն էր: Այս ԱԺ-ի նվաճումը բարձր պահանջներին որոշակիորեն համապատասխանող սահմանադրության ընդունումն էր: Այսօր կարելի է ասել, որ պետության շինարարության բոլոր ոլորտներն օրենսդրորեն կարգավորված են: Լավ թե վատ, այլ հարց է, կարեւորն այն է, որ օրենքներն ընդունված են: Երրորդ գումարման ԱԺ-ի ամենամեծ բացթողումը նոր սահմանադրությամբ խորհրդարանին տրված լիազորությունների չօգտագործումն էր 1,5 տարի շարունակ: ՄԱԿ-ը ներկայացրեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի առանձին փաթեթ, որը նախ մերժվեց եւ չքննարկվեց: Այնուհետեւ մեզ հաջողվեց կազմակերպել այլընտրանքային քննարկում, սակայն ՄԱԿ-ի նախագիծը կոչվեց «Ապագայի նախագիծ» եւ կրկին մերժվեց: Մենք համոզված ենք, որ չորրորդ գումարման Ազգային ժողովը կառանձնանա «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի եւ աշխատանքների տեմպի վերանայմամբ: Հուսով եմ` ամեն շաբաթ կգումարվեն ԱԺ նիստերը, խորհրդարանը լուրջ դերակատարություն կունենա կառավարության ծրագրերի ձեւավորման գործում եւ, վերջապես, օրենքները կհամապատասխանեցվեն ՀՀ նոր սահմանադրությանը:

Արամ Գ. Սարգսյան (ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցություն) – Երրորդ գումարման Ազգային ժողովի մեծամասնությունը գործնականում չի աշխատել: Նիստերի ընթացքում խորհրդարան եկել են միայն կոճակները սեղմելու եւ հեռանալու համար: Այս խորհրդարանի ձախողումը սկսվեց նրանից, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վստահության հանրաքվե անցկացնելու մասին անտեսվեց, եւ արդյունքում որեւէ կեղծարար չպատժվեց: Խորհրդարանն իր դերը կորցրեց, երբ հանդուրժեց այդ վիճակը եւ չքննարկեց Սահմանադրական դատարանի որոշումը: Հենց այդ հանգամանքն էլ դարձավ սկիզբը, որպեսզի ընդդիմությունը բոյկոտի խորհրդարանի աշխատանքները: Այդ ամենն իր կնիքը թողեց խորհրդարանի աշխատանքների վրա: Ձեռքբերում, անկեղծ ասած, դժվարանում եմ նշել: Թերեւս, հաջողություն կարելի է համարել օրենքների ընդունումն ու քննարկումը: Սկզբունքային հարցերի շուրջ, սակայն, հաջողություն չի գրանցվել: Օրինակ, երկքաղաքացիության հոդվածի ամրագրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Բավականին մեծ աշխատանք է տարվել նոր օրենքներ ընդունելու եւ լրացումներ կատարելու ուղղությամբ, այլ հարց է, թե ինչ որակով են կատարվել այդ աշխատանքները: Ձեռքբերում կարելի է համարել նաեւ ԱԺ կանոնակարգի փոփոխությունը, որի արդյունքում կարելի է հանդես գալ հայտարարություններով եւ հարցով դիմել կառավարության ներկայացուցիչներին: Ընդհանուր առմամբ, սակայն, այս խորհրդարանն իր նպատակին չծառայեց: Ինչ վերաբերում է չորրորդ գումարման ԱԺ-ի աշխատանքներին, ապա չեմ կարծում, որ էական փոփոխություն կլինի, եթե իշխանությունները փորձեն իրականացնել իրենց սցենարն ընտրությունների ընթացքում: Մեծամասնական ընտրակարգով կանցնեն մականունավոր տղաները, իսկ նման երեւույթ իրականում չպետք է տեղ ունենա խորհրդարանում: Ինչ վերաբերում է համամասնականին, ապա, եթե այստեղ հաշվի առնեն ընտրողների քվեները, ապա դա մեկ քայլ առաջ կլինի: Սակայն ես այնքան էլ լավատես չեմ: Ընտրությունները կեղծվելու են, որովհետեւ ուժերը պայքարելու են անհավասար պայմաններում:

Գագիկ Կոստանդյան (ԱԺ պատգամավոր, «Ազգային Միաբանություն» խմբակցություն) – Այս խորհրդարանի աշխատանքների ընթացքում որեւիցե ձեռքբերում չեմ տեսել, բացի հակաժողովրդական օրենքների ընդունումից: Այս խորհրդարանն ամբողջությամբ թերություն է: Եթե պատգամավորների 20-30 տոկոսը կարողանային իրենց ազգանուններն առանց տառասխալի գրել, ապա դա մեծ ձեռքբերում կլիներ: Երրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները միանշանակ ոչ բավարար կարող եմ գնահատել: Այս Ազգային ժողովը չի կարելի նախորդի հետ համեմատել: Երկրորդ գումարման ԱԺ-ն ավելի լավն էր, իսկ առաջինը` շատ ավելի: Համոզված եմ, որ չորրորդ գումարման ԱԺ-ում ամեն ինչ լավ է լինելու, քանի որ մենք թույլ չենք տալու կեղծիքներ իրականացնել: Մենք պայքարելու ենք կեղծիքների դեմ:

Գագիկ Մինասյան (ԱԺ պատգամավոր, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն) – Երրորդ գումարման ԱԺ-ի ամենամեծ ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթացն էր ու հաջող ավարտը, որի արդյունքում ընդունվեցին դրանից բխող մի շարք օրենքներ: Երրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ընթացքում ես ակնկալում էի, որ կունենանք հարկային օրենսգիրք, որը կներառեր հարկային բոլոր օրենքները: Հարկային օրենսգրքի պատրաստ չլինելը, կարծում եմ, այս խորհրդարանի ամենամեծ բացթողումն էր: Սովորաբար գերիշխում է այն կարծիքը, թե խորհրդարանի ինտելեկտուալ պոտենցիալը գնալով թուլանում է, սակայն ես այդ կարծիքին չեմ: Խորհրդարանի աշխատանքը պետք է գնահատել` հաշվի առնելով ընդհանուր արդյունքը: Ընդունված օրենքների քանակով եւ որակով այս խորհրդարանը չի զիջում նախորդներին: Կարծում եմ, որ չորրորդ գումարման Ազգային ժողովն իր բնութագրիչներով նման կլինի այս խորհրդարանին: Հուսով եմ, որ չորրորդ գումարման խորհրդարանը կաշխատի բարձր արդյունավետությամբ եւ ընդունված օրենքների քանակով ու անթերիությամբ չի զիջի նախորդ խորհրդարանների աշխատանքին: