Ընդլայնվել են ՀՀ-ում պետպատվերով կամ արտոնյալ պայմաններում դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը: Ներկայումս մշակվում է դրանց տրամադրման կարգը: «Արմենպրեսի» փոխանցմամբ, անվճար դեղեր ձեռք բերելու իրավունք ունեն նաեւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները (նախկինում` մինչեւ 16 տարեկան), մինչեւ 7 տարեկանները (նախկինում` մինչեւ 3 տարեկան), ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, մահացած զինծառայողների ընտանիքների անդամները: Միայնակ մայրերի մինչեւ 18 տարեկան երեխաներին դեղերը կհատկացվեն 50% զեղչով՝ նախկին 30-ի փոխարեն: Այս արտոնությունը վերաբերում է նաեւ քրոնիկ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդներին, ովքեր կատարել են երիկամային փոխպատվաստում կամ կատարում են հեմոդիալիզ: Չարորակ նորագոյացության դեպքում, բացի հակաուռուցքային, թմրեցնող դեղերից, անվճար կհատկացվեն նաեւ մնացած ցավազրկող դեղերը: