Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ-ում դատապարտված է

10/05/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակել են բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Այդ թեմաներով տարբեր քննարկումներ են անցկացվում, մի շարք պետական կառույցներին կից ստեղծվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող հանձնաժողովներ ու խորհուրդներ: Բացի այդ, իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե ցանկանում են Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն:

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից մեկը «Մշակ» ընկերությունն է: Այն ստեղծվել է 1990 թվականին, սկզբում` որպես ճարտարագիտական-նախագծային բյուրո, իսկ հետո սկսել է զբաղվել արդյունաբերական ավտոմատիզացիայի ոլորտի արտադրանքի նախագծմամբ եւ արտադրությամբ: Այս ընկերությունն առանձնանում է նրանով, որ համալիր կերպով իրականացնում է արդյունաբերական ավտոմատիզացիայի հետ կապված բոլոր խնդիրները՝ կատարում է սարքավորումների եւ՛ էլեկտրատեխնիկական, եւ՛ մեխանիկական, եւ՛ ծրագրային ապահովման հետ կապված աշխատանքներ: Ավելի պարզ ասած, ընկերությունը թողարկում է թվածրագրային համակարգեր, որոնք ներդրվում են տարբեր բնագավառների արտադրություններում (հաստոցաշինություն, մետաղամշակում եւ այլն) եւ դրանց միջոցով հնարավոր է դառնում զրոյից մինչեւ վերջնական արտադրանքի թողարկումը արտադրություն կազմակերպել: Որպես իրենց գործունեության ոլորտներից մեկը` «Մշակ» ընկերության նախագահ Լեւոն Պողոսյանը նշում է մետաղամշակման հաստոցների բնագավառը: «Այսօր այդ ոլորտում ամեն ինչ արվում է ծրագրային եղանակով: Այսինքն՝ բոլոր մասերը նախապես մշակվում են համակարգչային եղանակով, որից հետո նույն համակարգչով մշակվում է դրա պատրաստման տեխնոլոգիան եւ ծրագիր այդ հաստոցի համար»: Արդյունքում, նման հաստոցներն աշխատում են առանց մարդու միջամտության՝ ամբողջական մշակումն ու արտադրանքի թողարկումն իրականացնելով համակարգչի ծրագրի եւ նրա կառավարման միջոցով: Թվածրագրային համակարգ կոչվածն իրենից ներկայացնում է սարքավորումների մի համալիր, որի մեջ մտնում են համակարգչային մասը եւ մի շարք սարքավորումներ, որոնք ապահովում են կապը հաստոցի հետ: Ըստ Լեւոն Պողոսյանի, դեռեւս խորհրդային տարիներին նման թվածրագրային համակարգերի արտադրությունը հեռանկարային էր թվում Հայաստանում՝ հաշվի առնելով մեր խոշոր հաստոցաշինական գործարանների առկայությունը, որոնք նման համակարգերն այն ժամանակ ներմուծում էին Ռուսաստանից: Բնականաբար, այսօր Հայաստանում այդ ոլորտի մասին խոսելն անիմաստ է, եւ «Մշակի» արտադրանքի 95%-ը, Լեւոն Պողոսյանի խոսքերով, արտահանվում է: Ընկերության արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՊՀ պետություններ՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Ուզբեկստան եւ այլն: Այս երկրներում «Մշակն» ունի նաեւ ներկայացուցչություններ, ուսումնական, տեխնիկական սպասարկման կենտրոններ: Բացի այդ, «Մշակը» պատվերներ է ստանում նաեւ ԱՄՆ-ից, Չինաստանից:

Բացի հաստոցաշինության ոլորտի համար արտադրվող ավտոմատացման համակարգերի արտադրությունից, «Մշակը» մասնագիտացած է նաեւ էլեկտրոնային արդյունաբերության բնագավառում: Ընկերությունն արտադրում է ավտոմատ մեքենաներ եւ հոսքագծեր էլեկտրոնային կերամիկ չիպերի արտադրության համար: Ընկերության վերջին խոշոր նախագիծը կապված է եղել հենց այդ բնագավառի հետ: «Մշակի» արտադրած ավտոմատ սարքավորումների հիման վրա Չինաստանի Նանջի քաղաքում կառուցվել է կերամիկական չիպերի արտադրության գործարան: Ընդ որում, հայտարարված տենդերին ներկայացված են եղել այնպիսի հայտնի ֆիրմաներ, ինչպես, օրինակ, ճապոնական Yamaha-ն: Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ գործարանը բացվել է անցած տարի մոտավորապես այն ժամանակ, երբ պաշտոնական այցով Չինաստանում էր գտնվում Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Պողոսյանն ընդգրկված է եղել Քոչարյանին ուղեկցող գործարարների խմբում եւ զարմացել է, որ մեր պաշտոնյաներից որեւէ մեկը տեղյակ չի եղել, որ Չինաստանի էլեկտրոնային արդյունաբերության կենտրոններից մեկում բացվող գործարանը աշխատելու է հայկական սարքավորումներով: Ինչեւէ:

«Մշակ» ընկերության արտադրանքով հետաքրքրվում են նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ամերիկյան ընկերությունները: Դրանցից մեկի պատվերով 2001 թվականին «Մշակում» նախագծել եւ թողարկել են չիպերի արտադրության ոլորտում օգտագործվող մի սարքավորում, որի նախադեպը աշխարհում չի եղել եւ անցած տարիներին էլ որեւէ այլ ընկերություն չի կարողացել ապահովել նման արտադրողականություն ունեցող սարքավորում: Խոսքը վերաբերում է չիպերի արտադրության մեջ կիրառվող ծակող մի սարքավորման. ամերիկացիները պատվիրել են վայրկյանում 25 անցք ծակող սարքավորում, սակայն «Մշակում» կարողացել են ստանալ 1000 անցք/վայրկյանում արտադրողականությամբ մեքենա: «Աշխարհում ամենաարագ արտադրողականությամբ մեքենաները մենք ենք թողարկում»,- ասում է «Մշակ» ընկերության նախագահ Լեւոն Պողոսյանը:

«Մշակի» արտադրանքը դասվում է երկակի նշանակության տեխնոլոգիաների շարքին, եւ ըստ Լեւոն Պողոսյանի, նաեւ այդ պատճառով` արտահանման ժամանակ իրենք հանդիպում են բյուրոկրատական քաշքշուկների: Այսօր էլ շուրջ մեկ ամիս թղթարարության պատճառով չեն կարողանում արտահանել հերթական խմբաքանակը:

Ինչ վերաբերում է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, առավելեւս՝ Հայաստանը այդ ոլորտի տարածաշրջանային կենտրոն դարձնելու մասին խոսակցություններին, ապա, ըստ Լեւոն Պողոսյանի, դրանք ավելի շատ դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են:

«Որոշումներ ընդունող մարդիկ թերի պատկերացում ունեն բարձր տեխնոլոգիաների մասին: Բարձր տեխնոլոգիաներ ասելով` հասկանում են մի հատ համակարգիչ, որի առաջ նստեցնում են 17-18 տարեկան երիտասարդի, որը լավ գիտելիքներ ունի: Բայց իրականությունն այդպիսին չէ»,- ասում է Լեւոն Պողոսյանը: Ինչ վերաբերում է տարածաշրջանային կենտրոն դառնալուն, ապա «Հայաստանին բարձր տեխնոլոգիաների ոլորտում ոչ մեկը նույնիսկ փոքրիկ հանգույց դառնալ թույլ չի տա: Լավագույն դեպքում, մենք կարող ենք լինել ծառայություններ մատուցող կամ ուղեղներ արտահանող երկիր: Դրա համար այս ոլորտը դատապարտված է, այն երբեք չի կարող դառնալ երկրի իմիջ ձեւավորող ճյուղ»,- կարծում է Լեւոն Պողոսյանը: