Կիրակի օրը կրակոց է հնչել Ստամբուլի Գումգաբու թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու մոտ, երբ եկեղեցում նոր էր ավարտվել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 14:15-ին՝ պատարագի ավարտից մոտ մեկ ժամ անց: Եկեղեցու քարտուղարի վկայությամբ՝ երկու երիտասարդ, արագորեն մտնելով եկեղեցու բակ, հրազենից օդ են կրակել եւ փախել: Տեղում նրանց բռնել չի հաջողվել: Ինչպես «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, տեսախցիկներն արձանագրել են այդ պահը, եւ տեսագրության օգնությամբ երեկ երեկոյան ոստիկանությունը ձերբակալել է նրանց: Ձերբակալվածների անունները հրապարակել է «Հյուրիեթ» թերթը: Նրանցից մեկը նախկինում նույնպես հարձակում էր գործել եկեղեցու վրա: Ձերբակալվածներին տարել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք: Ոստիկանությանը ցուցմունք են տվել եկեղեցու քարտուղարն ու հոգեւոր սպասավորներից մեկը, ովքեր ականատես են եղել դեպքին: Ա. Գոչունյանը փոխանցել է նաեւ, որ անվտանգության ծառայությունը Հայոց պատրիարքարանի շուրջ խիստ վերահսկողություն է սահմանել: Հրանտ Դինքի մահվան քառասունքի արարողությունը հանդիսապետել է Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը: Արարողությանը մասնակցել են Դինքի ընտանիքը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ: 53-ամյա Հրանտ Դինքը սպանվել է այս տարվա հունվարի 19-ին՝ «Ակոսի» խմբագրատան դիմաց: Դինքի սպանության գործով մինչ օրս կալանված է 9 մարդ, բոլորն էլ՝ թուրք ծայրահեղ ազգայնականներ: