Սովորե՞լ, թե՞ ոչ

10/03/2007 Աղունիկ ԱՅՎԱԶՅԱՆ

Ընդհանուր առմամբ, ջավախեցիներն աչքի են ընկնում բնական գիտությունների իմացությամբ: Իսկ ընդհանրապես, ինչպես հնում, այնպես էլ այսօր ջավախեցիները «վրացոնց ինադու» վրացերեն չեն սովորում: Իհարկե, ջավախեցին շատ լավ գիտակցում է «ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես» խոսքերի իմաստը, բայց նրանց համար առաջնայինն օտարին չձուլվելն է, այսինքն, մտածում են, որ եթե վրացերեն սովորեն, ապա կամաց-կամաց, տարիների ընթացքում կկորցնեն իրենց ինքնությունը` ազգային պատկանելությունը:

Ջավախքի դպրոցներում համապատասխան մասնագետների բացակայության պատճառով կրթության մակարդակը շատ ցածր է: Ի՞նչ անի խեղճ աշակերտը, որ պատմությունից անտեղյակ ինչ-որ մեկն իրեն պատմություն է դասավանդում: Ճիշտ չի լինի նաեւ, եթե մեղքը գցենք միայն ուսուցիչների վրա. ինչո՞ւ չէ, մեղավոր են նաեւ աշակերտները: Իսկ աշակերտների տրամաբանությունը պարզ է` «սովորեն թե ոչ, միեւնույն է, վերջում ասֆալտ են նետելու»՝ ինչպես իրենց հայրերն ու եղբայրները:

Ջավախքում մեծամասնություն չեն կազմում բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողները: Հիմնականում Երեւանի բուհերում են սովորում: Ընդ որում, երեւանյան բուհերում աղջիկներն են հիմնականում սովորում: Իսկ ավարտելուց հետո անգործ են մնում, քանի որ աշխատատեղ չկա: «Էլ ի՞նչ իմաստ ունի սովորելը, եթե վերջում էլի տանն ես նստելու»: Իսկ եթե աշխատատեղ էլ լինում է, ապա տղամարդկանց մեծամասնությունը չեն թողնում, որպեսզի կանայք աշխատեն: Նրանք այսպես են մտածում` «հայկական ավանդական ընտանիքում կանայք պետք է նայեն երեխաներին, իսկ տղամարդիկ պետք է հոգան հացի խնդիրը»: Եվ հավատարիմ իր սկզբունքներին՝ այսօր ջավախեցի տղամարդն ամեն ինչ անում է՝ իր քրտինքով վաստակելով հանապազօրյա հացը: Այս ամենի արդյունքում այսօր Ջավախքում ամբողջ մի սերունդ կյանք է մտնում ապագայի նկատմամբ անորոշության զգացումով: