Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում դեկտեմբերի 12-ից փետրվարի 1-ն անցկացված 10-րդ միջազգային բիենալեում հայ նկարչուհի Թենի Վարդանյանն արժանացել է ոսկե մեդալի: Այս տարի բիենալեում ներկայացված է եղել 58 երկրների մոտ 400 նկարիչների աշխատանք:
Թ. Վարդանյանը Կահիրե էր ուղարկել իր երեք կտավները. «Մարդու պատմությունը», եւ երկու նկար «Աթոռներ» շարքից: «Այս մրցանակն ինձ համար շատ անսպասելի եւ հաճելի էր, ես նույնիսկ չէի կարող երազել, որ կհաղթեմ»,- ասում է Թենի Վարդանյանը:
20-ամյա պատմություն ունեցող Կահիրեի բիենալեն ժամանակակից արվեստների խոշորագույն ստուգայցերից մեկն է, այն ամեն տարի բազմաթիվ հեղինակների է հավաքում: Բիենալեն հիմնվել է Եգիպտոսի կառավարության կողմից եւ իր հստակ առաքելությունն ունի. փորձում է կապող օղակներ ստեղծել Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Եվ դա անում է արվեստի միջոցով` բացառելով քաղաքական յուրաքանչյուր ակնարկն ու հավակնությունը: Այս տարվա բիենալեի միջազգային ժյուրիի պատվավոր նախագահն էր «Էրմիտաժ» թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ով համարում է, որ աշխարհում գնալով աճում է արաբական աշխարհի եւ քրիստոնյա երկրների փոխադարձ հետաքրքրությունը:
Ժամանակակից արվեստը բիենալեում հիմնականում ներկայացված է լինում կոնցեպտուալ եւ աբստրակտ ոճերով: Նկարչական աշխատանքներից բացի, ցուցադրվում են նաեւ վիդեո-արտ, ինստալյացիաներ, լուսանկարներ, քանդակ: Ցուցադրությունների ընթացքում շրջանցվում են բավականին նուրբ` կրոնական եւ պատմական հարցերը, եւ մերկ մարմին ցուցադրելու արգելք է դրված: Ընդ որում, բիենալեն նաեւ բազմաթիվ այլ պահանջներ է դնում իր մասնակիցների առջեւ: Պետականորեն ներկայացված չեն կարող լինել այն հեղինակները, որոնց երկրները պատմության ընթացքում պատերազմել են կամ ոտնձգություններ են արել արաբական որեւէ պետության հանդեպ: Այդ պատճառով էլ ամերիկացի նկարիչները միայն իրենք իրենց անունից կարող են հանդես գալ, բայց ոչ` ԱՄՆ-ի: Բիենալեն ցանկանում է արվեստը հանել քաղաքական ենթատեքստից: Հայաստանի նկարիչները երկու անգամ` 1996թ. եւ 2003թ. մասնակցել են բիենալեին, բայց մասնավոր կարգով: Այս տարի առաջին անգամ մեր երկիրը նկարիչ էր ուղարկել պետական մակարդակով:
Միջազգային ժյուրին ավանդաբար բիենալեի գրան պրին եգիպտացի կամ արաբական աշխարհի որեւէ նկարչի է շնորհում, քանի որ Եգիպտոսը ցանկանում է խրախուսել իր երկրի արվեստի զարգացումը: Թենի Վարդանյանը չի հասցրել ներկա լինել ոչ բիենալեի բացմանը, ոչ էլ փակմանը, եւ իր մրցանակը ստացել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատանը: «Ես չհասցրեցի գնալ Կահիրե, որովհետեւ հենց այն օրը, երբ իմացա իմ հաղթանակի մասին, ծնվեց իմ թոռնիկը: Արեւի երկրի ոսկե մեդալը համընկավ իմ Արեգ թոռնիկի ծննդյան հետ»,- ասում է նա:
Թենի Վարդանյանը հիացած է քաղաքակրթության բնօրրանը համարվող Եգիպտոսի վիթխարի ստեղծագործական ներուժով: «Տեսնելով Եգիպտոսը՝ հասկանում ես, որ ոսկին, պարգեւը, նույնիսկ մարդ արարածը ոչինչ է այդ հավերժության առջեւ, որ այդ հին քաղաքակրթությունն ինքն իրենով բեղմնավորված եւ ինքն իրեն զարգացող մի երեւույթ է: Այն այնքան փակ է, որ նույնիսկ սարսափում ես, քանի որ Եգիպտոսը քեզ այնքան ինֆորմացիա է տալիս, որ դու չես կարող այն ընկալել»,- ասում է Թ. Վարդանյանը, ով շատ հպարտ է, որ իր հաջողությունը հնարավոր է դարձել Հայաստանի պետական կառույցների շնորհիվ եւ հայկական սփյուռքի աջակցությամբ: Բիենալեի ավարտից հետո մեր երկրի դեսպանության եւ Եգիպտոսի Մշակույթի նախարարության աջակցությամբ փետրվարի 13-17-ը «Ահմադ Շահուկի» պետական ցուցասրահում կազմակերպվել էր նաեւ Թենի Վարդանյանի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: