Ղարաբաղում նախընտրական շրջանն օր օրի նոր «երանգներ» է ստանում: Աստիճանաբար հայտնի են դառնում որոշ կուսակցությունների դիրքորոշումները` կապված նախագահական
ընտրությունների հետ:
Մինչ Արցախի հանրային հեռուստատեսության եթերում շարունակում են հնչել նախագահ Արկադի Ղուկասյանի՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում չառաջադրվելու մասին վերջին հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունները, «Ազատ Հայրենիք» կուսակցությունը` խորհրդի ընդլայնված նիստում միաձայն որոշել է ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում պաշտպանել Բակո Սահակյանի թեկնածությունը: Խորհուրդը կուսակցության նախագահությանը հանձնարարել է նախապատրաստել համապատասխան որոշման նախագիծ եւ այն հրապարակել մամուլում: Սակայն դեռ պարզ չէ՝ կառաջադրի՞ արդյոք կուսակցությունը ԼՂՀ Ազգային անվտանգության պետ Բակո Սահակյանի թեկնածությունը, թե՞ պարզապես կսատարի նրան:
ԼՂՀ Կոմկուսը նույնպես չի կողմնորոշվել նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ: Կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանի խոսքերով, ամեն ինչ հայտնի կդառնա ընտրությունների օրը նշանակելուց հետո: Նրա հավաստմամբ, սեփական թեկնածու չառաջադրելու դեպքում կսատարեն ժողովրդին ավելի մոտ գտնվող, քաղաքականապես զարգացած, դիվանագետի ճկունությամբ օժտված, կամքի ուժ ունեցող թեկնածուի:
ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի քարտուղար ժիրայր Շահիջանյանը նույնպես գտնում է, որ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրելու վերաբերյալ կուսակցության դիրքորոշման մասին խոսելը դեռ վաղ է: «Այն, որ մենք ընտրություններին մասնակցելու ենք, դա միանշանակ է, բայց մասնակցության ձեւը` սեփական թեկնածո՞ւ ենք առաջադրելու, թե՞ սատարելու ենք ինչ-որ մեկին՝ որոշվելու է մարտի երկրորդ կեսին կայանալիք կուսակցության ընդլայնված նիստի ընթացքում, ինչպես նաեւ տրվելու են այն հարցերի պատասխանները, թե սեփական թեկնածու չունենալու դեպքում ինչ հատկանիշներով օժտված թեկնածուի ենք սատարելու: Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մենք առաջիկա 5 տարիների զարգացման համար ծրագիր ենք ներկայացնելու: Եթե ունենանք մեր սեփական թեկնածուն, դա կիրականացնի հենց ինքը, իսկ եթե սատարենք որեւէ թեկնածուի, ապա նա պետք է մեր ծրագրին հավանություն տա»,- նշել է Ժ. Շահիջանյանը:
Ղարաբաղում գործող կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին այն կարծիքը, որ ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացման համար դեռ անելիքներ կան, եւ աշխատանքներ պետք է տարվեն ոչ միայն ընտրությունների օրը, այլ` քարոզարշավի մեկնարկի օրից: Կոմկուսի առաջնորդը գտնում է նաեւ, որ Ղարաբաղում ընտրական տեղամասերում ընտրություններն ազատ ու արդար են լինում, իսկ ինչ որ կատարվում է` ընտրական տեղամասերից դուրս է լինում, որովհետեւ «ժողովուրդն ընտրական կուլտուրա չունի»: «Նրանք ընտրում են այն թեկնածուին, ով որ սիրաշահում է, իսկ հետո բողոքում են այդ մարդուց: Ժողովուրդը չի հասել այնպիսի մակարդակի, որ գաղափարների ընտրություն կատարի, այլ ոչ թե անձերի»,- այսպես է կարծում Կոմկուսի ղեկավարը: