Ինչպես արդեն հայտնի է, ՀՀՇ-ն խորհրդարանի առաջիկա ընտրությանը կմասնակցի միայնակ, քանզի ՀՀՇ-ի, ԱԺՄ-ի, «Ժառանգության» եւ «Հանրապետության» միջեւ դաշինք կազմելու շուրջ բանակցություններն արդյունք չտվեցին: Սակայն մինչեւ հիմա ՀՀՇ-ի համամասնական ցուցակը հայտնի չէ: Այն պարզ կդառնա միայն այսօր (հիշեցնենք, որ ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները ԿԸՀ պետք է ներկայացնեն այսօր մինչեւ 18:00-ն):
Մի բան հստակ է. ցուցակում լինելու են 60-ից ավելի մարդկանց անուններ, անակնկալներ չեն լինելու, իսկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ չի առաջադրվելու: Այս մասին երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ՀՀՇ-ականներից ոմանք կառաջադրվեն նաեւ մեծամասնական ընտրակարգով: «Ցանկանում ենք, որ տվյալ ընտրատարածքում մրցակցությունն ընթանա ընդդիմության եւ իշխանական ուժերի միջեւ, հետեւաբար՝ ճշտում ենք, որ այդտեղ ընդդիմադիր թեկնածուներ չլինեն»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը: Կոնկրետ Ա. Զուրաբյանը հակված է առաջադրվել նաեւ մեծամասնական ընտրակարգով: Սակայն, ինչպես նշվեց, ամեն բան պարզ կդառնա այսօր՝ ՀՀՇ վարչության նիստից հետո: Վերը նշված ֆորմատով դաշինք կազմելու գործողությունների ձախողման մասին պրն Զուրաբյանը նշեց, թե «մի պահ կար, որ համոզված էինք, որ ամեն ինչ կստացվի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ»: Նրա խոսքերով՝ փոքրիկ անհամաձայնության հարց կար «Ժառանգություն» եւ ԱԺՄ կուսակցությունների մոտեցումներում, սակայն դա հաղթահարելի էր: Իսկ թե ինչը խանգարեց, որ դա հաղթահարվի, Ա. Զուրաբյանը չասաց: «Վերջնական քննարկումների նախավերջին օրն արդեն իսկ որոշակի համաձայնության մթնոլորտը ձեւավորված էր: Մի պահ կար, որ բոլորիս թվում էր, թե պրոցեսն իր վերջնական ընթացքը կստանա: Եթե այդ դաշինքը կայանար, դա կլիներ ամենալուրջ քաղաքական միավորը»,- նշեց ՀՀՇ վարչության նախագահը: Ըստ նրա, ՀՀՇ-ն ամեն ինչ արել է, որպեսզի կայանա վերոնշյալ նախընտրական դաշինքը: Նա վստահեցրեց, որ ՀՀՇ-ն բացասական դերակատարում չի ունեցել այդ գործընթացում, եւ որեւէ անընդունելի առաջարկ առաջ չի քաշել: Ա. Զուրաբյանն այդ բանակցությունները կարեւորեց նաեւ այն առումով, որ դրանում ընդգրկված էին ՀՀՇ-ն եւ ԱԺՄ-ն: ՀՀՇ-ն համագործակցության կոչ է արել նաեւ «Այլընտրանք» նախաձեռնությանն ու նոր գրանցված «Իմպիչմենտ» դաշինքին: «Էական չէ, թե այդ ցուցակում ես կլինեի 200-րդ, թե՞ որ տեղում, պարզապես մեր միասնաբար գնալը շատ ավելին էր, քան խորհրդարան մտնելը»,- նշեց Ա. Զուրաբյանը: «Այն, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտի զգալի հատվածն իշխանությունների հետ որոշակի շփումների եւ կախվածության մեջ է, երեւի թե ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այլ բան է, որ իշխանությունները փորձելու են վերջնական արդյունքում ձեւակերպումներ, գրառումներ անել այնպես, ինչպես իրենք սովոր են եւ միշտ արել են, այս պարագայում ես կարծում եմ՝ ռեալ ընդդիմությունը կարող է միավորվել, դուրս գալ միտինգային պայքարի, փորձել թույլ չտալ, որ արդյունքները կեղծեն եւ ընդհանրապես մայիսի 12-ին հաջորդող գործընթացներին շատ ակտիվ մասնակցություն ունենալ: Այսինքն՝ հարցը հետեւյալն է, որ ինչ-որ մի պահի ընդդիմությունը միավորման գնալու պարտավորված է լինելու: Իհարկե, լավ կլիներ, որ դա լիներ նախընտրական շրջանում, սակայն, կարծում եմ եւ չեմ բացառում, որ դա հնարավոր է նաեւ հետո»,- նշեց Ա. Զուրաբյանը: Վերջինիս համոզմամբ՝ այսօր իշխանությունների կողմից խոստումներ ստացած բազմաթիվ քաղաքական ուժեր իշխանությունների կողմից կգիտակցեն, որ իրենք սխալ են եղել եւ դրանից հետո նրանց մոտ էլ կառաջանա «ընդվզելու որոշակի տրամադրություն»: Իսկ իշխանությունը, ըստ ՀՀՇ վարչության նախագահի, չի կարող «չքցել», որովհետեւ խոստում է տալիս շատ ավելի մեծ քանակով ուժերի, քան կարող է տեղավորել ԱԺ-ում: Արարատ Զուրաբյանն այն կարծիքին է, որ «պայքարի հիմնական մասը լինելու է փողոցում»: