Բերքահավաքը՝ հունիսին

03/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ Մատենադարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության երկրորդ հանրահավաքը: Հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցում էին 1000-1200 անձինք, որոնց թվում կային նաեւ ՀՀՇ, «Հանրապետություն», ԱԺԴ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ:

Ինչպես եւ նախորդ անգամ, այս անգամ եւս բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել էին նախապես իրենց եթերում վճարովի հիմունքով տեղադրել հանրահավաքի մասին տեղեկացնող 20 վայրկյան տեւողությամբ հոլովակները: Իսկ TV5 հեռուստաընկերությունն էլ պատասխանել էր, թե իրենք հանրահավաքի մասին պատմող ռեպորտաժ կպատրաստեն: Հանրահավաքի ելույթների առանցքն իմպիչմենտի գաղափարն էր: Ինչպես հայտնի է, «Իմպիչմենտ» անունով դաշինք ձեւավորելու առաջարկը հնչել էր «Այլընտրանքի» նախորդ հանրահավաքի ժամանակ: Հայտնի է նաեւ, ԿԸՀ-ն արդեն գրանցել է «Իմպիչմենտ» դաշինքը, որի մաս են կազմում «Ժողովրդավարական Հայրենիք» եւ Պահպանողական կուսակցությունները: Դաշինքի համամասնական ցուցակը կհրապարակվի այսօր: Ըստ «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ Վահագն Խաչատրյանի, իմպիչմենտի գաղափարը դարձավ այն լակմուսի թուղթը, որ ակնհայտ դարձրեց, թե ով է իրականում Ռոբերտ Քոչարյանի խամաճիկ եւ ով՝ ընդդիմադիր: Ըստ «Այլընտրանքի», հանրությունը քաղաքական ուժերին պետք է պարտադրի խորհրդարանի ընտրությանը գնալ իմպիչմենտի նպատակով, թեկուզ առանձին-առանձին, բայց իմպիչմենտի նպատակով: Իր ելույթում նախաձեռնող խմբի անդամ Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, թե «առանց ապօրինի վարչակարգի հեռացման չի կարող լուծվել որեւէ սոցիալական, քաղաքական, տնտեսական խնդիր», եւ այդ պատճառով էլ առաջնայինը դառնում է իմպիչմենտը: Ըստ նրա, ով իմպիչմենտի գաղափարն առաջ չի քաշում, «ուրեմն՝ Քոչարյանի հետ բազարի մեջ է»: Ըստ նրա, ով կողմ է իմպիչմենտին, նա կողմ է Հայաստանի ապագային, իսկ «դոդ-դոդ խոսողներն իրականում Քոչարյանին են սատարում»: «Իմպիչմենտի» շրջանակում առաջարկվել էր միավորվել Ստեփան Դեմիրճյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Արտաշես Գեղամյանին ու Արթուր Բաղդասարյանին: «Անցած շաբաթ մեր հանդիպումների ընթացքում մենք ընդդիմադիր գործիչներին կոչ էինք անում միավորվել եւ, միեւնույն ժամանակ, պատրաստակամություն էինք հայտնում ծառայել նրանց՝ չընդգրկվել համամասնական ընդհանուր ցուցակում: Դա` միայն մեկ նպատակով, որպեսզի իրենք միավորվեն եւ մեկ ճակատով դիմագրավեն սպասվող կեղծիքներին,- հայտարարեց Արամազդ Ղալամքարյանը եւ հավելեց,- ցավոք պետք է նշեմ, որ ավանդական ընդդիմությունը նոր սերնդի ձայնին չանսաց: Նշածս գործիչներից ոչ ոք գործնական որեւէ քայլ չարեց որպեսզի այդ միավորումը կայանա»: Հավաքվածներին առաջարկվեց «լակմուսի թուղթ»՝ նախընտրական շրջանում պատգամավորության թեկնածուներին բացահայտելու համար: Վահագն Խաչատրյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց իրենց քարոզող թեկնածուներին ուղղել մեկ հարց. իմպիչմենտին կո՞ղմ են, թե՞ դեմ: «Եթե նա չի ընդունի իմպիչմենտի գաղափարը, ուրեմն խորհրդարան է գնում այլ բանի համար: Դա ընդունեք որպես ստուգողական հարց»,- նշեց նա: Իսկ «Այլընտրանքի» ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը ներկայացրեց ԵԱՀԿ դիտորդներին ուղղված առաջարկներ: Մինչ դիտորդներին ուղղված նամակի առաջարկներին անցնելը, «Այլընտրանքը» հիշեցրեց նախորդ ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի մասին: Ըստ «Այլընտրանքի», այդ ընթացքում ԵԱՀԿ դիտորդների պահվածքը եւ գնահատականները հայ հասարակությանը հիմք են տվել կասկածել միջազգային կառույցների անաչառության վրա, ինչի գագաթնակետը Սահմանադրության հանրաքվեին նրանց տված գնահատականն էր: Նամակի հեղինակների կարծիքով՝ դա ուղղակի ազդում է Հայաստանում ունեցած միջազգային հանրության վարկանիշի վրա, եւ որպեսզի այդ պահվածքը չկրկնվի եւ արեւմտյան ժողովրդավարության ներկայացուցիչների վարկանիշն էլ ավելի անկում չապրի, «Այլընտրանքը» դիտորդներին ներկայացնում է գործողությունների առաջարկ: «Քվեարկության օրը դիտորդական առաքելություն իրականացնելիս ոչ թե շրջագայել, այլ դիտորդների քանակով պայմանավորված, որոշակի տեղամասերում հետեւել գործընթացին սկզբից մինչեւ վերջ՝ ներկա լինելով քվեարկությանը նախորդող հանձնաժողովի նիստին, երբ վիճակահանությամբ որոշում են հանձնաժողովի անդամներին, պարտականությունները, քվեարկության ողջ ընթացքին, ընտրությունների արդյունքի ամփոփմանը եւ մուտքագրմանը ԿԸՀ-ում»,- ասված է առաջարկություն-նամակի մեջ: «Այլընտրանքը» դիտորդական առաքելություններին առաջարկում է մասնավոր հեռուստաընկերությունների եթերում գնել հեռուստաժամ, եւ բազմակարծություն ապահովելու համար այն տրամադրել իշխանականից տարբեր տեսակետ ունեցող քաղաքական ուժերին: Իսկ «Այլընտրանքի» նախաձեռնող խմբի անդամ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «փաթեթային իմպիչմենտի մասին»՝ իմպիչմենտ իշխանությանը, օլիգարխիային, Հայաստանում իշխող մտածողությանը, «իմպիչմենտ այն նախագահին, որ վերարտադրությամբ փորձում են դնել նախագահի աթոռին»: «Իմպիչմենտ բոլորին: Նրանց, ովքեր այսօր Հայաստանը փորձում են դարձնել հպատակների երկիր: Մենք նրանց ենթարկելու ենք իմպիչմենտի»,- նշեց նա: Իսկ հանրահավաքի մասնակիցների սակավությունը Ն. Փաշինյանը բացատրեց հետեւյալ կերպ. «Մանանեխի հատիկն ամենափոքրն է սերմերից, բայց նրանից դուրս են գալիս այնպիսի ճյուղեր, որոնց վրա օթեւանում են երկնքի թռչունները: Մանանեխի հատիկն ամենափոքրն է, կարտոֆիլի հատիկն` ամենամեծը: Կարտոֆիլի հատիկից դուրս եկած ճյուղերի վրա միայն կոլորադյան բզեզներ կարող են օթեւանել, եւ մենք տեսնում ենք՝ ինչպես են այդ կոլորադյան բզեզները վրա տվել դեռ չծլած հատիկին: Ձեր կարտոշկան չի ծլելու, իսկ մեր բերքն առատ է լինելու, մեր բերքահավաքը հունիսին է լինելու: Եվ այդ բերքը կոչվելու է Ազատ Հայաստան»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: «Այլընտրանքի» հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 9-ին, ժամը 17-ին՝ Մատենադարանի հարակից հրապարակում: